Հայտարարություն՝ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման վերաբերյալ

10/01/2020

Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների կամ դրանց միավորումների (այսուհետ՝ հասարակական կազմակերպություններ) համար հատկացված թափուր 3 տեղերը (2-ը գործարար ոլորտի հասարակական կազմակերպություն) համալրելու նպատակով՝ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս  ՀՀ արդարադատության նախարարության, հայտարարում է մրցույթ: Հասարակական կազմակերպությունների հայտերը  կարող են ներկայացվել  ՀՀ, քաղաք Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Վ.Սարգսյան 3/8 հասցեով կամ ուղարկվել Հայաստանի Հանրապետության  արդարադատության նախարարության էլեկտրոնային հասցեին՝ info@moj.am:

1. Հայտ կարող են ներկայացնել այն հասարակական կազմակերպությունները, որոնք բավարարում են Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ 2019 թվականի հունիսի 24-ի N 808-Ն որոշմամբ սահմանված հետևյալ պահանջները՝

1) ունեն հակակոռուպցիոն ոլորտի երեք և ավելի տարվա գործունեության փորձ՝ վերջին հինգ տարիների ընթացքում (գործարար ոլորտի հասարարակական կազմակերպությունների դեպքում՝ նաև վերջին հինգ տարիների ընթացքում ունեն գործարար ոլորտում շահերի ներկայացման երեք կամ ավելի տարվա փորձ).

2) ներկայացրել են միջազգային կազմակերպությունների հետ հակակոռուպցիոն ոլորտում իրականացված երեք և ավելի ծրագրերի, դրանց բովանդակության, իրականացման ժամա­նակահատվածի և ստացված արդյունքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն.

3) ներկայացրել են հասարակական կազմակերպության հաշվետվողականության և ֆինանսական թափանցիկության վերաբերյալ տեղեկատվություն, մասնավորապես, պետա­կան միջոցներից ֆինանսավորման, միջազգային կազմակերպությունների կողմից տրամա­դրված դրամաշնորհների, ծրագրերի և դրանց ծախսերի վերաբերյալ հրապարակային հաշվետվություններ.

4) ներկայացրել են քաղաքական կուսակցությունների հետ փոխկապակցվածության բացակայության վերաբերյալ հայտարարություն.

5) ներկայացրել են հասարակական կազմակերպության աշխատակազմի վերաբերյալ մանրամասն և ամբողջական տեղեկատվություն:

2. Հասարակական կազմակերպությունը հայտին կից ներկայացնում է այն փաստաթղթերը (բնօրինակ և պատճեն), որոնք փաստում են վերոնշյալ չափանիշներին հասարակական կազմակերպության համապատասխանությունը:

3. Հակակոռուպցիոն քաղաքականության  խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով անցկացվող մրցույթի և ռոտացիայի կարգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության  վարչապետի  2019 թվականի հունիսի 24-ի N 808-Ն որոշմամբ սահմանված կարգով: 

4.  Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է  2020 թվականի  հունվարի 20-ը:

5.  Հայտեր ընդունելու հետ կապված պատասխանատու անձի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն են՝ 010594022,  mariam.galstyan@justice.am: