Դեպի վեր

26/05/2011

ՀՀ կառավարության որոշումը քաղաքացիական կացության ակտերի վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ աշխատանքի եվ սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրելու կարգը հաստատելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մայիսի 2011 թվականի N 723-Ն

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի հասցեականությունը և ոլորտի տեղեկատվական համակարգերում ներառված տեղեկատվության հավաստիությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել քաղաքացիական կացության ակտերի վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` ապահովել օտարերկրյա պետության համապատասխան մարմնից ստացված` Հայաստանի Հանրապետության քաղաքացու մահվան մասին տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը ոչ պաշտոնական թարգմանությամբ տրամադրելը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. հունիսի 1
Երևան

 

 

 

 Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

 մայիսի 26-ի N 723-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են քաղաքացիական կացության ակտերի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև 16 տարեկանը չլրացած անձանց տրված ծննդյան վկայականների կրկնօրինակների (նոր ծննդյան վկայականների) վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը (այսուհետ` նախարարություն) տրամադրող մարմինները և տրամադրվող տվյալները:

2. Նախարարությանը տեղեկատվություն է տրամադրվում քաղաքացիական կացության հետևյալ ակտերի վերաբերյալ՝

1) ծնունդ.

2) մահ:

3. Նախարարությանը սույն կարգի 2-րդ կետով նախատեսված քաղաքացիական կացության ակտերի, ինչպես նաև 16 տարեկանը չլրացած անձանց տրված ծննդյան վկայականների կրկնօրինակների (նոր ծննդյան վկայականների) վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրում՝

1) Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական կացության ակտի պետական գրանցում կատարած, 16 տարեկանը չլրացած անձանց ծննդյան վկայականի կրկնօրինակ կամ նոր ծննդյան վկայական տված մարմինը (այսուհետ` ՔԿԱԳ մարմին),

2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը` եթե օտարերկրյա պետությունում ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացու քաղաքացիական կացության ակտի պետական գրանցումը կատարել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը (այսուհետ` հյուպատոսական հիմնարկ), ինչպես նաև օտարերկրյա պետությունում ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացու մահվան վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով տեղեկատվություն է ստացվել օտարերկրյա պետության համապատասխան մարմնից:

4. Ծննդյան պետական գրանցման դեպքում ՔԿԱԳ մարմինը (սույն կարգով սահմանված դեպքում` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը) նախարարությանն է տրամադրում՝

1) երեխայի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), սեռը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդյան վկայականի սերիան և համարը.

2) երեխայի մոր անունը, ազգանունը, հայրանունը.

3) երեխայի հոր անունը, ազգանունը, հայրանունը, իսկ ծննդյան ակտի գրառման մեջ երեխայի հոր մասին տեղեկություններ լրացված չլինելու կամ հոր մասին տեղեկությունները երեխայի մոր գրավոր հայտարարության հիման վրա լրացված լինելու դեպքում` նշում դրա մասին: Գտնված (ընկեցիկ) երեխայի ծննդյան պետական գրանցման դեպքում սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված տվյալների փոխարեն նշում է կատարվում երեխայի գտնված (ընկեցիկ) լինելու մասին:

5. Մահվան պետական գրանցման դեպքում ՔԿԱԳ մարմինը (սույն կարգով սահմանված դեպքում` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը) նախարարությանն է տրամադրում մահացած անձին վերաբերող հետևյալ տվյալները`

1) անունը, ազգանունը, հայրանունը.

2) անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը.

3) սեռը.

4) քաղաքացիությունը.

5) բնակության վայրի հասցեն.

6) մահվան օրը, ամիսը, տարեթիվը.

7) մահվան վկայականի սերիան և համարը.

8) մահվան ակտի գրառման օրը, ամիսը, տարեթիվը.

9) մահվան պետական գրանցման հիմքը:

6. Օտարերկրյա պետությունում ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացու մահվան վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով օտարերկրյա պետության համապատասխան մարմնից տեղեկատվություն ստանալու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը նախարարությանն է տրամադրում մահացած անձին վերաբերող` սույն կարգի 5-րդ կետում նշված այն տվյալները, որոնք առկա են ստացված տեղեկատվության մեջ:

7. 16 տարեկանը չլրացած անձին ծննդյան վկայականի կրկնօրինակ տալու դեպքում ՔԿԱԳ մարմինը (սույն կարգով սահմանված դեպքում` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը) նախարարությանն է տրամադրում`

1) նախկին և նոր տրված ծննդյան վկայականների սերիաներն ու համարները.

2) երեխայի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), սեռը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը:

8. 16 տարեկանը չլրացած անձին նոր ծննդյան վկայական տալու դեպքում ՔԿԱԳ մարմինը (սույն կարգով սահմանված դեպքում` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը) նախարարությանն է տրամադրում`

1) նախկին և նոր տրված ծննդյան վկայականների սերիաներն ու համարները.

2) երեխայի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), սեռը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը` ըստ նոր ծննդյան վկայականի.

3) ծննդյան վկայականում ուղղված, լրացված կամ փոփոխված տվյալը:

9. ՔԿԱԳ մարմինը (սույն կարգով սահմանված դեպքում` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը) տվյալները տրամադրում է էլեկտրոնային եղանակով:

10. Սույն կարգով սահմանված տվյալներում անճշտությունների առկայության դեպքում նախարարությունը դրա մասին տեղեկացնում է տվյալները տրամադրողին: Տվյալները նախարարությանը տրամադրելու, տվյալներում առկա անճշտությունները ճշտելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի համատեղ հրամանով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն