Սուրեն Քրմոյանը ճանաչվել է տեղեկատվության ազատության լավագույն բարեփոխիչ

28/09/2015

 Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում տեղեկատվության ազատության լավագույն բարեփոխիչ է ճանաչվել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: 

 Մրցանակը նախարարի տեղակալին է հանձնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը:

 Սուրեն Քրմոյանն այս մրցանակը համարել է Արդարադատության նախարարության և Կառավարության աշխատանքի գնահատականը և ընդգծել, որ տեղեկատվության թափանցիկությունը կոռուպցիայի դեմ պայքարի ամենակարևոր գործիքներից է:

 Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը, ԶԼՄ ներկայացուցիչներ, այլք:

 Արդեն 13-րդ անգամ անցկացվող ամենամյա մրցանակաբաշխության նպատակն է ամրապնդել հրապարակայնությունն ու թափանցիկությունը Հայաստանի կառավարման համակարգում, ինչպես նաև այն դարձնել ազդեցիկ միջոց չհիմնավորված փակ և գաղտնի գործունությունը հրապարակելու, քննադատելու և միաժամանակ բարձր գնահատելու պետական մարմինների բաց և թափանցիկ աշխատանքը:

 Հիշեցնենք, որ «Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխություն 2011»-ին ՀՀ արդարադատության նախարարության ինտերնետային կայքը՝ www.moj.am-ը, ճանաչվել էր Հայաստանի Հանրապետության 2011 թվականի լավագույն պաշտոնական ինտերնետային կայք: