Սուրեն Քրմոյան. Պետությունը կարևորում է քաղաքացիական հասարակության մասնակցությունը ցանկացած ոլորտում քաղաքականության մշակման և դրա կյանքի կոչման գործում

03/06/2015

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր մասնակցել է «Հայաստանում քաղաքացիական հասարակության մասնակցությունը քաղաքականության համաձայնեցման շուրջ երկխոսությանը» խորագրով հետազոտության արդյունքների ներկայացմանը:

  Նախարարի տեղակալը ողջունել է հետազոտության հեղինակների կատարած աշխատանքը և նշել, որ քաղաքացիական հասարակությունը մեծ դեր ու առաքելություն ունի քաղաքացիների և իշխանության միջև կապի ապահովման տեսանկյունից:
«Պետությունը կարևորում է քաղաքացիական հասարակության մասնակցությունը ցանկացած ոլորտում քաղաքականության մշակման և դրա կյանքի կոչման գործում: Քաղաքացիական հասարակության ներգրավվածության արդյունքում, մենք՝  ժողովրդավար պետության սկզբունքներին համապատասխան, ստանում ենք հասարակության լայն զանգվածի կարծիքը տվյալ ոլորտի քաղաքականության կամ կոնկրետ նախագծերի և փաստաթղթերի վերաբերյալ: Քաղաքացիական հասարակության արդյունավետ և ակտիվ մասնակցությունն այդ գործընթացում երաշխավորում է նաև Կառավարության թափանցիկ գործունեությունը և, ինչու ոչ, սա կարելի է դիտարկել՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարում գործիք»,- ասել է Սուրեն Քրմոյանը և ընդգծել, որ դա թույլ է տալիս քննադատության դաշտից գալ փոխադարձ արդյունավետ աշխատանքի դաշտ:

  Նախարարի տեղակալը Կառավարության գործունեության մեջ կարևորել է հանրային վստահության աստիճանի բարձրացումը և հույս հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում կկատարելագործվեն փոխադարձ շփման մեխանիզմները:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը տեղեկացրել է, որ այս աշխատանքով խնդիր է դրվել հետազոտել և գնահատել քաղաքականության մշակման և որոշումների կայացման գործում Հայաստանի քաղաքացիական հասարակության ներգրավվածության մոդելները: «Հետազոտության արդյունքները թույլ են տալիս կատարել առաջարկություններ և խորհուրդներ տալ, թե ինչպես կարելի է բարձրացնել քաղաքացիական հասարակության դերը բարեփոխումների գործընթացում, հատկապես՝ ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակում»,- ասել է Նավասարդյանը: Նա նշել է, որ հետազոտության նպատակն է՝ ընդլայնել քաղաքացիական հասարակության մասնակցությունը իշխանությունների հետ քաղաքականության համաձայնեցման շուրջ երկխոսության՝ որպես քաղաքականության մշակման և որոշումների կայացման ժողովրդավարական, թափանցիկ և հաշվետու գործընթացների ապահովման հիմնական բաղադրիչ:

  Հետազոտությունն իրականացրել է Երևանի մամուլի ակումբը և Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարությունը՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակություն. Երկխոսություն հանուն առաջընթացի»  ծրագրի աջակցությամբ:

  Հանդիպմանը ներկա են եղել նաև Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքացիական հասարակություն. երկխոսություն հանուն առաջընթացի»  ծրագրի թիմի ղեկավար Շտեֆան Մալերիուսը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության, քաղաքական հարցերի պատասխանատու Անդրեյ Դիդենկոն, ՀԿ ներկայացուցիչներ, այլք: