Ռուբեն Մելիքյանն արձագանքում է Քրդատօրի նախագծի քննադատություններին. ՓԱՍՏԻՆՖՈ

21/10/2013

 ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը մշակվել ու լրամշակվել է,   և ներկայումս  այն գտնվում  է  Ազգային ժողովում, որտեղ քննարկումները դեռևս չեն սկսվել: Սակայն  արդեն իսկ ակնհայտ է, որ այն միանշանակ չի ընդունվում  փաստաբանների, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից: Խնդրահարույց նորամուծությունների մասին է «Փաստինֆո»-ի հարցազրույցի շարունակությունը ՀՀ արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանի հետ: 

 -Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի մասին շատ հակասական կարծիքներ կան՝ մի կողմից  նախագծի ընդդիմախոսները միանշանակ ասում են, որ սա բոլորովին նոր փաստաթուղթ է՝նոր մոտեցումներով, մյուս կողմից՝ որոշ մտավախություններ են հայտնում: Մասնավորապես, դրանցից կարևորագույնն առնչվում  է մեղադրյալների ցուցմունքների դեպոնացման ինստիտուտին: Թե՛  փաստաբանները,  թե՛ Մարդու իրավունքների պաշտպանը մտավախություններ ունեն, որ դա կարող է խթանել խոշտանգումները մինչդատական վարույթում:  Կուզենայինք լսել Ձեր կարծիքն այս քննադատության վերաբերյալ: 

- Ես փորձել եմ փաստարկների էությունը հասկանալ և պետք է խոստովանեմ, ինձ այդպես էլ չի հաջողվել այդ փաստարկների ողջ տրամաբանությունը հասկանալ: Եթե անգամ մեր կողմից առաջարկված կարգավորումները որևէ դրական բան չեն փոխում, եթե ընդունենք այդ վատագույն տարբերակը,  ապա առնվազն այն մտահոգությունների հարթության մեջ, որոնք որ բերվում են,  հաստատ վնաս չեն տալիս և տրամաբանորեն չէին էլ կարող տալ: 

 Փորձեմ մի օրինակ բերել և դրա հիման վրա կշարունակեմ ներկայացնել հարցը: Պատկերացրեք մենք ունենք մի թղթադրամ, շատ է խոսվում այն  մասին, որ թղթադրամը կեղծվում   է՝  դա մեղադրյալի ցուցմունքն է՝որպես ապացույցի տեսակ:  Ինչպես մենք գիտենք,  բոլոր թղթադրամներն աշխարհում պաշտպանական հատկանիշներ ունեն՝ դա կարող է լինել ջրային նշան, որոշակի թափանցիկ պատկեր և այլն: Մենք կարծում ենք, քանի որ այստեղ շատ են խոսակցությունները, չենք ուզում դեռ գնահատականներ տալ՝ օբյեկտիվ, թե ոչ օբյեկտիվ, կարծում եմ մասնակիորեն կարող է օբյեկտիվ լինել, մասնակիորեն՝  ոչ օբյեկտիվ, դա չէ էականը,  այլ որ կա քննադատություն թղթադրամի կեղծելի լինելու հարցի հետ կապված: Մենք առաջարկում ենք նոր պաշտպանական նշան ավելացնել, ինչն  առնվազն կեղծելիության առումով չի կարող վնասել, իսկ մեր գործընկերները հակադարձում են, ասում են՝ չէ, դա լավ գաղափար չի, որովհետև եթե այդ պաշտպանական նշանն էլ կեղծվի,  ուրեմն ճիշտ թղթադրամը սխալ թղթադրամից տարորոշելը կլինի շատ ավելի դժվար: 

 Հիմա փորձենք  արդեն խոսել  օրենսգրքի  լեզվով: Մենք այսօր ունենք հետևյալ իրավիճակը՝ ցանկացած մինչդատական ցուցմունք, այդ թվում նաև՝ խոստովանական   ցուցմունքը, հավասարապես ապացույց է դատարանում, ինչպես և դատարանում  տրված ցուցմունքը՝ դա մեր իրավական համակարգի բնորոշ հատկանիշներից է: Մենք անգլո-ամերիկյան իրավական համակարգի  ավանդույթին չենք պատկանում, որտեղ որ  մինչդատական վարույթ անգամ կարելի է  ասել՝ չկա,  եթե կա էլ՝  դա ապացուցողական նշանակություն չունի, ապացույցները ձևավորվում են դատարանում: 

Հարզացրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: