ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի վերաբերյալ
02/09/2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014թ. օգոստոսի 2-ի ՆՀ-199-Ն հրամանագրով հաստատված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի գործունեության և թեկնածուների ընտրության կարգի (այսուհետ՝ Կարգ) դրույթները, հայտարարում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների (այսուհետ՝ Թեկնածուներ) ընտրության մրցույթ (այսուհետ՝ Մրցույթ):
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Եվրոպական դատարանի դատավորները պետք է ունենան բարձր բարոյական նկարագիր և բավարարեն բարձր դատական պաշտոններում նշանակվելիս ներկայացվող պահանջները կամ լինեն ճանաչված իրազեկ իրավագետներ:
Մրցույթին կարող է մասնակցել 65 տարին չլրացած Հայաստանի Հանրապետության գործունակ այն քաղաքացին, ով.
- Հայաստանի Հանրապետությունում ստացել է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է օրենքով սահմանված կարգով,
- ունի դատավորի պաշտոնում աշխատելու առնվազն 3 տարվա փորձ, կամ
- ունի դատախազի կամ փաստաբանի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի առնվազն 7 տարվա փորձ, կամ
- ունի մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում մասնագիտական գործունեության առնվազն 5 տարվա փորձ, կամ
- առնվազն 5 տարի իրավունք է դասավանդում բարձրագույն ուսումնական հաստատություններում, կամ
- ունի իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան,
- ազատ տիրապետում է Եվրոպայի խորհրդի պաշտոնական լեզուներից առնվազն մեկին (անգլերեն, ֆրանսերեն):
Մրցույթին չի կարող մասնակցել այն անձը՝
1) որը դատապարտվել է հանցագործության կատարման համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից.
2) որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով.
3) որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում.
4) որն ունի դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն (սահմանված է «Դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 15-ի N 1184-Ն որոշմամբ).
5) որը չի անցել պարտադիր զինվորական ծառայություն, բացառությամբ այն անձանց, ովքեր ազատվել են նման ծառայությունից կամ ունեն տարկետում` օրենքով նախատեսված կարգով ու հիմքով:
Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը (այսուհետ՝ Փաստաթղթեր).
1.մրցույթին մասնակցելու հայտ (ըստ սահմանված նմուշի),
2. ինքնակենսագրություն՝ հայերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով (ըստ սահմանված նմուշի),
3. հայտարարություն՝ մարդու իրավունքների ոլորտում փորձառության և ձեռքբերումների, ինչպես նաև Եվրոպական դատարանի դատավոր դառնալու շարժառիթների մասին (ըստ սահմանված նմուշի),
4. անձնագրի պատճեն,
5. բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճանի առկայությունը հաստատող փաստաթուղթ,
6.մասնագիտական գործունեության կամ դասավանդման փորձի առկայությունը հաստատող փաստաթուղթ,
7.Եվրոպայի խորհրդի պաշտոնական լեզուներին ազատ տիրապետելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում),
8.հայտարարություն, որով հավաստվում է, որ հավակնորդը չի դրսևորել որևէ վարքագիծ, որը ՀՀ օրենսդրության համաձայն կարող է առերևույթ վարկաբեկել դատական իշխանության հեղինակությունը կամ անհամատեղելի է դատավորի բարձր կոչման հետ կամ հայտարարություն նման ցանկացած վարքագծի դրսևորման վերաբերյալ (ըստ սահմանված նմուշի),
9.հայտարարություն, որով հավաստվում է Հայաստանի Հանրապետությունում դատավորի պաշտոնում հավակնորդի նշանակմանը խոչընդոտող՝ ՀՀ դատական օրենսգրքի 119 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքների բացակայությունը (ըստ սահմանված նմուշի),
10.հայտարարություն, որով հավակնորդը պատրաստակամություն է հայտնում Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում պաշտոնավարության ժամկետի ընթացքում չիրականացնել որևէ գործունեություն, որը անհամատեղելի է նրա անկախության, անաչառության կամ նրա աշխատանքի մշտական բնույթից բխող պահանջների հետ (ըստ սահմանված նմուշի),
11.իրավագիտության ոլորտում մասնագիտական հեղինակություն վայելող անձանց կողմից տրված առնվազն երկու երաշխավորագիր (Հանձնաժողովի անդամը չի կարող տրամադրել երաշխավորագիր),
իր վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկություններ ստանալու մասին համաձայնություն (ըստ սահմանված նմուշի):
Փաստաթղթերը պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ՝ մինչև 2014 թվականի սեպտեմբերի 24-ը, ժամը 18:00-ն՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեով: Փաստաթղթերի ներկայացման, դրանց ստացման, ինչպես նաև հնարավոր թերությունների վերացման հետ կապված հարցերը լուծվում են Կարգով նախատեսված կանոններով:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով, որոնցից առաջինը Փաստաթղթերի լրիվության և համապատասխանության ստուգման (այսուհետ՝ Փաստաթղթային ստուգման) փուլն է, իսկ երկրորդը՝ հարցազրույցի:
Փաստաթղթային ստուգման փուլում Հանձնաժողովը ստուգում է Փաստաթղթերի լրիվությունը, դրանց համապատասխանությունը սահմանված ցանկին, իսկ ողջամիտ կասկածի դեպքում՝ նաև հավակնորդի ներկայացրած փաստաթղթերի կամ տեղեկությունների հավաստիությունը: Փաստաթղթային ստուգման փուլում կարող են ստացվել նաև թեկնածուներին ներկայացվող պահանջների գնահատմանը վերաբերող հավելյալ տեղեկություններ: Հանձնաժողովի տեղեկացմամբ հավակնորդը կարող է մասնակցել Փաստաթղթային ստուգման փուլին:
Փաստաթղթային ստուգման փուլի արդյունքներով հարցազրույցի մասնակիցների ցուցակը, ինչպես նաև հարցազրույցի անցկացման օրը, ժամը և վայրը կհրապարակվեն լրացուցիչ՝ Կարգով նախատեսված կանոններին համապատասխան:
Հարցազրույցի նպատակը հարցազրույցի մասնակցի՝ Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում արդյունավետորեն գործելու համար անհրաժեշտ անձնական հատկանիշների, մասնագիտական որակների և լեզվական կարողությունների գնահատումն է: Հարցազրույցի յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցի առավելագույն տևողությունը երկու ժամ է:
Հարցազրույցը բաղկացած է երեք մասից:
Հարցազրույցի առաջին մասում հարցազրույցի մասնակիցը ոչ ավել, քան 10 րոպեի ընթացքում ներկայացնում է մարդու իրավունքների ոլորտում իր գործունեությունը, փորձառությունը և ձեռքբերումները, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև պարզաբանումներ է տալիս իր ներկայացրած տեղեկությունների վերաբերյալ: Հանձնաժողովի անդամները կարող են հարցեր տալ հարցազրույցի մասնակցին՝ նրա կենսագրության, մասնագիտական գործունեության, հեղինակության և դրանց առնչվող այլ հարցերի վերաբերյալ: Հարցազրույցի այս մասում հարցազրույցի մասնակցին տրվում են հարցեր, որոնց տրված պատասխանների միջոցով բացահայտվում են անձնական հատկանիշները: Հարցազրույցի առաջին մասը կարող է տևել առավելագույնը 30 րոպե:
Հարցազրույցի առաջին մասի արդյունքներով գնահատվում են հարցազրույցի մասնակցի անձնական հատկանիշները, ինչպես նաև՝ մասնագիտական որակներից մասնագիտական փորձառությունը և հեղինակությունը:
Հարցազրույցի երկրորդ մասում հարցազրույցի մասնակցին տրվում են հարցեր, որոնց պատասխանները պետք է բացահայտեն նրա մասնագիտական գիտելիքները և հմտությունները: Հանձնաժողովի անդամները կարող են պատասխանի առնչությամբ հարցազրույցի մասնակցին հարցեր տալ: Հարցազրույցի երկրորդ մասը կարող է տևել առավելագույնը 45 րոպե:
Հարցազրույցի երրորդ մասում ստուգվում է հարցազրույցի մասնակցի լեզվական կարողությունները: Այդ նպատակով հրավիրվում են անգլերեն և ֆրանսերեն լեզուների մասնագետներ:
Հարցազրույցի մասնակցի հիմնական լեզվի կարողությունները ստուգելիս հարցազրույցի մասնակցին առաջարկվում է ուսումնասիրել Եվրոպական դատարանի կողմից քննված որևէ գործի համառոտագիրը, հայերենով ներկայացնել դրա բովանդակությունը, ընթերցել դրա մի հատվածը և բանավոր թարգմանել այն, կատարել նախապես պատրաստված հայերեն իրավաբանական տեքստի գրավոր թարգմանություն, ինչպես նաև նրա հետ անցկացվում է զրույց՝ մասնագիտական հարցերի շուրջ բանավոր հաղորդակցվելու նրա կարողությունը պարզելու համար: Հարցազրույցի մասնակցի լեզվական կարողությունները ստուգելու արդյունքում մասնագետները արձանագրում են այն հնարավոր լեզվական թերացումները, որոնք վերաբերվում են հարցազրույցի մասնակցի խոսքի սահունությանը և հստակությանը, մտքերի քերականական ձևակերպումներին և տրամաբանական հաջորդականությանը, բառապաշարի գործածությանը, նյութի բովանդակության ընկալմանը: Հանձնաժողովի անդամը, հիմնվելով մասնագետների ներկայացրած կարծիքի վրա, գնահատում է հարցազրույցի մասնակցի Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում արդյունավետորեն գործելու հանգամանքը:
Հարցազրույցի մասնակցի լրացուցիչ լեզվի կարողությունները ստուգելիս հարցազրույցի մասնակցին առաջարկվում է ծանոթանալ հանրամատչելի որևէ նյութի և հայերեն լեզվով ներկայացնել դրա էությունը: Հարցազրույցի մասնակցի լեզվական կարողությունները ստուգելու արդյունքում մասնագետները արձանագրում են այն հնարավոր լեզվական թերացումները, որոնք վերաբերվում են հարցազրույցի մասնակցի կողմից նյութի բովանդակության ընկալմանը:
Լեզվական կարողությունները ստուգելիս հարցազրույցի մասնակցին թույլատրվում է օգտվել բառարանից: Հարցազրույցի երրորդ մասը կարող է տևել առավելագույնը 45 րոպե:
Թեկնածուներին ներկայացվող պահանջները գնահատվում են 100 միավոր համակարգով: Թեկնածուների գնահատման ենթակա պահանջներն են.
Ա/ Անձնական հատկանիշներ – 20 միավոր.
Բ/ Մասնագիտական որակներ-55 միավոր.
Գ/ Լեզվական կարողություններ - 25 միավոր:
Գնահատման ենթակա պահանջները գնահատվում են ինչպես հարցազրույցի արդյունքներով, այնպես էլ՝ հարցազրույցի մասնակցի ներկայացրած տեղեկությունների վերլուծության հիման վրա: Գնահատման ենթակա պահանջների բովանդակությունը բացահայտվում է հետևյալ չափանիշներով և միավորների սանդղակով:
Անձնական հատկանիշների չափանիշը.
1. Իրավագիտակցություն՝ 0-5 միավոր
2. Կոնվենցիայի հիմքում ընկած արժեքների ընկալումները և դրանց նկատմամբ վերաբերմունքը՝ 0-15 միավոր:
Մասնագիտական որակների չափանիշները.
1. մասնագիտական գիտելիքները՝ 0-15 միավոր (ներպետական օրենսդրության իմացությունը՝ 0-3 միավոր, միջազգային հանրային իրավունքի իմացությունը՝ 0-5 միավոր, Կոնվենցիայի և Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի իմացությունը՝ 0-7 միավոր).
2. մասնագիտական հմտությունները՝ 0-10 միավոր (վերլուծելու և տրամաբանելու ունակությունները՝ 0-3 միավոր, արագ ընկալելու և կողմնորոշվելու, արդյունավետ լուծումներ գտնելու ունակությունները՝ 0-3 միավոր, արժեքային և համակարգային մտածելու ունակությունը՝ 0-4 միավոր).
3. մասնագիտական փորձառությունը՝ 0-20 միավոր (ներպետական կամ արտասահմանյան ուսումնական հաստատություններում միջազգային հանրային իրավունքի կամ մարդու իրավունքների գծով հավելյալ կրթությունը, գիտական աստիճանները կամ կոչումները, մարդու իրավունքների գծով վերապատրաստումները՝ 0-10 միավոր, փորձի, այդ թվում՝ դասավանդման, առանձնահատկությունները՝ 0-10 միավոր).
4. մասնագիտական հեղինակությունը՝ 0-10 միավոր (նշանակալի իրավական իրադարձություններում ներգրավվածությունը, իրավունքի զարգացման գործում մասնագիտական ներդրումը՝ 0-5 միավոր, գիտական հետազոտությունները, տեղական և միջազգային պարբերականներում հրապարակումները, տեղական և միջազգային համաժողովներին մասնակցությունը՝ 0-5 միավոր):
Լեզվական կարողությունների չափանիշները.
1. Հիմնական լեզվի կարողությունների չափանիշները՝ 0-20 միավոր (հիմնական լեզվով նյութն ընկալելու և հայերենով ներկայացնելու ունակությունը՝ 0-5 միավոր, հիմնական լեզվով նյութը ընթերցելու և հայերեն ճշգրիտ թարգմանելու ունակությունը՝ 0-5 միավոր, հայերեն նյութը հիմնական լեզվով թարգմանելու և գրելու ունակությունը՝ 0-5 միավոր, իրավական հարցերի շուրջ հիմնական լեզվով հաղորդակցվելու ունակությունը՝ 0-5 միավոր).
2. Լրացուցիչ լեզվի կարողությունների չափանիշները՝ 0-5 միավոր (լրացուցիչ լեզվով հանրամատչելի նյութն ուսումնասիրելու և դրա էությունը հայերեն լեզվով ներկայացնելու ունակությունը՝ 0-5 միավոր):
Յուրաքանչյուր չափանիշի գնահատման քայլը մեկ միավոր է: Հանձնաժողովի անդամը գնահատման ենթակա յուրաքանչյուր չափանիշ գնահատում է առանձին-առանձին: Հարցազրույցի յուրաքանչյուր մասնակցի համար տվյալ չափանիշի միասնական միավորը հաշվարկվում է հանձնաժողովի անդամների կողմից այդ չափանիշի համար նշանակված միավորների գումարը հանձնաժողովի՝ գնահատում իրականացրած անդամների թվի վրա բաժանելու սկզբունքով՝ արդյունքը մինչև հարյուրերորդական կոտորակը կլորացնելով: Հինգ-հազարերորդական միավորը կլորացվում է դեպի մեկ-հարյուրերորդականը:
Հարցազրույցի մասնակցի ստացած հանրագումարային միավորը հաշվարկվում է սույն որոշման III բաժնում սահմանված յուրաքանչյուր չափանիշի միասնական միավորների գումարման սկզբունքով:
Մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը կազմվում է Կարգով նախատեսված կանոններով: Ընդ որում, հարցազրույցի մասնակիցը չի կարող ընդգրկվել ցուցակում, եթե ստացել է 50-ից ցածր հանրագումարային միավոր կամ Հիմնական լեզվի կարողությունների չափանիշից 5-ից ցածր միասնական միավոր:
Կից ներկայացնում ենք՝
- Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուներին ներկայացվող պահանջները և մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին որոշում
- Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին որոշում
- Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուներին ներկայացվող պահանջների գնահատման առավելագույն միավորը, ըստ գնահատման ենթակա առանձին պահանջների դրա բաշխումը, գնահատման ենթակա պահանջների բովանդակությունը բացահայտող չափանիշները, դրանցից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորը, ինչպես նաև գնահատման և միավորների հաշվարկման կարգը սահմանելու մասին որոշում
- Դիմումի ձև
- Ինքնակենսագրություն
- Հայտարարություն մարդու իրավունքների ոլորտում փորձառության և ձեռքբերումների, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր դառնալու շարժառիթների վերաբերյալ
- Հայտարարություն վարքագծի վերաբերյալ
- Հայտարարություն մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի հանգամանքների բացակայության վերաբերյալ
- Հայտարարություն մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում սահմանափակումների ենթարկվելու հանձնառության վերաբերյալ
- Հայտարարություն անհատական տվյալներ ստանալու համաձայնության վերաբերյալ