Արդարադատության նախարարն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավարին
05/03/2019
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մարտի 4-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոս Ջիակոմոպուլոսին: Հանդիպմանը մասնակցել է նաև Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան:
Նախարարը գործընկերոջ հետ քննարկել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը, բանտային առողջապահության որակի բարձրացմանն ու Պրոբացիայի ծառայության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Նախարարի խոսքով՝ ներկայիս Կառավարությունը կրում է Հայաստանում իրականացված ոչ բռնի, թավշյա հեղափոխության ոգին և պատասխանատվությունը՝ իրականացնելու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում բարեփոխումներ: «Կառավարության նոր ծրագրում հատուկ տողով արձանագրված է Հայաստանի պատրաստակամությունն ու վճռականությունը ՄԻԵԴ վճիռների կատարումն ապահովելու ուղղությամբ»,- ասել է նախարար Զեյնալյանը՝ միաժամանակ հավելելով, որ թեև Հայաստանը ԵԽ-ում լավ դիրքեր է զբաղեցնում ՄԻԵԴ վճիռների կատարման ասպարեզում, սակայն այս Կառավարությունն այդ ձեռքբերմամբ չի բավարարվելու և անելու է հնարավորը առավելագույն արդյունք գրանցելու համար:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ օրենսդրական կարևոր նախաձեռնությունները, մասնավորապես քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի նախագծերն, ընթացքի մեջ են, և, Կառավարության ու Օրենսդիր մարմնի միասնական լինելով պայմանավորված, դրանք շատ արագ կընդունվեն և կյանքի կկոչվեն:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացված «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագիրը, քննարկվել են դրա շարունակականության հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանասավորվող «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի մի շարք հարցերին: