Փոխնախարար Քոչարյանը դասախոսել է մարդու իրավունքների պաշպանության արդի մարտահրավերների վերաբերյալ

05/03/2019

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը մարտի 4-ին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում հանդես է եկել «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմների կիրարկումը Հայաստանում» թեմայով դասախոսությամբ: Միջոցառմանը, որը կազմակերպվել էր «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակում, մասնակցել են նաև ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասին, ԵՄ հայաստանյան գրասենյակի համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո դե լա Ռոսան, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ նախագահ Սաթենիկ Բաղդասարյանը, մարդու իրավունքների պաշտպանությամբ հետաքրքրված հանրության և ուսանողության ներկայացուցիչները:

Փոխնախարար Քոչարյանը ողջունել է ներկաներին և իր երախտագիտությունն է հայտնել ՄԱԶԾ և ԵՄ հայաստանյան գրասենյակներին արդյունավետ համագործացության համար: Վիգեն Քոչարյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության կողմից մշակված Մարդու իրավունքների խթանման և պաշտպանության ոլորտում մեխանիզմները, խոսել է ՄԻՊ ռազմավարության և Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային հանձնառությունների մասին: Վ. Քոչարյանը կարևորել է նաև երիտասարդների դերն ու նշանակությունը այս ոլորտում առաջընթաց ապահովելու համար և կոչ արել ուսանողներին մշտապես ակտիվություն ցուցաբերել, պաշտապանել իրենց իրավունքները և միևնույն ժամանակ չխախտել, չոտնահարել այլ անձանց իրավունքները, արժանապատվությունն ու ազատությունները: Հանդիպման ավարտին Վիգեն Քոչարյանը պատասխանել է ուսանողների հարցերին, ներկայացրել ՄԻՊ ռազմավարությամբ նախատեսված և պլանավորվող գործունեությունը, անդրադարձել հանրությանը հուզող արդարադատության ոլորտին և հասարակական-քաղաքական կյանքին վերաբերվող հարցերին:

Հիշեցնենք, որ «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ: