Եվրասիական նոտարական միության անդամ պետությունների նոտարները խորացնում են փոխգործակցությունը

11/09/2015

 ՀՀ նոտարական պալատում սեպտեմբերի 11-ին տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նոտարական պալատների ներկայացուցիչների միջև: Հանդիպումը կայացել է Եվրասիական նոտարական միության անդամ պետությունների նոտարական պալատների միջև կնքված համաձայնագրի շրջանակներում:

 ՀՀ նոտարական պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է նման հանդիպումների անցկացումը՝ նշելով, որ այսօրինակ միջոցառումներն ուղղված են նոտարների մասնագիտական հմտությունների զարգացմանը, փորձի փոխանակմանը և օրենսդրության կատարելագործմանը:

«Այսպիսի հանդիպումները հնարավորություն կտան հետագայում էլ ավելի կատարելագործել նոտարական աշխատանքները՝ նպաստելով մարդկանց շահերի առավելագույնս արդյունավետ սպասարկմանը»,- ասել է Հասմիկ Հարությունյանը:

 ՀՀ նոտարական պալատի վարչության անդամ Մարինե Մանուկյանը ներկայացրել է էլեկտրոնային նոտարի համակարգի ներդրումը ՀՀ-ում և տվյալ համակարգի առանձնահատկությունները մեկ պատուհան սկզբունքով իրականացվող գործարքների տեսակներով՝ իրավաբանական անձանց գրանցումները պետական ռեգիստրում, անշարժ գույքի գործարքներից ծագող իրավունքների գրանցումները կադաստրում և այլն: Ըստ նրա՝ էլեկտրոնային կառավարման մոդելը նպաստել է ծառայությունների որակի բարձրացմանը՝ ապահովելով առավել թվով քաղաքացիների սպասարկում՝ միևնույն ժամանակ բացառելով հերթերի գոյացումը և խնայելով ժամանակը:

 ՀՀ նոտարական պալատի աշխատակազմի ղեկավար Կարինե Թորոսյանը ներկայացրել է էլեկտրոնային նոտարի համակարգի կիրառման կարգը, ինչի շնորհիվ հնարավոր է եղել զարգացնելու համակարգի ինստիտուցիոնալ բաղադրիչները՝ էլեկտրոնային արխիվի ստեղծում, փաստաթղթաշրջանառության նվազում, նոտարների և ֆիզիկական անձանց միջև տվյալների փոխանցման հասանելիություն, համակարգված վերահսկողություն և այլն: Այս ամենը, ըստ նրա, նպաստում են նոտարական համակարգի գործառնական արդյունավետության բարձրացմանը:

 Հյուրերը, բարձր գնահատելով վերջին տարիներին Հայաստանում նոտարական համակարգի բարեփոխումները, ներկայացրել են իրենց երկրների նոտարական ոլորտի առանձնահատկությունները՝ նշելով, որ նման քննարկումները լավ հնարավորություն են միմյանց փորձն ուսումնասիրելու և այն կիրառելու համար:

 Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև վերջին տարիներին նոտարական համակարգում իրականացվող օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին առնչվող հարցերը, շրջայց են կատարել Երևանում գործող նոտարական գրասենյակներում:

 Արտասահմանից ժամանած նոտարները այցելել են նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել հուշակոթողին և շրջայց կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: