ՀՀ արդարադատության նախարարության կայքը մեծ առաջընթաց է գրանցել՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը. Արմենպրես

03/12/2012

  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ավարտել է պետական կայքերի միջև անցկացրած մշտադիտարկման արդյունքների ամփոփումը: Այն անցկացվել է օգոստոսի 1-ից նոյեմբերի 1-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ինչպես դեկտեմբերի 3-ին հրավիրված ասուլիսում ասաց կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, մշտադիտարկումն իրականացվում է տարին երկու անգամ: «Մոնիթորինգը ստիպում է կառույցներին ավելի ուշադիր լինել, ինֆորմացիայով հարուստ կայքեր պատրաստել, ինչպես նաև մրցակցել միմյանց հետ»,-ասաց Մելիքյանը:

 

Այս տարի ուսումնասիրվել է 52 պետական գերատեսչությունների կայք: Առաջին խմբում էին  նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների, գերտեսչությունների կայքերը: Երկրորդ խմբի մեջ են եղել ՀՀ մարզպետարանները, իսկ երրորդ խմբի կայքերն են` ՀՀ նախագահի, Ազգային ժողովի, ՀՀ դատախազության, Երևանի քաղաքապետարանի, ՄԻՊ-ի կայքերը:

 

«Այս մոնիթորինգի արդյունքում նկատելի տարբերություն կա: Պետական կայքերից մի քանիսը բարելավել են իրենց որակները, իսկ մի քանիսն էլ` սպասվածից ավելի շատ են առաջադիմել: Նրանք հաշվի են առել մեր մոնիթորինգի վերջին վերլուծությունները և մրցակցել են իրար հետ»,-նշեց բանախոսը: Մշտադիտարկմանը ներգրավված 52 կայքերից 25-ը բարելավվել են իրենց որակը: Նկատելիորեն բարձրացել են մարզպետարանների ցուցանիշները:

 

Աշոտ Մելիքյանը տեղեկացրեց, որ առաջին խմբի առաջին հորիզոնականը գրավել է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը, որը նաև անցյալ տարվա առաջատարն էր: Երկրորդ հորիզոնականում ՀՀ արդարադատության նախարարությունն էր, որը մեծ առաջընթաց է արձանագրել: Երրորդ հորիզոնականում ՀՀ տարածքային նախարարության Միգրացիոն պետական ծառայությունն է, որն անցյալ տարի չի հետազոտվել: «Առաջընթաց է գրանցել նաև ՀՀ ոստիկանության կայքը: Անցյալ տարի այն վերջին հորիզոնականներում էր, այժմ ռեյտինգային աղյուսակի միջնամասում է `18-րդ հորիզոնականում»,-ընդգծեց Մելիքյանը: Մշտադիտարկման ենթարկված կայքերից ոչ բավարար արդյունքներ է գրանցել հատկապես Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կայքը:

 

Կոմիտեն արձանագրել է նաև առաջատարների թերություններն ու բացթողումները, որոնք պետք է շտկել: «Տարածքային կառավարման նախարարության կայքում տարեկան բյուջեի մասին տեղեկությունները բացակայում են, անհրաժեշտ է իմանալ` որքանով են թափանցիկ ծախսվում պետբյուջեից տրամադրված գումարները: Թափուր աշխատատեղերի մասին ևս բաժին չկան: Բացակայում է նաև դժգոհությունների և առաջարկությունների բաժինը»,-ասաց կոմիտեի նախագահը: ՀՀ արդարադատության նախարարության կայքում էլ բացակայում են խորհրդատվական և անցկացված ստուգումների արդյունքների մասին բաժինները:

 

Երկրորդ` մարզպետարանների խմբում առաջատարներն են Սյունիքի, Լոռու և Արմավիրի մարզպետարանների կայքերը: «Արմավիրի մարզը նախորդ տարի առաջատարն էր, բայց այս տարի զբաղեցրեց երրորդ հորիզոնականը: Չորրորդ տեղում է Վայոց ձորի մարզպետարանի կայքը»,-ավելացրեց բանախոսը: Երրորդ խմբում աչքի են ընկնում ՀՀ դատախազության և Ազգային ժողովի կայքերը:

Կոմիտեի նախագահի խոսքով` մշտադիտարկումները մրցակցություն է ստեղծում, ինչը միայն դրական ազդեցություն է ունենում կայքերի բարելավման վրա: