ՀՀ արդարադատության նախարարի հանդիպումը ԿԽՄԿ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում գործառնությունների ղեկավարի հետ

20/11/2013

 ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում գործառնությունների ղեկավար Լորան Կորբանին:

 Լորան Կորբանի Հայաստան կատարած այցի նպատակն է ՀՀ կառավարության տարբեր գերատեսչությունների հետ հանդիպումների ընթացքում նախ ներկայացնել ԿԽՄԿ-ի ընթացիկ գործունեությունը Հայաստանում, ինչպես նաև ՀՀ իշխանությունների  հետ իրականացվող՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց որոնողական աշխատանքները:

 ՀՀ արդարադատության նախարարի հետ հանդիպման ընթացքում ՀՀ իշխանությունների և ԿԽՄԿ-ի միջև համագործակցության ոլորտները ներկայացնելուց հետո Լորան Կորբանը հետաքրքրվել է նաև, թե  «Անհետ կորած անձանց մասին» օրենքի նախագիծը, որ արդեն դրված է շրջանառության մեջ, երբ է ներկայացվելու խորհրդարանին:

 ՀՀ արդարադատության նախարարը պարզաբանել է, որ շահագրգիռ տարբեր գերատեսչություններից արդեն եզրակացություն և առաջարկություններ ներկայացրել են օրինագծի վերաբերյալ, այն այսօր ուսումնասիրվում է ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալությունում և առաջիկայում համապատասխան եզրակացությամբ օրինագիծը կուղարկվի կառավարություն:

 Կողմերն անդրադարձել են նաև անհետ կորած անձանց որոնման աշխատանքների արդյունքներին:  Նախարար Հրայր Թովմասյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունները խնդիրը լուծելու հարցում ապավինում են ԿԽՄԿ-ի փորձառությանը, պատրաստ են նաև աջակցել: Փոխանցելով ՀՀ իշխանությունների դիրքորոշումը, թե «մարդասիրությունը ոչնչով չի կարելի փոխարինել» Հրայր Թովմասյանը նաև շեշտել է, որ Հայաստանի իշխանությունները բարձր են գնահատում և կարևորում հումանիտար իրավունքի դերն ու նշանակությունը: «Մենք շատ ավելի բաց ենք աշխատում, պատրաստ ենք եղել անձանց փոխանակել առանց նախապայմանների, ինչը չի կարելի ասել ադրբեջանական կողմի վերաբերյալ: Ցավոք հակահայկական քարոզչությունը Ադրբեջանում հասցված է պետական մակարդակի»,-նշել է ՀՀ արդարադատության նախարարը:

 Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել, որ ապագայում շատ ավելի արագ հնարավոր կլինի «արդյունքներ գրանցել» անհետ կորածների որոնման հարցում:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտը: