Ռուբեն Մելիքյան. «Մենք պատրանքներ չունենք, որ սա լինելու է իդեալական օրենսգիրք». ՓԱՍՏԻՆՖՈ

18/10/2013

«Սարերի հետևում» չէ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի խորհրդարանական քննարկումների փուլը, բոլորը շունչ պահած սպասում են, թե երբ պետք է այն մտնի ԱԺ   նիստերի օրակարգ: Այն ներկայումս «կոսմետիկ» շտկումներ է անցնում: Քրեական դատավարության երեկվա, այսօրվա ու վաղվա մասին է «Փաստինֆո»-ի հարցազրույցը  ՀՀ արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանի հետ:       

-Ինչո՞ւ  որոշվեց ոչ թե  փոփոխություններ կատարել գործող օրենսգրքում, այլ մշակել նոր քրեադատավարական օրենսգիրք: 
 - Գալիս է մի ժամանակ, երբ արդեն փոփոխություններն ունակ չեն այն նոր անհրաժեշտությունը բավարարել, խնդիրները լուծել: Այդ խնդիրները մի քանի տարբեր հարթության վրա պետք է դիտարկել: Առաջինը՝  ինքնին քրեական դատավարական օրենսդրության արմատական վերանայման կարիք առաջացավ ՀՀ-ի  կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանին միանալուց հետո: Մեր գործող Քրեական դատավարության օրենսգիրքն ընդունվել է նախքան եվրոպական այդ կարևորագույն կառույցին` մեր միանալը և այս ընթացքում թե՛ մեր փորձը, թե՛ ամբողջ Եվրոպական դատարանի փորձը ցույց է տալիս, որ հենց քրեական դատավարության ոլորտն է, որ կրում է Եվրոպական դատարանի իրավաբանության ամենամեծ ներազդեցությունը, և մենք այստեղ բացառություն չենք կազմում: Հայաստանի Հանրապետության վերաբերյալ 43 գործերով վճիռներից մեծամասնությունը, որոնցով  Եվրոպական կոնվենցիայի որևէ դրույթի խախտում է արձանագրվել,   հենց քրեական դատավարության ոլորտին է վերաբերվում: Դա ներառում է թե՛ 6-րդ հոդված՝  Արդար դատաքննության իրավունք, թե՛ նույն  6-րդ հոդվածի ներքո անմեղության կանխավարկած, թե՛ 5-րդ հոդվածը, որ առավել մեծ թիվ է կազմում և որն անձի ազատության իրավունքին է վերաբերում, թե այլ  դրույթներ ևս, որոնք քրեադատավարական նշանակություն ունեն: 
 Սա մեկ բաղադրիչն էր, որ մենք արդեն իսկ ունենք՝  նույն եվրոպական կառույցների հետ աշխատանքի առումով,      նոր որակ ապահովելու խնդիր, իսկ   գործող Քրեական դատավարության օրենսգիրքը արդեն ունակ չէր «կար ու  ձևի միջոցով», եթե կարելի է այդպես ասել,  այդ խնդիրները լուծել:
 Երկրորդ  խնդիրների խումբը վերաբերում է նրան, որ մենք գործող Քրեական դատավարության օրենսգրքի ընդունումից հետո ունեցանք նաև սահմանադրական փոփոխություններ,  որը ենթադրում էր նորից գործող Քրեական դատավարության օրենսգրքի վերանայում: 
 Առհասարակ մենք նախագծում փորձել ենք ամենաառաջավոր փորձն օգտագործել, մեր գործընկերների, առաջին հերթին՝ եվրոպական, և այդ առումով, կարծում եմ, արդեն իսկ  նախագիծը գործող օրենսգրքի հետ համեմատ, կարծում եմ, մասնագետները կարող են առնվազն հետևություն անել, որ այն խնդիրները, որոնք լուծված են նախագծում,  հնարավոր չէր փոփոխությունների միջոցով լուծել: Զուտ տեքստուալ առումով մենք ունենք այսպես ասած՝ լեզվի փոփոխություն, դա ևս շատ կարևոր է՝ քրեական դատավարության լեզուն մենք համապատասխանեցրել ենք այն ծանոթ լեզվին, որ մենք կարդում ենք Եվրոպական դատարանի իրավաբանության մեջ: Մենք նոր ինստիտուտներ ենք ներառել քրեական դատավարությունում, որոնք գործող օրենսգրքում ներառված չէին: Եվ առհասարակ, եթե տեքսուալ վերլուծություն անենք, ես վստահ եմ, որ գործող օրենսգրքից տեքստուալ առումով 10-15 տոկոսից ավելին չի պահպանվել՝  առավելագույնն եմ ասում: Այսինքն՝ զուտ տեքստն այդքան փոփոխվել է, ոչ թե մենք որպես հիմք ընդունել ենք գործող օրենսգիրքը և դրա հիման վրա որոշ փոփոխություններ ենք կատարել, սա այդ դեպքը չի: Ընդ որում, պահպանվել են այն դրույթները, որոնք փոփոխման կարիք, կարծում եմ, շատ երկար չեն ունենա, մասնավորապես՝ անձեռնմխելիությունից օգտվող անձանց իրավական կարգավիճակի հետ կապված դրույթները: Մենք կատակով ասում ենք, որ այդ գլուխը միակն է, որտեղ ոչինչ չի փոխվել և պատճառն էլ այն է, որ հենց գլուխն ինքն էլ անձեռնմխելիությունից է օգտվում: Իրականում ամբողջովին է փոխվել թե՛ կառուցվածքային, թե՛ շատ այլ առումներով, և մեր աշխատանքը մեր գործընկերների հետ ցույց է տվել, որ  մասնագիտական առումով նորարարական լուծումներ, որ մենք  այստեղ տվել ենք, նաև հետաքրքիր են մեր գործընկերներին, ինչը մեր համար ուրախալի է:  

-Ովքե՞ր  են մասնակցել Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի մշակմանը, ովքե՞ր են  փորձագիտական օժանդակություն ցույց տվել օրինագծի մշակման հարցում: -ՀՀ նախագահի կարգադրությամբ ձևավորվել է հանձնաժողով, որն իրականացրել է ոչ թե նախագծի մշակման աշխատանքները, այլ  այսպես ասած՝ աշխատանքի ռազմավարական ղեկավարումը: Եվ միևնույն ժամանակ դեռևս 2010թ. ձևավորվել է աշխատանքային խումբ արդեն արդարադատության նախարարի իրավական ակտով՝ կազմված չորս մասնագետներից, որը հենց բուն մշակման աշխատանքն է կատարել: Աշխատանքային խմբի ղեկավարը Երևանի պետական համալսարանի դոցենտ Հրայր Ղուկասյանն է և  ԵՊՀ Քրեական դատավարության ամբիոնի ևս երեք դասախոսներ, այդ թվում՝ ես, երբ  մշտական էի աշխատում  Երևանի պետական համալսարանում, ներառված էինք աշխատանքային խմբում՝ Արման Թաթոյան, Դավիթ Մելքոնյան, Ռուբեն Մելիքյան:  Միևնույն ժամանակ, իհարկե, մենք առանձին չենք աշխատել և շնորհակալ ենք այն բոլոր մեր գործընկերներից, որ փորձագիտական օժանդակություն են տրամադրել: Առաջին հերթին ուզում եմ նշել GIZ կազմակերպությունը, որը մեր պաշտոնական գործընկերն էր և  ում կողմից  առաջարկված փորձագետի հետ մենք շատ երկար աշխատանք ենք կատարել՝  Գերմանիայի Դաշնությունից պրոֆեսոր, ներկայումս արդեն Դաշնային Գերագույն դատարանի դատավոր, պրոֆեսոր Ռատկեն: Որոշակի, բավական մեծ օժանդակություն ենք մենք ստացել նաև ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակից՝ փորձագետ է ներգրավվել Ռուսաստանի Դաշնությունից, ներկայում Մոսկվայի պետական համալսարանի քրեական դատավարության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գոլովկոն: Աշխատել ենք Հայաստանում ամերիկյան դեսպանատան փորձագետների հետ, ուզում եմ հատուկ ընդգծել, որ բավականին արդյունավետ աշխատանք է կատարվել  դեսպանատան իրավական հարցերով խորհրդական  Սթիվ Քեսլերի հետ:  
 -Նախագիծն անցել է միջազգային փորձաքննություն, ինչպե՞ս  է  գնահատել նախագիծը  փորձաքննություն անցկացրած ԵԱՀԿ-ն:   -Գնահատականն ընդհանուր առմամբ դրական էր: Բարձրացված էին  մի շարք խնդրահարույց հարցեր, որոնք մենք քննարկել ենք, դրանց մի մասի հետ համաձայնել ենք, համապատասխան փոփոխություններ ենք կատարել, մի մասի հետ մենք մասնագիտական անհամաձայնություն ունենք, այսինքն՝ աշխատանքային պրոցես է եղել և կարելի է ասել, որ  բավական արդյունավետ աշխատանքային պրոցես է եղել: 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: