Հայտարարություն` 2022 թվականի սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգման անցկացման վերաբերյալ

11/10/2022

2022 թվականի սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգման անցկացման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը սկսում է 2022 թվականի համար սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգումների անցկացման աշխատանքները:
Սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգմանը մասնակցելու  համար կարող է դիմել 63 տարին չլրացած այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն, որակավորման համար դիմելու օրվան նախորդած վերջին հինգ տարվա ընթացքում ունի իրավաբանական, հաշվապահական կամ այլ տնտեսագիտական գործունեության ոլորտում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով անցել է համապատասխան ուսուցում:
Սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգման համար կարող են դիմում ներկայացնել նաև այն անձինք, ովքեր չեն անցել ուսուցում, սակայն մինչև 2019 թվականի դեկտեմբերի 12-ի «Սնանկության մասին» օրենքում կատարված փոփոխությունների ուժի մեջ մտնելը անցել են ստաժավորում կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունում և ունեն դեռևս գործող վկայական ստաժավորում անցած լինելու մասին: Այդ դեպքում նշված անձինք որակավորման ստուգմանը մասնակցում են մինչև 2019 թվականի դեկտեմբերի 12-ը կատարված փոփոխությունները գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված սնանկության կառավարչին ներկայացվող պահանջներին համապատասխան:
Դիմումատուն որակավորման ստուգմանը մասնակցելու համար առձեռն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8) է ներկայացնում՝
1) Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 13-ի թիվ 112-Ն հրամանի Հավելված 2-ով սահմանված ձևով դիմում.
2) դիմումատուի 2 գունավոր լուսանկար՝ 3 x 4 չափսի, որից մեկը փակցվում է դիմումին.
3) դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
4) դիմումատուի բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
5) դիմումատուի` պահանջվող մասնագիտական աշխատանքի փորձառությունը հավաստող փաստաթղթերի պատճենները[1].
6) նախարարի սահմանած կարգով դիմումատուի ուսուցումն անցած լինելը հավաստող փաստաթղթի պատճենը կամ կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունում ստաժավորում անցած լինելը հավաստող և դեռևս գործող փաստաթղթի պատճենը, եթե անձը մինչև 2019 թվականի դեկտեմբերի 12-ին «Սնանկության մասին» օրենքում կատարված փոփոխությունների ուժի մեջ մտնելը անցել է ստաժավորում.
7) նոտարական կարգով հաստատված դիմումատուի բանավոր հայտարարությունը «Սնանկության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերում նշված հանգամանքների բացակայության մասին.
8) որակավորման ստուգմանը մասնակցելու համար օրենքով սահմանված չափով (30 հազար ՀՀ դրամ) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը (գանձապետական հաշվեհամար՝ 900005002069, հղումը՝ այստեղ):
Դիմումին կից փաստաթղթերի պատճենները ներկայացնելիս դրանց բնօրինակը պետք է լինի դիմողի մոտ՝ փաստաթղթերը հանձնելու պահին: Փաստաթղթերն ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09։30-12։30 և 14։30-16։00։
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2022 թվականի հոկտեմբերի 28-ը՝ մինչև ժամը 16:00:
Սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգման առաջին փուլը կանցկացվի 2022 թվականի նոյեմբերի 11-ին, ժամը 10:00-ից սկսած (հասցե՝ ք. Երևան, Փիրումյանների փող. 9, Արդարադատության ակադեմիա): Կախված որակավորման ստուգման մասնակիցների թվից՝ առաջին փուլին մասնակիցները կարող են մասնակցել խմբերով՝ տարբեր ժամերի, որի մասին որակավորման ստուգմանը մասնակցելու իրավունք ստացած անձինք կծանուցվեն լրացուցիչ:   
Որակավորման ստուգմանը մասնակցելու գործընթացում դիմումատուի հետ հաղորդակցությունն իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ վերջինիս նշած էլեկտրոնային փոստի միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հաղորդակցությունն ապահովող այլ միջոցներով:
Սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգման հետ կապված հարցերը կարգավորված են «Սնանկության մասին» օրենքով և Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 13-ի «Սնանկության գործով կառավարիչների որակավորման հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը, որակավորման ստուգմանը մասնակցելու դիմումին ներկայացվող պահանջները, որակավորման ստուգմանը մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, որակավորման ստուգման և որակավորում շնորհելու ընթացակարգը սահմանելու մասին» N 112-Ն հրամանով՝ 04.10.2022թ. կատարված փոփոխություններով:
Որակավորման ստուգումն անցկացվելու է երկու փուլով: Առաջին փուլը ներառելու է թեստային հարցերի և իրավիճակային խնդրի լուծումը, իսկ երկրորդ փուլը՝ հարցազրույցը:
Սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգման առաջին փուլի առաջադրանքները ընդգրկելու են հետևյալ թեմաները (իրավական ակտերը).
- Սահմանադրություն (սահմանադրական կարգի հիմունքներ, մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներ և ազատություններ)
- «Սնանկության մասին» օրենք
- «Հրապարակային սակարկությունների մասին» օրենք և Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 16-ի N 116-Ն հրաման
- Քաղաքացիական օրենսգիրք (քաղաքացիական իրավունքների պաշտպանություն, գործունակություն, առևտրային կազմակերպություններ, սեփականության իրավունք ձեռք բերելը, սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների պաշտպանությունը, գրավ, ապահովված իրավունք, գործարքներ, պարտավորությունների կատարման ապահովում, պարտավորությունների դադարում, ընդհանուր դրույթներ առուվաճառքի մասին, ապրանքների մատակարարում, ընդհանուր դրույթներ վարձակալության մասին, նվիրատվություն, ժառանգական իրավունք)
Քաղաքացիական դատավարության օրենսգիրք (հիմնական դրույթներ, գործերի ենթակայություն և ընդդատություն, դատավարության մասնակիցներ, դատական ներկայացուցչություն, ապացուցում, դատական ծանուցումներ, դատական ծախսեր, դատավարական ժամկետներ, հայցի հարուցման կարգ, հայցի ապահովում, հայցի դեմ պատասխանողի պաշտպանության միջոցներ, դատական նիստի ընդհանուր կանոնները, նախնական դատական նիստ, վարույթի ավարտն առանց գործն ըստ էության լուծելու, վարույթը վերաքննիչ դատարանում, վարույթը վճռաբեկ դատարանում)
Հարկային օրենսգիրք (հարկային պարտավորությունը և դրա կատարումը, եկամտային հարկով հարկման օբյեկտը, հարկման բազան և դրույքաչափերը, հարկ վճարողների հարկային պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառումը հարկային մարմնի կողմից, անշարժ գույքի հարկի գումարի վճարման, հաշվանցման և վերադարձման կարգը)
Քրեական օրենսգիրք (տնտեսական հանցագործություններ)
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010) 59-40-76 կամ   (010) 59-40-57 հեռախոսահամարներով։
[1] սույն կետը տարածվում է այն անձանց նկատմամբ, որոնք մինչև 2019 թվականի դեկտեմբերի 12-ի «Սնանկության մասին» օրենքում կատարված փոփոխությունների ուժի մեջ մտնելը չեն անցել ստաժավորում և դիմումը ներկայացնում են փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո սահմանված պահանջներին համապատասխան