Դեպի վեր

Արդարադատության նախարարն ընդունել է հակակոռուպցիոն ոլորտի միջազգային փորձագետների

16/04/2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Երևանում կայանալիք Հակակոռուպցիոն միջազգային համաժողովի կազմակերպիչ, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանին, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հակակոռուպցիոն փորձագետներ Անգա Թիմիլսինային, Աիդա Արությունովային և Համաշխարհային բանկի գողացված ակտիվների վերականգնման նախաձեռնության համակարգողի տեղակալ Շերվին Մաջլեսսիին: Նշենք, որ փորձագետները Հայաստան են ժամանել՝ մասնակցելու ապրիլի 17-ին մեկնարկող «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը` միջազգային փորձի ներքո»  կառավարություն-քաղաքացիական հասարակություն փորձագիտական միջազգային երկօրյա համաժողովին: Այն կազմակերպվում է ՀՀ արդարադատության նախարարության, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ու Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի հետ համագործակցությամբ։

Հանդիպմանը մասնակցել են նաև արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը,  Հայաստանում ՄԱԶԾ, կառավարման և IBM բաժնի ղեկավար Ալլա Բակունցը, Հայաստանում ՄԱԶԾ քաղաքականության գծով խորհրդական Դավիթ Հարությունյանը, այլք:

Կարեն Զադոյանը շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարարին հակակոռուպցիոն միջազգային համաժողովից առաջ փորձագիտական խմբի հետ հանդիպելու համար և նշել, որ Իրավաբանների հայկական ասոցիացիան և ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան անելու են առավելագույնը համերաշխության, համագործակցության և կոնսենսուսի վրա հիմնված Հակակոռուպցիոն նոր ռազմավարություն ունենալու համար:

Նախարար Զեյնալյանը նշել է, որ Կառավարությունը վճռական է՝ նյութականացնելու հեղափոխությամբ ձերքբերված ոչ նյութական արժեքը: «Մենք պատրաստ ենք մեր ուժերի ներածին չափով համագործակցել ձեզ հետ՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում առավելագույն գիտելիք և փորձ քաղելու համար»,- նշել է Արտակ Զեյնալյանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համաժողովում քննարկվելիք թեմաներին, մասնավորապես՝ Հակակոռուպցիոն անկախ մարմնի տեսակին, ապօրինի ճանապարհով ձեռքբերված ակտիվների վերադարձման ինստիտուտի ներդրման միջազգային փորձին, հակակոռուպցիոն կրթությանը և այլ հարցերի:

              

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն