Արդարադատության նախարարը Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ քննարկել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի նախագիծը

22/11/2016

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Վենետիկի հանձնաժողովի փորձագետներ Յասնա Օմեժեկին, Տանյա Գերվինին ու Բոգդան Աուրեսկուին և քննարկել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի նախագծին վերաբերող մի շարք  դրույթներ:

 Արփինե Հովհաննիսյանը ողջունել է փորձագետների այցը Հայաստան և ընդգծել պարբերական բնույթ ստացած երկուստեք հանդիպումների օգտակարությունն ու կարևորությունը: 

 Նախարարը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը սահմանադրական հանրաքվեից հետո թևակոխել է օրենսդրական բարեփոխումների չափազանց կարևոր փուլ, որի բաղկացուցիչներն են սահմանադրական օրենքները. դրանցից երկուսի՝ «Կուսակցությունների մասին» և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ նախատեսվում են ստանալ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի խորհրդատվական եզրակացությունները: Արփինե Հովհաննիսյանը Վենետիկի հանձնաժողովի փորձագետներին է ներկայացրել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները և նշել, որ դրանց անհրաժեշտությունն ի հայտ է եկել գործող օրենքի կիրառման ժամանակ:

 Հանդիպման ավարտին նախարարը պատասխանել է փորձագետներին հետաքրքրող հարցերին ու լսել նախագծի մի շարք դրույթների վերաբերյալ վերջիններիս առաջարկները: