Դեպի վեր

13/07/2006

ՀՀ կառավարության որոշումը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կարգապահական կանոնակարգը հաստատելու մասին


«Վավերացնում եմ» 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 հուլիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հուլիսի 2006 թվականի N 999-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կարգապահական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հուլիսի 19
Երևան


 

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հուլիսի 13-ի N 999-Ն որոշման

   


 
Կ Ա Ր Գ Ա Պ Ա Հ Ա Կ Ա Ն  Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում (այսուհետ` քրեակատարողական ծառայություն) ծառայողական կարգապահությունն ապահովվում է օրինականության, մարդու իրավունքների և ազատությունների հարգման, հրապարակայնության, ծառայության դիմաց արդար հատուցման, ծառայության արդյունքների, ունակությունների և որակավորման չափանիշներով ծառայողական առաջխաղացման, խրախուսման, կարգապահական պատասխանատվության անխուսափելիության և անհատականացման, քրեակատարողական ծառայողների իրավական և բարոյական սկզբունքների հիման վրա:

2. Ծառայողական կարգապահությունը քրեակատարողական ծառայողների կողմից Հայաստանի Հանրապետության օրենքներով, նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված պարտականությունների խստիվ և ճշգրիտ պահպանումը, կատարումը և իրավասությունների իրականացումն է:

3. Քրեակատարողական ծառայությունում կարգապահությունը հիմնվում է յուրաքանչյուր ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման և համընդհանուր կանոնների պահպանման համար անձնական պատասխանատվության գիտակցման, ինչպես նաև իր ղեկավարների լիազորությունների շրջանակներում տրված հրամանների (հրահանգների, կարգադրությունների) ճիշտ և ժամանակին կատարման վրա:

4. Քրեակատարողական ծառայությունում կարգապահությունը ձեռք է բերվում ղեկավարների խստապահանջությամբ` հարգելով ենթակաների արժանապատվությունը, խրախուսման, համոզման և հարկադրանքի միջոցների զուգորդմամբ, ենթակաների նկատմամբ մշտական հոգատարությամբ:

5. Միմյանց ենթակայության տակ չգտնվող քրեակատարողական ծառայողների ծառայողական պարտականությունները համատեղ կատարելիս ծառայողական փոխհարաբերությունները, ինչպես նաև ավագությունը որոշվում է համաձայն նրանց պաշտոնների, իսկ հավասար պաշտոնների դեպքում` ըստ կոչումների:

6. Կարգապահությունը պարտավորեցնում է յուրաքանչյուր քրեակատարողական ծառայողի`

ա) հավատարիմ լինել քրեակատարողական ծառայողի երդմանը, խստորեն պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները.

բ) ծառայողական պարտքը կատարել հմտորեն և արիաբար, դատապարտյալների և կալանավորված անձանց նկատմամբ ցուցաբերել մարդասիրական վերաբերմունք, չնվաստացնել նրանց արժանապատվությունը.

գ) աննկուն կրել ծառայության դժվարությունները.

դ) լինել զգոն, խստորեն պահպանել ծառայողական և պետական գաղտնիքները.

ե) ցանկացած իրավիճակում պահպանել անձնական արժանապատվությունը, բարձր պահել պատիվը, լինել ազնիվ.

զ) օրենքով նախատեսված լիազորություններն իրականացնելիս զերծ մնալ հասարակական կարծիքի ազդեցությունից և իր գործողությունների համար քննադատվելու մտավախությունից.

է) հանուն անձնական կամ այլ անձանց շահերի չնսեմացնել քրեակատարողական ծառայության և ծառայողի վարկը.

ը) աջակցել իր ղեկավարին կարգապահության ամրապնդման հարցում, հարգանքով վերաբերվել նրանց և կոչումով ավագներին.

թ) կատարելագործել մասնագիտական կարողունակությունները.

ժ) իմանալ և հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները, ցուցաբերել զսպվածություն, քաղաքակիրթ, վայելուչ և հարգալից վերաբերմունք բոլորի նկատմամբ.

ժա) ձեռնպահ մնալ ֆինանսական, գործնական, անձնական այնպիսի կապերի հաստատումից, որոնք կարող են խախտել նրա անաչառությունը, խոչընդոտել ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը.

ժբ) անհարկի չընդգծել իր պաշտոնական դիրքը.

ժգ) ղեկավարվել պատվի, խղճի և արժանապատվության զգացումներով.

ժդ) իր վարքով նպաստել հասարակության կողմից քրեակատարողական ծառայության վերաբերյալ ազնվության և օրինականության համոզմունքի ձևավորմանն ու պահպանմանը:

II. ՂԵԿԱՎԱՐԻ ԴԵՐԸ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

7. Քրեակատարողական ծառայության կարգապահական կանոնակարգի ամրապնդման և պահպանման գործում ղեկավարը պետք է`

ա) մշտապես օրինակ ծառայի ենթակաների համար, նպաստի վերջիններիս պատվի, արժանապատվության և ծառայողական պարտքի զգացման բարձրացմանը, խրախուսի արժանիներին և պատասխանատվության ենթարկի կարգազանցներին.

բ) հատուկ ուշադրություն դարձնի ենթակաների անհատական հատկանիշների ուսումնասիրմանը, իրավական ակտերով սահմանված փոխհարաբերությունների պահպանմանը, անձնակազմի համախմբմանը, ժամանակին հայտնաբերի ենթակաների կատարած կարգապահական խախտումների պատճառները, ձեռնարկի կանխարգելիչ միջոցառումներ:

8. Կարգուկանոն հաստատելու և կարգազանց ենթակային կարգապահական տույժի ենթարկելու համար համապատասխան միջոցառումներ չձեռնարկելու դեպքում ղեկավարը պատասխանատվություն է կրում դրա համար` օրենքով սահմանված կարգով:

9. Ղեկավարը պարտավոր է հարգել ենթակաների պատիվն ու արժանապատվությունը և բացառել նրանց հետապնդումներն անձնական բնույթի շարժառիթներով:

10. Ղեկավարի գրավոր հրամանով հայտարարված ժամանակավոր պաշտոնակատարն օգտվում է այդ պաշտոնի համար սույն կանոնակարգով նախատեսված իրավունքներից և կատարում պարտականությունները:

III. ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԻ ԶԵԿՈՒՑԱԳԻՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

11. Քրեակատարողական ծառայողին հրամաններ տալու սահմանափակումները սահմանվում են «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածով:

12. Յուրաքանչյուր քրեակատարողական ծառայող իր նկատմամբ այլ ծառայողների կողմից անօրինական և անարդար գործողություններ կատարելու մասին իրավունք ունի ներկայացնել զեկուցագիր, որում նշվում են զեկուցագիր գրողի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, կոչումը և բնակության վայրը:

13. Այն ղեկավարը, որի իրավասությունների մեջ չի մտնում զեկուցագրում նշված հարցերի լուծումը, 5-օրյա ժամկետում այն ուղարկում է վերադաս կամ համապատասխան ծառայության ղեկավարին` դրա մասին տեղյակ պահելով զեկուցողին:

Զեկուցագիրը չի ուղարկվում այն ղեկավարի ուսումնասիրությանը, ում գործողությունները կամ որոշումները բողոքարկվել են զեկուցագրում:

14. Այն ղեկավարը, որը կատարել է անօրինական կամ անարդար գործողություններ զեկուցագիր ներկայացրած քրեակատարողական ծառայողի նկատմամբ, ենթակա է կարգապահական պատասխանատվության, եթե նրա գործողությունները չեն առաջացնում վարչական կամ քրեական պատասխանատվություն:

15. Զեկուցագրի մասին որոշումներն ընդունվում են անհապաղ, բայց ոչ ուշ, քան 15 օրում, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող զեկուցագրի մասին որոշումն ընդունվում է մինչև 30 օր ժամկետում:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն