Դատավորների և դատախազների համար անցկացվում է ՀՀ-ում պրոբացիայի ծառայության ներդրման վերաբերյալ եռօրյա սեմինար-քննարկում

18/06/2015

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի աջակցությամբ Աղվերանում հունիսի 17-ից դատավորների և դատախազների համար անցկացնում է ՀՀ-ում պրոբացիայի ծառայության ներդրման վերաբերյալ եռօրյա սեմինար-քննարկում:

 Քննարկումը վարող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, բացման խոսքում թվարկելով քննարկման նպատակներն ու  կարևորությունը, մասնակիցների ուշադրությունը հրավիրել է պրոբացիայի ծառայության կայացման գլխավոր գործոնին՝ համապատասխան կամքի առկայությանը: Նա նշել է, որ ծառայության ներդրումից հետո անհրաժեշտ է բոլոր օղակների ակտիվ փոխգործակցությունը և յուրաքանչյուրի պատրաստակամությունը՝ դրա կայացմանը նպաստելու գործում: Խոսելով պրոբացիայի ներդրման անհրաժեշտությունից՝ Քրմոյանը մի շարք օրինակներ է բերել, որոնք ևս մեկ անգամ ամրապնդում են  հարցադրումը՝ «Արդյո՞ք մարդուն ազատազրկելով հասնում ենք պատժի հիմնական նպատակներից կարևորին՝ ուղղմանը»:  

 Նախարարի տեղակալի խոսքով՝ ուղղման և կրկնահանցագործության նվազեցման հարցն այսօր չի շրջանցում որևէ երկիր: Հայաստանի համար օրինակելի են բոլոր այն երկրների առաջատար փորձերը, որոնց հաջողվել է պրոբացիայի կիրառմամբ նվազեցնել հանցագործության հակվածության ռիսկայնության աստիճանը: Սուրեն Քրմոյանը մասնակիցների ուշադրությունը հրավիրել է մի վիճակագրության, որի համաձայն՝ մեր երկրի քրեակատարողական հիմնարկներում կան ազատազրկվածներ, որոնք դատապարտված են 10 և ավելի անգամ  նույն բնույթի  արարքը կատարելու համար: «Գուցե պատժելով վերականգնում ենք արդարությունը, բայց վտանգը հասարակության հանդեպ մնում է»,- նշել է նախարարի տեղակալը:

 Ներկայացնելով ՀՀ-ում պրոբացիայի ծառայության ներդրման հայեցակարգը՝ քննարկման բանախոս, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ ծառայության կիրառման դեպքում անձը պատիժը կրելու է ոչ թե ազատազրկման վայրում, այլ՝ համայնքում: Անդրադառնալով պրոբացիայի ծառայության վերաբերյալ փաստաբանական համայնքի վերաբերմունքին՝ Հովհաննիսյանը նշել է, որ պատժողական արդարադատությունից վերականգնողական արդարադատության անցնելու անհրաժեշտություն կա:

 Քննարկման նախաձեռնող անդամ, ԵԽ «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության ստեղծմանը» ծրագրի ղեկավար Հայկ Խեմչյանն էլ կարևորել է մասնակիցների կարծիքներն ու առաջարկությունները Պրոբացիայի և պրոբացիայի ծառայության մասին օրենքի նախագծում ներառելու և օրենքի նախագծում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու համար: Այս իմաստով կարևոր նշանակություն է ունեցել ԵԽ միջազգային փորձագետ Մարտին Սեդոնի ելույթը, որում անդրադարձել է եվրոպական պրոբացիոն մեթոդներին և որոշ  օրինակների միջոցով  հարցադրումներ է արել վաղաժամկետ ազատման մեթոդի առավել հաճախ կիրառման հիմքերի և անհրաժեշտության մասին:

 Ծավալված ակտիվ քննարկման մասնակիցները հայտնել են տարբեր կարծիքներ: Հիմնականում ողջունելով ծառայության անհրաժեշտությունը՝ դատավորները հետաքրքրվել են ծառայության համար անհրաժեշտ տվյալների բազայի ստեղծման և վարման հարցերով՝ բարձրացնելով անձնական տվյալների գաղտնիության ապահովման երաշխիքների խնդիրները: Չբացառելով  գործնականում առաջացող հնարավոր խնդիրները՝ դատավորները  զուգահեռներ են անցկացրել գործնականում քիչ կիրառվող այլընտրանքային պատժատեսակների և պրոբացիայի միջև:  Դատախազներին հետաքրքրել է պրոբացիոն ծառայության աշխատակիցների նկատմամբ իրականացվելիք վերահսկողության մեխանիզմները և այլընտրանքային պատիժների իրականացման կարգը: Ներկայացվել են նաև որոշ մտահոգիչ հարցեր, որոնց բանախոսները տվել են սպառիչ պատասխաններ:

 Հանդիպմանը կարևորվել է օրենքի մշակման ավարտական փուլում  մասնակիցների առաջարկությունների ներգրավման հնարավորությունը:

 Բանախոսները ներկայացրել են նաև պրոբացիայի  կիրառման 2 պիլոտային ծրագրի մանրամասները՝ նշելով, որ դրանք հնարավորություն կտան հասկանալու և շտկելու պրակտիկայի ընթացքում առաջացող բացթողումները: Նախարարի տեղակալ  Սուրեն Քրմոյանը նշել է, որ  պրոբացիոն ծառայության ներդրումը նոր ինստիտուտ է Հայաստանի համար, ուստի Արդարադատության նախարարությունն ունի հնարավոր բոլոր առաջացող խնդիրները լուծելու առաքելություն՝ միաժամանակ անթույլատրելի համարելով կանխակալ կարծիքներով առաջնորդվելը:  Ներկայացնելով նախարարության մոտեցումները՝ նախարարի տեղակալն   ընդգծել է, որ պրոբացիայի վերջնական ներդրմամբ 10 անգամ կրճատվելու են դատապարտյալների պահման ծախսերը, որոնք սկզբնական փուլում կուղղվեն շենքային պայմանների բարելավման և տեխնիկական հագեցվածության աշխատանքներին:

 Սեմինարի մասնակիցները միակարծիք են եղել, որ պրոբացիայի ծառայության կայացման հարցում անհրաժեշտ է  դատաիրավական, իրավապահ ոլորտի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ հանձնառությունն ու համագործակցությունը: