Պարզաբանում դատավորների աշխատավարձերի վերաբերյալ

24/10/2023

Մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, թե դատավորների իրավունքները  խախտվում են, և 60 տոկոս «աշխատավարձը բարձրացնելու պատրվակով իշխանությունը նրանց զրկում է հավելավճարներից»:
Հայտնում ենք, որ տեղեկությունն առնվազն թյուրըմբռնման արդյունք է, այդ թվում՝ «հավելում» և «հավելավճար» հասկացությունների համատեքստում: Հետևաբար, այն պնդումը, որ արտաժամյա, գիշերային ժամերին, տոնական ու հանգստյան օրերին դատավորները չեն վարձատրվելու չի համապատասխանում իրականությանը, այլ պարզապես վերջիններս չեն ստանալու ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքի, ինչպես նաև արտաժամյա և գիշերային ժամերին կատարված աշխատանքի համար ստացված վարձատրության հավելումը:
Սակայն նոր օրենսդրական նախաձեռնության արդյունքում՝ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով սահմանվում է հավելում՝ առաջին ատյանի դատավորների համար՝ 60 տոկոսի չափով, իսկ վերաքննիչ ատյանի դատավորների համար՝ 55 տոկոսի չափով: Ավելացվող աշխատանքի վարձատրության ֆոնդը կազմելու է մոտավորապես 1 միլիարդ 640 միլիոն ՀՀ դրամ:  
Միաժամանակ հարկ է նշել, որ նմանատիպ իրավակարգավորումներն արդեն իսկ 2023 թվականի մայիս ամսից գործում են Հակակոռուպցիոն դատարանի դատավորների նկատմամբ կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում և շուրջ կես տարի է ինչ նշված կարգավորումները կիրառվում են Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանում:
Հետևաբար իրականությանը չհամապատասխանող պնդումներ կատարելուց և հանրությանը ապակողմնորոշող տեղեկություններ հայտնելուց զերծ մնալու համար հորդորում ենք առավել մանրամասն ուսումնասիրել ներկայացվող օրինագծերը: