Նոտարների թեկնածուների առաջին քննությունն էլեկտրոնային եղանակով. 70 մասնակից որակավորման ստուգման առաջին փուլին

26/04/2024

Մարզային 7 և Երևանի 1 թափուր հաստիքների համալրման նպատակով՝ առաջին անգամ համակարգչային տեխնիկայով անցկացվել է նոտարների թեկնածուների որակավորման ստուգման գրավոր փուլը։
Համակարգչի միջոցով քննության անցկացումը մասնակիցներին հնարավորություն է տալիս խնայել և առավել օպտիմալ օգտագործել տրված ժամանակը: Որակավորման քննությունների կարգը փոխելուց հետո սա ևս մեկ կարևոր քայլ է՝ բարձրացնելու քննությունների անցկացման օբյեկտիվության մակարդակը և բացառելու հնարավոր կասկածները՝ դրանց անաչառության և անկողմնակալության վերաբերյալ:
Շուրջ 70 մասնակից պայքարում է Լոռու, Տավուշի, Արարատի, Շիրակի, Սյունիքի մարզերի և Երևան քաղաքի նոտարական տարածքների թափուր տեղերը զբաղեցնելու համար: Քննության արդյունքների ստուգումից և բողոքարկման ժամկետի ավարտից հետո կկայանա 2-րդ՝ բանավոր փուլը, որի անցկացման վայրի և օրվա մասին լրացուցիչ հայտարարություն կտարածվի, իսկ մասնակիցները կտեղեկացվեն իրենց ներկայացրած էլեկտրոնային հասցեների միջոցով: