13/02/2003

ՀՀ կառավարության որոշումը «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմակերպելու մասին

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության:

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` ինստիտուտ) «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական հիմնարկի իրավահաջորդն է:

2. Սահմանել, որ ինստիտուտի գործունեության առարկան և նպատակներն են

ա) միջին մասնագիտական, հետբուհական, լրացուցիչ կրթության կազմակերպումը,

բ) մասնագետների վերապատրաստումը, վերաորակավորումը` մասնագիտական որակավորման բարձրացումը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հատուկ ծառայությունների ծառայողների վերապատրաստումն ու հատուկ ուսուցումը,

գ) գիտատեսական և կիրառական հետազոտությունների, փորձագիտական գնահատումները,

դ) միջազգային գիտակրթական համագործակցությանը մասնակցությունը,

ե) տեղեկատվական-վերլուծական նյութերի պատրաստումը:

(2-րդ կետը լրաց. 29.11.07 N 1485-Ն, խմբ. 11.03.10 N 216-Ն)

3. Թույլատրել ինստիտուտին, որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակներ, իրականացնել`

1) միջին մասնագիտական, հետբուհական, լրացուցիչ կրթության կազմակերպում.

2) վերապատրաստում, վերաորակավորում, մասնագիտական որակավորման բարձրացում, հատուկ ուսուցում.

3) ուսուցման կենտրոնների գործունեություն, դասընթացների կազմակերպում.

4) հրատարակչական գործ և արտադրանքի իրացում.

4.1.) տպագրական գործ և ծառայությունների մատուցում այդ բնագավառում.

5) հետազոտություններ ու մշակումներ` հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում:

(3-րդ կետը խմբ. 29.11.07 N 1485-Ն, լրաց. 29.05.08 N 504-Ն)

4. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական հիմնարկի տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող 5831975,37 դրամ հաշվեկշռային արժողությամբ գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել ինստիտուտին:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության տնօրինության` Երևանի Մովսես Խորենացու 162 ա հասցեում գտնվող շինության առաջին հարկից 632.8 քառ. մետր և նկուղային հարկից 70,6 քառ. մետր մակերես ունեցող տարածքը, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի 4480974 դրամ հաշվեկշռային արժողությամբ գույքն ինստիտուտին տրվում են անհատույց օգտագործման իրավունքով` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով` Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

(4-րդ կետը փոփ. 29.05.03 N 648-Ն, 19.01.12 N 50-Ն)

5. Ինստիտուտի կառավարման` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ կետի «գ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:

6. Հաստատել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

7. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին`

ա) մեկամսյա ժամկետում ապահովել ինստիտուտի պետական գրանցումը.

բ) մեկամսյա ժամկետում` հաստատել ինստիտուտին սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող գույքի կազմը` փոխանցման ակտը:

8. Ինստիտուտի վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Լրացուցիչ կրթության ուսուցման գծով պետական պատվեր» ծրագրով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին:

9. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտի կանոնադրությունը հաստատելու մասին» N 899 որոշումը:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

2003 թ. մարտի 13
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
փետրվարի 13-ի N 224-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` ինստիտուտ) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է:

Ինստիտուտն ստեղծված է համարվում նրա` օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:

Ինստիտուտը «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական հիմնարկի իրավահաջորդն է:

2. Ինստիտուտը կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

3. Ինստիտուտը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և իր խնդիրները լուծելու նպատակով առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:

4. Ինստիտուտն այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից կարող է հանդիսանալ միայն հիմնադրի որոշմամբ:

5. Ինստիտուտը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` առնվազն հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

6. Ինստիտուտն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, եկամուտների և ծախսերի նախահաշիվ, բանկային հաշիվ:

7. Ինստիտուտն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող գույքով:

8. Ինստիտուտի անվանումն է`

հայերեն` «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

ռուսերեն` "Юридический институт министерства юстиции Республики Армения" государственная не коммерческая организация.

անգլերեն` Low Institute of the Ministry of Justice of the Republic of Armenia State non Profitable Organizatiօn:

9. Ինստիտուտի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մովսես Խորենացու 162 ա:

 

II. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

10. Ինստիտուտի գործունեության առարկան և նպատակներն են`

ա) միջին մասնագիտական, հետբուհական, լրացուցիչ կրթության իրականացումը,

բ) մասնագետների վերապատրաստումը, վերաորակավորումը` մասնագիտական որակավորման բարձրացումը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հատուկ ծառայությունների ծառայողների վերապատրաստումն ու հատուկ ուսուցումը.

գ) գիտատեսական և կիրառական հետազոտությունների, փորձագիտական գնահատումները,

դ) միջազգային գիտակրթական համագործակցությանը մասնակցությունը,

ե) տեղեկատվական-վերլուծական նյութերի պատրաստումը:

Իր առջև դրված խնդիրներին համապատասխան` ինստիտուտը`

ա) կազմում է ուսումնական պլաններ, առարկայական ծրագրեր և դրանք ներկայացնում կրթության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի հաստատմանը.

բ) սահմանված կարգով ստեղծում է գիտահետազոտական կենտրոններ.

գ) շնորհում է ինստիտուտի պատվավոր կոչումներ, անվանական կրթաթոշակներ, պարգևատրում ինստիտուտի պարգևներով.

դ) մշակում է իրավաբանական կադրերի մասնագիտական որակավորման բարձրացման և վերապատրաստման իրականացման մեթոդիկան.

ե) մշակում է իրավաբանական կադրերի, պետական կառավարման մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավար աշխատողների, համապատասխան մասնագետների որակավորման բարձրացման և մասնագիտական որակավորման ստուգման` ատեստավորման համար անհրաժեշտ նյութեր.

զ) մշակում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կադրերի վերապատրաստման ու վերաորակավորման, ինչպես նաև նրանց ինքնակրթության բարձրացման կազմակերպական մեթոդները.

է) կազմակերպում է իրավաբանական առաջավոր մեթոդների և փորձի ուսումնասիրման ու ներդրման, միջազգային, հանրապետական և այլ գիտաժողովների նախապատրաստման ու անցկացման աշխատանքները.

ը) կազմակերպում է իրավաբանական մասնագիտական գրադարանային ֆոնդի, ուսումնամեթոդական, ձայնատեսադարանների, ֆիլմադարանների ձևավորման ու պահպանման աշխատանքները և սահմանում հսկողություն դրանց կիրառման նկատմամբ.

թ) կնքում է պայմանագրեր Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական ու ֆիզիկական անձանց հետ.

ժ) իր գործունեության նպատակներին համապատասխան կարող է զբաղվել հիմնադրի կողմից թույլատրված ձեռնարկատիրական գործունեության տեսակներով:

Ինստիտուտը, որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակներ, իրականացնում է`

1) միջին մասնագիտական, հետբուհական, լրացուցիչ կրթության կազմակերպում.

2) վերապատրաստում, վերաորակավորում մասնագիտական որակավորման բարձրացում, հատուկ ուսուցում.

3) ուսուցման կենտրոնների գործունեություն, դասընթացների կազմակերպում.

4) հրատարակչական գործ և արտադրանքի իրացում.

4.1.) տպագրական գործ և ծառայությունների մատուցում այդ բնագավառում.

5) հետազոտություններ ու մշակումներ` հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում:

Ինստիտուտը, որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակներ, իրականացնում է`

ա) միջին մասնագիտական կրթություն,

բ) հետազոտություններ ու մշակումներ հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում,

գ) հրատարակչական գործ:

(10-րդ կետը լրաց. 08.02.07 N 117-Ն, խմբ. 29.11.07 N 1485-Ն, լրաց. 29.05.08 N 504-Ն, խմբ. 11.03.10 N 216-Ն)

11. Ինստիտուտը կարող է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա:

 

III. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

12. Ինստիտուտի կառավարումն իրականացնում են հիմնադիրը, տնօրենը, գիտական խորհուրդը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը (այսուհետ` նախարար):

Հիմնադրի որոշմամբ կարող է նախատեսվել նաև կոլեգիալ խորհրդակցական, վերահսկողություն իրականացնող կամ այլ մարմինների (խորհուրդ, տնօրենների խորհուրդ և այլն) ձևավորում:

(12-րդ կետը փոփ. 08.02.07 N 117-Ն)

13. Հիմնադրի բացառիկ լիազորություններն են`

ա) ինստիտուտի հիմնադրումը,

բ) ինստիտուտի գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը,

գ) ինստիտուտի կանոնադրության հաստատումն ու դրա մեջ փոփոխությունների կատարումը,

դ) ինստիտուտի վերակազմակերպումը և լուծարումը,

ե) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը,

զ) ինստիտուտին սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը,

է) ինստիտուտի լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաuտատումը:

(13-րդ կետը լրաց. 08.02.07 N 117-Ն)

14. Նախարարը`

ա) իրականացնում է ինստիտուտի ընդհանուր կառավարումը, ապահովում նրա բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար.

բ) սահմանում է ինստիտուտի կառավարման համակարգը.

գ) սույն կանոնադրությամբ սահմանված կարգով ձևավորում է նրա կառավարման մարմինները և վաղաժամկետ դադարեցնում դրանց լիազորությունները.

դ) («դ» ենթակետն ուժը կորցրել է 08.02.07 N 117-Ն).

ե) իրականացնում է վերահսկողություն ինստիտուտի գործունեության նկատմամբ.

զ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ինստիտուտի գործադիր կամ կոլեգիալ կառավարման մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.

է) լսում է ինստիտուտի գործունեության մասին հաշվետվություններ, քննում դրա գործունեության արդյունքները.

ը) իրականացնում է վերահսկողություն ինստիտուտին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.

թ) օրենքով, հիմնադրի որոշմամբ կամ սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում համաձայնություն է տալիս ինստիտուտի գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.

ժ) («ժ» ենթակետն ուժը կորցրել է 08.02.07 N 117-Ն).

ժա) քննարկում և հաստատում է ինստիտուտի տարեկան ծախսերի նախահաշիվը, տարեկան հաշվեկշիռը, տարեկան ֆինանսական և այլ հաշվետվությունները.

ժբ) իրականացնում է օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

(14-րդ կետը փոփ. 08.02.07 N 117-Ն)

15. Ինստիտուտի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գործադիր մարմինը` ինստիտուտի տնօրենը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է կամ նրա լիազորությունները դադարեցվում են նախարարի կողմից:

Տնօրենն օրենքով, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով, սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է ինստիտուտի գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի կամ լիազորված պետական մարմնի որոշումների, սույն կանոնադրության ու կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

(15-րդ կետը փոփ. 08.02.07 N 117-Ն)

16. Տնօրենը`

ա) առանց լիազորագրի հանդես է գալիս ինստիտուտի անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում գործարքներ,

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի ու լիազորված պետական մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է ինստիտուտի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները,

գ) տալիս է ինստիտուտի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր,

դ) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է ինստիտուտի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ,

ե) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ,

զ) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև,

է) սահմանում է ինստիտուտի կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները,

ը) հաստատում է ինստիտուտի հիմնարկների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունները,

թ) նշանակում է ինստիտուտի հիմնարկների, մասնաճյուղերի ու ներկայացուցչությունների ղեկավարներին և նրանց տալիս համապատասխան լիազորագրեր,

ժ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը,

ժա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և ինստիտուտի կառավարման մյուս մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:

(16-րդ կետը փոփ. 08.02.07 N 117-Ն)

17. Գիտական խորհուրդն ուսումնական, գիտական և գիտատեխնիկական գործունեությունը համակարգող ու կարգավորող կոլեգիալ կառավարման մարմին է:

Ինստիտուտի գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է:

18. Ինստիտուտի գիտական խորհուրդը`

ա) հաստատում է աշխատակարգը,

բ) կրթության պետական կառավարման լիազորված մարմին ներկայացնելու համար սովորողների, ունկնդիրների, հայցորդների, ասպիրանտների ընդունելության կանոնների վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում նախարարին,

գ) նախարարին է ներկայացնում նոր մասնագիտությունների և մասնագիտացումների անվանացանկի, ինչպես նաև նոր մասնագիտություններով կրթական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ առաջարկություններ` կրթության պետական կառավարման լիազորված մարմին ներկայացնելու համար,

դ) իրեն հատկացված ընդունելության ընդհանուր տեղերի թվի սահմաններում, նախարարի համաձայնությամբ, հաստատում է վճարովի հիմունքներով ըստ մասնագիտությունների ընդունելության տեղերը,

ե) հաստատում է ուսումնական պլանները` ըստ մասնագիտությունների,

զ) քննարկում է գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում հաշվետվություններ ու գիտական հաղորդումներ կատարվող կարևորագույն գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների արդյունքների մասին,

է) ընդունում է «Ինստիտուտի պատվավոր դոկտոր», «Ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր», «Ինստիտուտի վաստակավոր պրոֆեսոր», «Ինստիտուտի վաստակավոր գիտաշխատող» կոչումները շնորհելու, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ նշանակելու, կրծքանշանով պարգևատրելու մասին որոշումներ,

ը) իր սահմանած ընթացակարգով իրականացնում է ինստիտուտի ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների և պրոֆեսորների ընտրությունը` փակ գաղտնի քվեարկությամբ,

թ) շնորհում է ինստիտուտի դոցենտի և պրոֆեսորի կոչումներ,

ժ) լուծում է սույն կանոնադրությունից բխող ուսումնական, մեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ հարցեր,

ժա) իրականացնում է օրենքով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

19. Ինստիտուտի գիտական խորհրդի կազմի մեջ մտնում են նախարարը կամ նրա ներկայացուցիչը, գիտական քարտուղարը, ուսումնական մասով ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը, ինստիտուտի մասնաճյուղերի, հիմնարկների, ներկայացուցչությունների ղեկավարները, ֆակուլտետների դեկանները, ինչպես նաև ինստիտուտի այլ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, ինստիտուտի առանձին դասախոսներ և գիտաշխատողներ, գիտության և կրթության առաջատար մասնագետներ:

Ինստիտուտի գիտական խորհրդի անդամների առնվազն 25 տոկոսը պետք է կազմեն սովորողները:

20. Ինստիտուտի գիտական խորհրդի նիստերը գումարվում են յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ:

Ինստիտուտի գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր` նրա անդամների 2/3-ի մասնակցության դեպքում:

21. Ինստիտուտի գիտական խորհրդի որոշումներն ընդունվում են գիտական խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

22. Ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումներն են ֆակուլտետները, ամբիոնները, ուսումնագիտական և գիտահետազոտական կենտրոնները, բաժինները, լաբորատորիաները, գիտաուսումնական գրադարանը և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ:

23. Ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումները գործում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության և ինստիտուտի կանոնադրության հիման վրա:

 

IV. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

24. Ինստիտուտի սեփականությունը ձևավորվում է ինստիտուտի հիմնադրման ժամանակ` հիմնադրման մասին հիմնադրի որոշմամբ սահմանված չափով հանձնված գույքից, հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև ինստիտուտի գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից:

Ինստիտուտի ֆինանսատնտեսական գործունեությունը ենթակա է ֆինանսական վերստուգման (աուդիտի)` լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության ստորաբաժանման կողմից:

Ինստիտուտն իր գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործում է ինքնուրույն` իր կողմից սահմանված կարգով, իր առջև դրված նպատակների իրականացման համար: Ինստիտուտը հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող (ոչ առևտրային) կազմակերպությունների համար նախատեսված կարգով ու չափով` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան:

25. Ինստիտուտն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին կամ սույն կանոնադրությանը համապատասխան տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

26. Ինստիտուտի սեփականության պահպանման պատասխանատվությունը կրում է ինստիտուտը:

27. Ինստիտուտի սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում` միայն դատական կարգով:

28. Հիմնադիրը կարող է ինստիտուտին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել ցանկացած գույք:

Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից ինստիտուտին ամրացված գույքը:

29. Ինստիտուտն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու, հանձնելու անհատույց օգտագործման:

Ինստիտուտն իրավունք ունի իրեն ամրագրված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ: Ամրացված գույքի վարձակալության ժամկետը չի կարող սահմանվել մեկ տարվանից ավելի` բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված անհրաժեշտ դեպքերի:

Ամրացված գույքի օգտագործման արդյունքում ստացված եկամուտներն ինստիտուտի սեփականությունն են` բացառությամբ ամրացված գույքի վարձակալությունից գոյացած վճարների, որոնք սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

Ինստիտուտին ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հանդիսանում են հիմնադրի սեփականությունը:

30. Հիմնադրի կողմից գույքն ինստիտուտին ամրացնելը հիմք չէ այդ գույքի նկատմամբ հիմնադրի կամ երրորդ անձանց իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:

31. Հիմնադրի կողմից ինստիտուտին ամրացված անշարժ գույքի կամ պարտադիր պետական գրանցման ենթակա գույքի նկատմամբ ինստիտուտի օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:

 

V. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՈՒՍՈՒՄՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

32. Ինստիտուտում ուսուցումն իրականացվում է առկա, հեռակա և դրսեկության ձևերով:

33. Սահմանվում են ինստիտուտում ուսուցման հետևյալ հիմնական տեսակները` դասախոսություն, գործնական կամ սեմինար և լաբորատոր պարապմունքներ, խորհրդատվություն, ուսումնական և արտադրական պրակտիկա, ինչպես նաև գործնական հմտությունների ձեռքբերում համապատասխան մարմիններում:

34. Ինստիտուտի ունկնդիրներին տրվում են համապատասխան որակավորում և սահմանված կարգի ավարտական վկայական կամ դիպլոմ:

35. Ուսումնամեթոդական աշխատանքները և գործընթացները մշակվում և համակարգվում են ինստիտուտի գիտական խորհրդի կողմից, ինչպես նաև` ֆակուլտետների ղեկավարների կողմից սահմանված կարգով:

36. Ինստիտուտի աշխատողների, ունկնդիրների, հայցորդների և ասպիրանտների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

37. Գիտության և մանկավարժության բնագավառներում ակնառու նվաճումների համար ինստիտուտի աշխատողներին շնորհվում են մրցանակներ:

 

VI. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

38. Ինստիտուտը կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել հիմնադրի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:

Ինստիտուտը կարող է լուծարվել դատական կարգով` միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

39. Ինստիտուտի լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է` առանց նրա իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

Ինստիտուտի լուծարման դեպքում` ինստիտուտի պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան