«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվող կին դատապարտյալների համար նկարչության վարպետաց դաս է անցկացվել

13/08/2015

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական  կենտրոն» ՊՈԱԿ-ը շարունակում է  վերականգնողական ծրագրերի զարգացման   միջազգային լավագույն փորձի  ներդրմանն  ուղղված աշխատանքները:

 Դրա շրջանակում, Արդարադատության նախարարության աջակցությամբ, օգոստոսի 12-13-ին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում նկարչուհի Վիկտորյա Լոմասկոյի կողմից կին  դատապարտյալների համար անցկացվել է նկարչության վարպետաց դաս:

 Վիկտորյա Լոմասկոն ՌԴ «Քրեական արդարադատության բարեփոխումների» կենտրոնի հետ համատեղ վերականգնողական և կրթական ծրագրեր է իրականացնում ՌԴ ուղղիչ աշխատանքային հիմնարկներում և անչափահասների համար նախատեսված հաստատություններում:

 Վարպետաց դասի ընթացքում կին դատապարտյալները, նկարչուհու առաջարկով նկարված դիմանկարների, բնանկարների և նատյուրմորտի վերլուծություն են կատարել: Այն ուղղված է եղել մասնակիցների մտածողության վերաարժևորմանը,  ապրումակցման ձևավորմանը, նկարչությունը՝ որպես անձնային վերասոցիալականացման միջոց կիրառելուն:

 Վիկտորյա Լոմասկոն դասընթացի մասնակիցներին է ներկայացրել նաև հայտնի նկարիչների ստեղծագործություններն ու քննարկում կազմակերպել մի շարք կտավների վերաբերյալ:

 Միջոցառումն առաջին քայլն էր համատեղ ծրագրի, որը նախատեսում է հետագա համագործակցություն և նոր ծրագրերի իրականացում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում: