Հանրային քննարկում՝ Փաստահավաք հանձնաժողովի կազմավորման և գործունեության շուրջ

26/12/2019

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել դատաիրավական բարեփոխումների 2019-2023 թթ. ռազմավարության շրջանակում Փաստահավաք հանձնաժողովի կազմավորման և գործունեության միջազգային փորձի կիրառման ու հնարավոր հայեցակարգային մոտեցումների շուրջ հանրային քննարկում: ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկմանը մասնակցել են ՀՀ ազգային ժողովի պատգամավորներ, պետական և հասարակական կազմակերպությունների շուրջ երկու տասնյակ ներկայացուցիչներ:

Փոխնախարար Գրիգորյանը, ողջունելով ներկաներին, տեղեկացրել է, որ Կառավարության կողմից հաստատված Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությամբ արձանագրված է Փաստահավաք հանձնաժողովի կազմավորման ժամկետներն ու գործունեության հիմնական ուղղությունները և այդ համատեքստում նշել է, որ նման քննարկումները միտված են Փաստահավաք հանձնաժողովի վերաբերյալ օրենքի նախագծի մշակման լայն մասնակցայնության ապահովմանը:

Անդրադառնալով Արդարադատության նախարարության կողմից կատարված աշխատանքների ներկա փուլին՝ փոխնախարարը տեղեկացրել է մասնակիցներին, որ քննարկման օրակարգում ներառված է միջազգային փորձի ուսումնասիրման և առկա մոդելների կիրառման հետ կապված հարցերը: Որպես Փաստահավաք հանձնաժողովի գործունեության նպատակներ նշվել են՝

  • Բացահայտել և հաստատել մերժված և վիճելի փաստերը
  • Ճանաչել, զորակցել, պաշտպանել տուժողներին
  • Իրազեկել, խրախուսել վարքագծի փոփոխություններ, սոցիալական և քաղաքական վերափոխումներ
  • Ստեղծել հաշտեցման հարթակ
  • Աջակցել բարեփոխումներին:

Համաձայն Ռազմավարության՝ Փաստահավաք հանձնաժողովը հավաքելու է մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների վերաբերյալ փաստեր առնվազն հետևյալ ոլորտներում՝ ա) 1991 թվականի սեպտեմբերից ի վեր տեղի ունեցած ընտրական գործընթացներ, բ) 1991 թվականի սեպտեմբերից ի վեր հետընտրական գործընթացում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ, գ) Հայաստանում պետության կամ հասարակության կարիքների համար գույքի հարկադիր օտարումներ, դ) սեփականազրկումների այլ դրսևորումներ, ե) ոչ մարտական պայմաններում զոհված զինվածառայողներ։ Հանձնաժողովի գործունեության վերջնարդյունքը զեկույցի հրապարակումն է, որտեղ արտացոլված կլինեն փաստահավաք գործունեության ընթացքում հավաքված տեղեկությունները։ Հավաքված տեղեկությունների հիման վրա Հանձնաժողովը Ազգային ժողովին և Կառավարությանը կներկայացնի խորհրդատվական եզրակացություն՝ այդ իրավախախտումներից տուժած անձանց իրավունքների վերականգնման հնարավորության, ձևերի, չափերի և դրա անհրաժեշտության, ինչպես նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ:

Քննարկմանը հաջորդել է շահագրգիռ հարցուպատասխանը մասնակիցների միջև: