Նվարդ Վարդանյանը Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավարին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումները

12/10/2022

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Նվարդ Վարդանյանն ընդունել է Զարգացման իրավունքի միջազգային կազմակերպության (IDLO) հայաստանյան գրասենյակի ղեկավար տիկին Օլենա Ռոդիոնենկոյին:
Հանդիպման ընթացքում Նվարդ Վարդանյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության՝ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ուղղությունները, Նախարարության կողմից ներկայումս իրականացվող բազմոլորտ բարեփոխումային ծրագրերը, ինչպես նաև՝ ընդգծել միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համագործակցությունն ընդլայնելու հնարավորության կարևորությունը:  
Վարդանյանը նշել է, որ ներկայումս Արդարադատության նախարարությունն աշխատանքներ է իրականացնում Հայաստանում արբիտրաժային կենտրոնի ստեղծման ուղղությամբ և ընդգծել այս գործընթացում միջազգային փորձագետների ներգրավման հնարավորությունը և արժեքավորությունը:
Վարդանյանը ներկայացրել է նաև կոռուպցիայի դեմ պայքարում Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումային ծրագրերի ընթացքը և անդրադարձ է կատարել հակակոռուպցիոն դատարանի դատավորների՝ միջազգային չափանիշներին համապատասխան վերապատրաստումներ անցնելու հարցին: Այս լույսի ներքո, երկուստեք ընդգծվել և կարևորվել է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում միջազգային փորձագիտական աջակցություն տրամադրելու և վերապատրաստմներ իրականացնելու հնարավորության հարցը:
Միջազգային գործընկերոջ կողմից վերահաստատվել է հաշտարարության ոլորտում միջազգային լավագույն փորձի ներդրման և միջազգային փորձագիտական աջակցություն տրամադրելու հրամայականը:
Հանդիպման ավարտին քննարկվել են ոլորտային բարեփոխումներին միտված մեկնարկային ու հաջորդիվ քայլերը։