Աշխատաժողով՝ նվիրված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6 րդ հոդվածի և Կոնվենցիային կից Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածին

31/08/2015

 Օգոստոսի 29-ին և 30-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի և Կոնվենցիային կից Թիվ 1 արձանագրության 1‑ին հոդվածին նվիրված աշխատաժողով:

 Հանդիպման նպատակն էր բարելավել ՀՀ արդարադատության նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի աշխատակազմի մասնագիտական գիտելիքները Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի և Կոնվենցիային կից թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի և դրանց կիրառության առանձնահատկությունների վերաբերյալ։

 Աշխատաժողովին ներկա է եղել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը։ Քննարկվել են Կոնվենցիայով երաշխավորվող սեփականության իրավունքի կարգավորման շրջանակին, դատարանի մատչելիության իրավունքին, վերջնական դատական ակտի կատարմանը և վերաբացմանը վերաբերող գործնական հարցեր, ինչպես նաև արվել են ազգային օրենսդրության և Եվրոպական դատարանի չափանիշներին դրա համապատասխանությանը վերաբերող դիտարկումներ: Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են նաև կոնվենցիոն իրավունքների խախտումները որոշելիս պարզաբանման ենթակա հարցեր և դրա հետ կապված կոնկրետ նախադեպեր։

 Հիմնական զեկուցումներով հանդես են եկել ԵԽ միջազգային փորձագետ Հոլգեր Հեմբախը, Ֆրանսիայի պետական խորհրդի դատավոր Թիմոթի Պարիսը և ազգային փորձագետ Արայիկ Ղազարյանը:

 Միջոցառմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Արտյոմ Սեդրակյանի գլխավորությամբ: Միջոցառմանը մասնակցել են նաև Արդարադատության ակադեմիայի, Սահմանադրական դատարանի, Դատախազության, Դատական դեպարտամենտի և Փաստաբանական պալատի ներկայացուցիչներ։

 Աշխատաժողովը կազմակերպվել էր «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակում՝ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի աջակցությամբ: