Ստեղծվել է համաուսուցման և իրավական դաստիարակության համակարգի բարեփոխումների հանձնաժողով

14/11/2013

 ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի  հրամանով ստեղծվել է համաուսուցման և իրավական դաստիարակության համակարգի բարեփոխումների հանձնաժողով:

 ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրում առանձնահատուկ տեղ է հատկացված իրավաբանական կրթության և հասարակության մեջ իրավական դաստիարակության համակարգի վերակառուցմանն ուղղված միջոցառումներին:

 Բարեփոխումների ռազմավարական ծրագիրը հաստատող  2012 թվականի հունիսի 30-ին արձակված ՀՀ նախագահի կարգադրության մեջ մասնավորապես նշված է, որ անհրաժեշտ է մշակել իրավաբանական կրթության բարեփոխման կառա­վա­րա­կան ծրագիր, որը կարտացոլի իրավական համաուսուցման և կրթության նպա­տակ­ների, խնդիրների, կազմակերպական ձևերի, բովանդակության և կառավար­ման հիմնահարցերի լուծմանն ուղղված խնդիրներն ու միջոցառումները, կրթության մեթոդաբանության և իրա­վա­գետ-մասնագետի պատրաստման մեթոդիկայի կատարելագործման ռազմավարությունը:

 Արդարադատության ոլորտում միջին մասնագիտական իրավաբանական կրթու­թյան նախատեսումն ու զարգացումը պետական և դատական համակարգի որոշ կառույցների գործունեության արդյունավետության բարձրացման տեսանկյունից նույնպես պատշաճ ուշադրության արժանի խնդիրներ են:

 ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովի կազմը հաստատվել է հաշվի առնելով անդամների վերաբերյալ ՀՀ կրթության և գիտության նախարարության 2013 թվականի հոկտեմբերի 10-ի 01/08.1/11988-13 թվակիր գրությամբ ներկայացված առաջարկները և հանձնաժողովի կազմում ընդգրկված անձանց համաձայնությունը:

 Կից  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 11-ի «Իրավական համաուսուցման և իրավական դաստիարակության համակարգի բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին» N 280-Ա հրամանի քաղվածքը: