Աշխատանքային հանդիպում՝ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում

29/05/2018

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել հերթական աշխատանքային հանդիպում՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում: Հանդիպման ընթացքում քննարկվել են դատաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր:

Պատասխանելով քաղհասարակության անդամներին հետաքրքրող հարցերին՝ նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը մասնավորապես անդրադարձել է Քրեական դատավարության օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների միջոցով կալանքի փոխարեն այլընտրանքային պատիժների կիրառման ինստիտուտի ներդրմանը, քրեակատարողական համակարգում բժշկական ծառայությունների արդիականացմանը և սննդի ծառայության բարելավման ուղղությամբ «Գորիս» ՔԿՀ-ում մեկնարկած պիլոտային ծրագրին, որն ըստ փոխնախարարի՝ նոր որակ կապահովի ՔԿՀ-ներում սննդի ծառայության մատուցմանը: Արթուր Հովհաննիսյանն անդրադարձել է նաև Պրոբացիայի պետական ծառայության ոլորտում կատարվող աշխատանքներին, ինչպես նաև ԴԱՀԿ ծառայության շարունակական կատարելագործմանը՝ նշելով նոր օրենդրական ակտի մշակման անհրաժեշտությունն այս ոլորտում:

Հաջորդիվ, քաղհասարակության անդամներին հուզող հարցերին պատասխանել է նաև նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը՝ մարդու իրավունքներին առնչվող շեշտադրումներով:

Աշխատանքային hանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք այլ հարցերի ևս, որոնց վերաբերյալ փոխնախարարները ներկայացրել են Արդարադատության նախարարության կողմից վարվող պետական քաղաքականությունը և այդ համատեքստում կարևորել քաղհասարակության ներկայացուցիչների հետ կոորդինացված և կառուցողական համագործակցությունը՝ առկա մարտահրավերներին առավելագույնս արդյունավետ լուծումներ առաջադրելու նպատակով: