Դեպի վեր

Օրենսդրորեն կկարգավորվեն Հայաստան անօրինական տեղափոխված կամ ՀՀ-ում ապօրինի պահվող երեխայի վերադարձի հետ կապված հարաբերությունները

06/09/2018

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի գլխավորությամբ սեպտեմբերի 5-ին Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) փորձագետների հետ տեղի է ունեցել Հաագայի՝ երեխաների առևանգման կոնվենցիայի իրականացման և կիրառման համար մշակված համապատասխան օրենքի նախագծի շուրջ քննարկում:

Վերջինին մասնակցել են Գերմանիայի Դաշնության Համմի առաջին ատյանի դատարանի դատավոր Մարտինա Էրբ-Քլյունեմանը, ՀՀ ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Անի Մխիթարյանը, Գերմանիայի արդարադատության դաշնային ծառայութան, Միջազգային խնամակալության, երեխաների առևանգման, երեխաների և չափահասների պաշտպանության 113 վարչության պետ Քրիստիան Հյոնը, ՀՀ ԱՆ միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Քրիստիննե Գրիգորյանը, օրենքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամները:

Փոխնախարար Սուրեն Քրմոյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին և իր երախտագիտությունը հայտնել գերմանացի գործընկերներին՝ իրավական ոլորտում իրենց լավագույն փորձը Արդարադատության նախարարությանը մշտապես ներկայացնելու համար:

Սուրեն Քրմոյանն ընդգծել է նաև թեմայի շուրջ կազմակերպված հանդիպման կարևորությունը և նշել, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանը ջանքեր է գործադրում օրենքի հետ առնչվող անչափահասների իրավունքները լիարժեքորեն պաշտպանելու ուղղությամբ: «Երեխաների առևանգման հարցերը այն կարևոր խնդիրներն են, որոնք այսօր միջազգային հանրությունը կարգավորել է համապատասխան միջազգային իրավական գործիքների միջոցով: Հայաստանում նույնպես Կոնվենցիայի հիման վրա գործում են մարմիններ, այդուհանդերձ, գործնական մի շարք խնդիրների պատճառով մենք որոշել ենք փոխել այս օրենսդրությունը: Հիմնական խնդիրը կայանում էր նրանում, որ առևանգված երեխային վերադարձնելու կամ չվերադարձնելու որոշումը ընդունում էր վարչական մարմինը և ոչ դատարանը: Պաշտպանված չէր անձի դատական պաշտպանության իրավունքը, բացի դրանից դատական որոշման բացակայությունը թույլ չէր տալիս նաև Հարկադիր կատարման ծառայությանը ներգրավել այդ գործընթացում»- փոխնախարարը:

Գործակալության պետ Անի Մխիթարյանը, օրենքի մշակման աշխատանքային խմբի փորձագետ Տաթևիկ Սարուխանյանը  գերմանացի փորձագետներին են ներկայացրել նոր օրենսդրությամբ  նախատեսվող մի շարք դրույթներ և անդրադարձել Հայաստան անօրինական տեղափոխված կամ ՀՀ-ում ապօրինի պահվող երեխայի վերադարձի ընթացակարգերին,  ՀՀ կառավարության կողմից որոշված կենտրոնական մարմնի և իրավասու այլ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության հետ կապված հարաբերությունների համապարփակ իրավական կարգավորմանը, ինչպես նաև նոր օրենքով նախատեսված մի շարք մեխանիզմների կիրառմանը:

Դատավոր Մարտինա Էրբ-Քլյունեմանը և Գերմանիայի արարադատության դաշնային ծառայութան, Միջազգային խնամակալության, երեխաների առևանգման երեխաների և չափահասների պաշտպանության 113 վարչության պետ Քրիստիան Հյոնը ողջունել են հայ գործընկերներին և նկատել, որ մի շարք դրական և տեսանելի փոփոխություններ են կատարվել համապատասխան օրենսդրության մեջ, ինչը թույլ է տալիս ասել, որ Հայաստանը ճիշտ ուղի է ընտրել:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն