Արդարադատության նախարարն ընդունել է Օլդենբուրգի երկրամասային գերագույն դատարանի նախագահող դատավորին

12/12/2014

 ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել  է Օլդենբուրգի երկրամասային գերագույն դատարանի նախագահող դատավոր Ֆոն դեր Բեքին, ով ներգրավված է ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի մշակման խմբի աշխատանքներում: 

 Հանդիպմանը մասնակցել են նաև Արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանն ու Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանը:

 Կողմերը քննարկել են Քրեակատարողական օրենսգրքի բարեփոխումներին առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձել են Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրման աշխատանքներին:

 Արդարադատության նախարարը ողջունել է հյուրերին և տեղեկացրել, որ Կառավարությունը ներկա դրությամբ  վերանայում է տարբեր ոլորտների օրենսդրությունն ու փորձում է կատարելագործել այն:

 «Քրեակատարողական ոլորտի բարեփոխումները Նախարարության առաջնահերթություններից են: Մենք մեր եվրոպացի գործընկերների հետ բավական երկար ժամանակ արդեն համագործակցում ենք պենիտենցիար համակարգում իրավիճակը բարեփոխելու ուղղությամբ և, որպեսզի մեր հետագա ջանքերն առավել արդյունավետ լինեն, մենք պետք է դրանց օրենսդրական հիմքերը կարգավորենք: Ուրախ եմ, որ այս գործը պետք է համատեղ իրականացնենք»,- ասել է նախարարը: Հովհաննես Մանուկյանը տեղեկացրել է, որ Արդարադատության նախարարությունը սերտորեն համագործակցում է նաև Վրաստանի Պրոբացիայի և պատիժների կատարման հարցերով նախարարության հետ, քանի որ հարևան երկրի հետ ընդհանրությունները շատ են, ուստի նրանց փորձը կարող է օգտակար լինել Հայաստանի համար:

 Ֆոն դեր Բեքը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ պրոբացիոն համակարգի ներդրումը բարդ և ժամանակ պահանջող գործընթաց է: Նա ներկայացրել է  2009 թվականին Ստորին Սաքսոնիայի երկրամասում պրոբացիոն ծառայության ներդրման  գործընթացն ու ընդգծել, որ ծառայության ստեղծումը ոչ միայն կնպաստի քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդրի լուծմանը, այլև պետության համար այն տնտեսապես շահեկան կլինի:

 Նա բարձր է գնահատել Հայաստանում պրոբացիոն ծառայություն ներդնելու ՀՀ կառավարության նախաձեռնությունը և այդ աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել: Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի հարավկովկասյան բաժնի ղեկավար Թերեզա Թալհամերի անունից Նելլի Թումասյանը նախարարին սեղանի ժամացույց է նվիրել:  

 Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում: