Դեպի վեր

Սուրեն Քրմոյանը մասնակցել է «Մասնավոր հատվածը կոռուպցիայի դեմ պայքարի մարտահրավերներին դեմ հանդիման» խորագրով աշխատաժողովին

29/07/2015

 ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր մասնակցել է «Մասնավոր հատվածը կոռուպցիայի դեմ պայքարի մարտահրավերներին դեմ հանդիման» խորագրով աշխատաժողովին:

 Այն կազմակերպվել էր Արդարադատության նախարարության և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ալեսանդրո Զանոտան, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը, ինչպես նաև՝ ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 Բացման խոսքում Սուրեն Քրմոյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների կազմակերպումը և շնորհակալություն հայտնել ԵՄ-ին Հայաստանում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված հետևողական ջանքերի համար: Ըստ նախարարի տեղակալի՝ կոռուպցիայի դեմ պայքարն ունի երկու ուղղություն՝ կառավարության գործունեություն և մասնավոր հատվածի ներգրավվածություն, որը պետք է հիմնվի փոխադարձ վստահության ու փոխգործակցության վրա՝ նպաստելով սոցիալ-տնտեսական առողջ միջավայրի և թափանցիկ ու ազնիվ աշխատելու հստակ մեխանիզմների ձևավորմանը: «Կառավարությունն իր պատրաստակամությունն արտահայտել է. մշակվել է համապատասխան ռազմավարություն, ուստի կարևոր է նաև բիզնես սեկտորի և քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը, որպեսզի ձևավորվի համապատասխան միջավայր»,-ընդգծել է Սուրեն Քրմոյանը:

 Նա ողջունել է մասնավոր հատվածի այն ներկայացուցիչներին, որոնք մշակել են կոռուպցիայի դեմ պայքարի ներքին ընթացակարգեր՝ իրենց հստակ մեխանիզմներով: Այս մշակույթը կարող է լավագույնս նպաստել մասնավոր հատվածում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ու արտասահմանյան ընկերությունների հետ համագործակցության բարձրացմանը: «Մենք, իրապես, ցանկանում ենք ոլորտում առաջընթաց ապահովել, որի համար ակնկալում ենք մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության աջակցությունը, որոնք կարող են հադես գալ որպես վերահսկողներ և ստեղծել սեփական գործունեության ու կենսագործունեության համար բարենպաստ միջավայր»,-եզրափակել է Սուրեն Քրմոյանը:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ալեսանդրո Զանոտան նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանի կառավարության գործունեության գլխավոր ուղղություններից մեկն է, և ԵՄ-ն պատրաստակամ է շարունակելու աջակցությունն այդ ուղղությամբ: Ըստ նրա՝ հնարավոր չէ զարգացում ապահովել որևէ ոլորտում, եթե բացակայում է կոռուպցիայի դեմ հետևողական պայքարը: Նա հատուկ շնորհակալություն է հայտնել Սուրեն Քրմոյանին այդ ոլորտում ներդրած ջանքերի համար:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ իրենց կազմակերպությունը որդեգրել է «օրինականության ազգային համակարգի» գաղափարախոսությունը, որը կարող է նպաստել կոռուպցիոն երևույթների արդյունավետ կանխարգելմանը: Նա նույնպես ընդգծել է մասնավոր և պետական հատվածների՝ սերտորեն համագործակցելու սկզբոնքը: «Միայն այդպիսի համագործակցությամբ ու ճիշտ մշակված աշխատանքի շնորհիվ է հնարավոր ծավալել արդյունավետ պայքար: Մեկ կամ երկու ինստիտուտի ներգրավվածությունն ի զորու չէ համակարգային փոփոխություններ մտցնելու»,-ասել է հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրենը: Նրա կարծիքով՝ պետական և ոչ պետական ինստիտուտները պետք է գործեն ռեսուրսների մեկտեղման, անկախության, կարողության ցուցանիշների և ներքին կառավարման ցուցանիշների կանոններով:

 Այնուհետև Կենտրոնի փորձագետներ Խաչիկ Հարությունյանն ու Արտակ Մանուկյանը ներկայացրել են կոռուպցիայի դեմ պայքարում մասնավոր հատվածի դերի և առաքելության վերաբերյալ սեփական հետազոտության արդյունքները: Ըստ նրանց՝ կոռուպցիան հարվածում է բիզնեսի հեղինակությանը բարոյականության, որակյալ կադրերի, ներդրումների, միջազգային շուկայում զարգացման հեռանկարի տեսանկյունից: Հետևաբար, կարևոր է այնպիսի համակարգ, որը կնպաստի կոռուպցիայի դեմ պայքարում մասնավոր հատվածի դերակատարության աճին:

 Հանդիպման ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրերն ու ներքին ընթացակարգերն են ներկայացրել «Վիվասել-ՄՏՍ» ընկերության իրավաբանական ծառայության ղեկավար Արմինե Սարգսյանը, «Օրանժ Արմենիա» ընկերության իրավաբանական տնօրեն Լիլիթ Թունյանը, ինչպես նաև «Դավան գրուփ» ՍՊԸ տնօրեն Դավիդ Բեքեթը:

 Աշխատաժողովի ընթացքում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են սեփական մոտեցումներն ու առաջարկությունները՝ ընդգծելով կոռուպցիայի դեմ պայքարի համապատասխան մշակույթի ձևավորման անհրաժեշտությունը և այդ պայքարում կարևորելով քաղաքացիական հասարակության դերակատարությունը:

 

Օգտագործվել է նաև ԵՄ հայաստանյան գրասենյակի տրամադրած լուսանկարը

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն