Վենետիկի հանձնաժողովի փորձագետներին է ներկայացվել Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի արդյունավետության բարձրարացմանն ուղղված նոր մեխանիզմները

09/11/2023

Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը և Վերահսկողական վարչության պետ Հայկ Սանոյանն առցանց հանդիպում են ունեցել Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների և Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ:
Հանդիպման նպատակն էր պարզաբանումներ ներկայացնել նոր հայեցակարգային նախաձեռնության վերաբերյալ, որի առնչվությամբ ակնկալվում է Վենետիկի հանձնաժողովից փորձագիտական կարծիքը: Հայեցակարգով նախատեսվում է լուծումներ գտնել Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի հզորացման և արդյունավետությունը բարձրացնելու, հանձնաժողովի ձևավորման կարգը կատարելագործելու և հանրային վերահսկողության մեխանիզմները բարելավելու համար` հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի վերջին տարիների ներկայացրած դիրքորոշումները:
Ներկայացվել են նախաձեռնության նախապատմությունը, պատճառները և հիմնական լուծումները, ինչպես նաև պրակտիկայում դատավորների կարգապահական պատասխանատվության վարույթներում Արդարադատության նախարարության դերակատարման հարցերը, նախարարության ու Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի հարուցած վարույթների վիճակագրությունը, ինչպես նաև խնդիրները, որոնք պրակտիկայում ծագում են այս ոլորտում և հիմք են հանդիսացել նախաձեռնությամբ Վենետիկի հանձնաժողովին դիմելու համար:
Զեկուցումներից հետո տեղի է ունեցել հարցուպատասխան և Վենետիկի հանձնաժողովի փորձագետներին են ներկայացվել լրացուցիչ պարզաբանումներ:
Վենետիկի հանձնաժողովը նախաձեռնության վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու է այս տարվա դեկտեմբերին: