Իրանը եւ Հայաստանը պատրաստ են երկու երկրների միջեւ կապերի ընդլայնմանն ու խորացմանը.Արմենպրես

12/11/2012

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանի եւ Երեւանի միջեւ կապերի ընդլայնումը  կօգնի տարածաշրջանային երկրների միջեւ համագործակցության ամրապնդմանը: Ինչպես տեղեկացնում է  «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական IRNA գործակալությունը, այս մասին Լարիջանին ասել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ նոյեմբերի 11-ին տեղի ունեցած թեհրանյան հանդիպման ժամանակ: Խորհրդարանի խոսնակը նաեւ կոչ է արել, որպեսզի երկու երկրները հետագայում համագործակցեն դատական համակարգում:

 ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել է, որ Երեւանի եւ Թեհրանի միջեւ երկկողմ հարաբերությունները պետք է առանցքային մոդել համարվեն Մերձավոր Արեւելքում: «Երկու երկրների առաջնորդները վճռական են տրամադրված` զարգացնելու համագործակցությունը տարբեր ոլորտներում»,-նշել է Թովմասյանը:

 ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նաեւ հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Սեյեդ Մորտեզա Բախտիարիի հետ, ով վերահաստատել է Հայաստանի եւ Իրանի միջեւ գոյություն ունեցող լավ եւ ջերմ հարաբերությունները: Իրանցի նախարարն ընդգծել է նաեւ, որ որեւէ սահմանափակում գոյություն չունի պաշտոնական Երեւանի հետ Թեհրանի կապերի հետագա ամրապնդման գործում: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոյեմբերի 12-ին Բախտիարին եւ Թովմասյանը պետք է ստորագրեն հանցագործների արտահանձման վերաբերյալ համաձայնագրեր: ԻԻՀ արդարադատության փոխնախարարը նշել է, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ նման համաձայնագիր առաջին անգամ է ստորագրվում` ավելացնելով, որ համաձայնագիրը նախատեսում  է 12 իրանցի բանտարկյալների արտահանձնումը Հայաստանից Իրան, որտեղ նրանք շարունակելու են իրենց ազատազրկումը: Խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին Հայաստանի եւ Իրանի արդարադատության նախարարների միջեւ երկու համաձայնագրերի ստորագրումն արդյունավետ քայլ է համարել:

Իրանը գրեթե 20 նման համաձայնագրեր է ստորագրել տարբեր երկրների հետ, եւս 30-ը նախատեսվում է ստորագրել այլ երկրների հետ: