Սնանկության գործերով կառավարիչների հետ կապված հայտարարություն և պարզաբանում

23/08/2012

ՀՀ արդարադատության նախարարությունը պարզել է, որ սնանկության գործերի վարման ընթացքում սնանկության գործերով որոշ կառավարիչներ իրենց գրագրության ժամանակ օգտագործում են ՀՀ արդարադատության նախարարության ձևաթղթեր (ՀՀ զինանշանով, «ՀՀ արդարադատության նախարարություն» վերտառությամբ և այլ):
Հայտնում ենք, որ սնանկության գործերով կառավարիչները իրավասու չեն պատրաստել և օգտագործել վերը նշված ձևաթղթերը: Սնանկության կառավարիչները չեն հանդիսանում ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցներ, իսկ նախարարությունն էլ իր հերթին պատասխանատվություն չի կրում սնանկության կառավարչի գործողությունից կամ անգործությունից առաջացած վնասների համար:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Կառավարիչ կարող է նշանակվել պետական լիազոր մարմնի կողմից կառավարության սահմանված կարգով` որպես սնանկության կառավարիչ որակավորված և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ հանդիսացող այն ֆիզիկական անձը, որը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր»։
Այսինքն, սնանկության կառավարչի պաշտոնում նշանակվելու համար անձը նախ պետք է ՀՀ արդարադատության նախարարությունում անցնի համապատասխան ստուգում և ստանա որակավորում, այնուհետև դառնա կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ և ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի գործակալությունում հաշվառվի որպես անհատ ձեռնարկատեր:
Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաև հնարավոր տարակարծություններից և թյուրիմածություններից խուսափելու նպատակով՝ նախարարությունն առաջարկում է սնանկության կառավարիչներին իրենց գործունեության ընթացքում չօգտագործել ՀՀ արդարադատության նախարարության ձևաթղթերը: