Երկու ծառայող ենթարկվել են կարգապահական տույժի

20/06/2012

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից անցկացված ծառայողական քննության արդյունքում հունիսի 15-ին ՀՀ ԱՆ պաշտոնակատար Հրայր Թովմասյանը համապատասխան հրամաններով կարգապահական տույժեր է սահմանել դատական ակտերի հարկադիր կատարող Մհեր Մեժլումյանի և քրեակատարողական ծառայող Արման Բաղդասարյանի նկատմամբ: 
Հ. Թովմասյանը հրամայել է ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև հարկադիր կատարողի վարքագծի կանոնները խախտելու համար Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի դատախազության հայցերով և քրեական գործերով բռնագանձումների բաժնի հարկադիր կատարող Մհեր Վարդանի Մեժլումյանի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ և հայտարարել խիստ նկատողություն։
Ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, քրեակատարողական ծառայողին ոչ հարիր և անթույլատրելի վարքագիծ դրսևորելու համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետ Արման Էլֆիկի Բաղդասարյանի նկատմամբ հրամանի համաձայն կիրառել պաշտոնի իջեցում կարգապահական տույժը։
Հրայր Թովմասյանը հրամայել է նաև Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող Մ. Պողոսյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Հ. Հարությունյանին կազմակերպել հրամանի իրազեկումը դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության և քրեակատարողական ծառայության անձնակազմերին։
Հրամանների քաղվածքներին ծանոթացեք ՀՐԱՄԱՆՆԵՐ  բաժնում: