Աշխատանքային քննարկում հակակոռուպցիոն գործող ռազմավարության միջոցառումների ծրագրի և նոր ռազմավարության մշակման վերաբերյալ
12/01/2018
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018թթ. միջոցառումների ծրագրի և հակակոռուպցիոն նոր ռազմավարության մշակման քայլերին ուղղված աշխատանքային քննարկում: Վերջինին մասնակցել են հակակոռուպցիոն ծրագրերում ներգրավված հասարակական կազմակերպությունների շուրջ 2 տասնյակ ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում Սուրեն Քրմոյանը մասնակիցների հետ քննարկել է գործող ռազմավարության միջոցառումների ծրագիրը՝ կատարված և դեռևս կատարման ենթակա բաղադրիչներով, նոր ռազմավարության մշակմանն ուղղված առաջարկները և հետագա համագործակցության ձևաչափի ընտրությանը վերաբերող հարցերը: Այնուհետև, կողմերի միջև հաջորդել է ակտիվ քննարկում ներկայացված հարցերի վերաբերյալ:
Անդրադառնալով նոր ռազմավարության տեսլականին՝ Սուրեն Քրմոյանն առանձնացրել է 3 հիմնական կետ՝ կանխարգելման բլոկ, որը ներառելու է պետություն-մասնավոր համագործակցության կանոնակարգում և պետական համակարգում համատարած էլեկտրոնային գործիքակազմի ներդրում՝ բացառելով կոռուպցին ռիսկերը, իրավապահ բլոկ, որը ներկայանալու է կոռուպցիոն հանցագործությունների քննման անկախ և արդյունավետ համակարգով, ինչպես նաև կրթության ու հանրային իրազեկվածության բլոկ, որը ներառելու է հակակոռուպցիոն համատարած հանրային իրազեկման քարոզարշավ:
Ամփոփելով քննարկումը՝ նախարարի տեղակալը հավաստիացրել է հանդիպման մասնակիցներին, որ նոր ռազմավարության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու հարցում որևէ սահմանափակում չի լինելու, ավելին՝ ներկայացվելիք առաջարկությունների զգալի մասը տեղ կգտնի նոր ռազմավարության մեջ: