Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդներն ու մահափորձի ենթարկված Հայկ Մակուչյանի ներկայացուցիչները անհատական գանգատ են ներկայացրել ՄԻԵԴ՝ Ադրբեջանի և Հունգարիայի դեմ

01/03/2013

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալներ Ռուբեն Մելիքյանն ու Եղիշե Կիրակոսյանն այսօր ՀՀ արդարադատության նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ պարզաբանեցին Բուդապեշտում սպանված ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների ու մահափորձի ենթարկված ՀՀ զինված ուժերի սպա Հայկ Մակուչյանի ներկայացուցիչների՝  Ադրբեջանի և Հունգարիայի դեմ ՄԻԵԴ-ին ներկայացրած անհատական գանգատի վերաբերյալ տեղեկատվությունն ու պատասխանեցին լրագրողների հարցերին: 

 Գանգատում պահանջվում է ճանաչել, որ Հունգարիայի կողմից Ադրբեջանին մարդասպան Ռամիլ Սաֆարովի փոխանցումը և Ադրբեջանի կողմից նրա հետագա ներումը, ըստ էության արդարացումը և հերոսացումը խախտում է ՄԻԵԿ 2-րդ հոդվածով (կյանքի իրավունք) և 14-րդ հոդվածով (խտրականության արգելք) ամրագրված հիմնարար իրավունքները:  Փաստաբանական խմբի մեջ ներառված են տեղական և միջազգային հեղինակավոր մասնագետներ Սիրանուշ Սահակյանը, Նարինե Գասպարյանը,  Հունգարիայում ընթացած դատավարությանը Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերը ներկայացնող փաստաբան Նազելի Վարդանյանը և օտարերկրյա փաստաբաններ:

 Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության Կոնվենցիայի պահանջներին պամապատասխան Հայաստանի Հանրապետությունը վարույթին ներգրավվելու է որպես երրորդ կողմ:

 Միաժամանակ, 2012թ. հոկտեմբերի 9-ին ՀՀ արդարադատության նախարարության կողմից ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով Քրեական ոլորտում համագործակցության վերաբերյալ ԵԽ Կոնվենցիաների կիրարկման հարցերով փորձագիտական խմբին (PC-OC) ներկայացվել է դիմում, որով պահանջվում է քննարկել 1983թ. Դատապարտյալների փոխանցման մասին Ստրասբուրգի Կոնվենցիայի 12-րդ հոդվածի (համաներում և ներում շնորհելու իրավունք վերապահող)՝ Ադրբեջանի կողմից կիրառման իրավաչափությունը միջազգային իրավունքի տեսանկյունից: Նշված մարմինը հանդիսանում է Ստրասբուրգի Կոնվենցիայի դրույթների կիրառման վերաբերյալ առկա տարաձայնությունները քննելու իրավասություն ունեցող Քրեական խնդիրներով եվրոպական կոմիտեի (CDPC) փորձագիտական ենթակոմիտեն:

 Բացի այդ, ՀՀ արդարադատության նախարարությունը ստեղծել է աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկված են նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանն ու Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի հիմնադիր, մնջազգային իրավունքի փորձագետ Լևոն Գևորգյանը: Նշված խումբը նախատրաստում է դիմում, որը ներկայացվելու է ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման Կոմիտե: Այն ստեղծվել է 1965թ. Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի Կոնվենցիայի հիման վրա: Դիմումը կոմիտեին է ներկայացվելու Կոնվենցիայի 11-րդ հոդվածի հիման վրա: Խտրականության դեմ Կոմիտեի ուշադրությանն են ներկայացվելու Ադրբեջանի կողմից իրականացված հակահայկական խտրականության քաղաքականությունը և ընդհանրապես հայերի նկատմամբ ատելության քարոզումը Ադրբեջանում:

 Հայաստանի Հանրապետությունը համոզված է, որ մարդասպան Ռամիլ Սաֆարովի փոխանցումը և Ադրբեջանի Նախագահի կողմից նրա հետագա ներումը, ըստ էության արդարացումը և հերոսացումը միջազգային իրավունքի կոպտագույն ոտնահարում է, և այդ հիմքով ձեռնարկվել և ձեռնարկվելու են բոլոր հնարավոր քայլերը այդ համոզմունքը իրավասու և հեղինակավոր միջազգային ատյանների կողմից որպես փաստ ամրագրելու և խախտված իրավունքները միջազգային իրավունքով սահմանված հնարավորությունների չափով վերականգնելու համար:

 Վարույթի հետագա ընթացքի մասին ՀՀ արդարադատության նախարարությունը պարբարեբար կներկայացնի անհրաժեշտ տեղեկատվություն: