Դեպի վեր

Հրայր Թովմասյանն ընդունել է Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիային

14/12/2012

   ԱՄՆ դեսպանատան` Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված նախաձեռնությունների շրջանակում Հայաստանում գտնվող Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիան և նրա գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ հանդիպման ընթացքում քննարկեցին մարդու իրավունքներին, Հայաստանում անկախ դատական իշխանության ստաղծմանը, կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր:

   ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի  ուղերձները դրույթներ էին պարունակում նաև Հայաստանում կոռուպցիոն երևույթների առկայության և հասարակության կողմից դատական իշխանության նկատմամբ անվստահության վերաբերյալ: Միևնույն ժամանակ Թոմաս Մելիան գոհունակությամբ նշեց, որ առկա խնդիրների լուծումը վստահվել է խելացի մասնագետների:

   ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրեց իրավական պետության և ժողովրդավարության հաստատման ուղղությամբ Հայաստանում իրականացվող գործընթացները՝ ընդգծելով նաև, որ երկրում բյուրոկրատիզմն և կոռուպցիան դեռ կենսունակ են և, պատկերավոր ասած, պետական քաղցկեղի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է կիրառել «բուժման բոլոր մեթոդները՝ վիրահատականից մինչև քիմիաթերապիա և ֆիզիոթերապիա»:

   «Այս խնդիրները հանրապետության Նախագահի ուշադրության կենտրոնում են և նա իր բոլոր հրապարակային ելույթներում, հարցազրույցներում ընդգծում է կոռուպցիայի դեմ  պայքարի անհրաժեշտությունը», - ասաց նախարար Թովմասյանը:

Հանդիպման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարը նշեց նաև, որ որոշակի գործնական քայլեր կատարվել են, սակայն դրանք դեռևս բավարար չեն առկա խնդիրները լուծելու համար: Մասնավորապես՝ դատական իշխանությունը շարունակում է մնալ ամենախոցելին: 

   «Արդեն  հաստատվել է ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը, որի արդյունավետ կիրառումը ոչ միայն իմ, այլև քաղաքական իշխանության պատվի խնդիրն է»,- նշեց արդարադատության նախարարն, ընդգծելով, որ ոլորանից այն կողմ ուրվագծվում է այն դատական համակարգը, որը կունենանք ծրագիրն իրականացնելուց հետո: «Այս ամենը իրականացնելու ճանապարհին կա իհարկե բավականին մեծ դիմադրություն, հին և նոր մտածողությունների պայքար, սակայն ես հավատում եմ, որ բարեփոխումները ոչ միայն հնարավոր են, այլև անխուսափելի: Մենք պարտավոր ենք դրանք իրականացնել: Դա անհրաժեշտ է մեր երկրին», - իր խոսքում շեշտեց Հրայր Թովմասյանը:

   Կողմերը քննարկեցին նաև հետագա համագործակցության հնարավորությունները:

   Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի ներկայացուցիչ Քեթրին Նյուքոմբը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ  Ռուբեն Մելիքյանը և Եղիշե Կիրակոսյանը:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն