Դեպի վեր

«Գնում եմ տուն այն ժամանակ, երբ կինս սպառնում է ամուսնալուծվել». Արտակ Զեյնալյան

08/01/2019

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն աշխատանքից տուն է գնում միայն այն ժամանակ, երբ կինը սպառնում է ամուսնալուծվել:

Տանը նա ինքն է վերանորոգում տեխնիկան, ստուգում ջրի խողովակաշարերը և այլն. «Լավագույնը ես եմ անում, ու՞մ վստահեմ»,- նշում է նա:

Իրավաբան.net-ը  2018 թվականն ամփոփել է նախարարի պաշտոնակատարի հետ, իմացել նրա նախասիրությունների, ընտանիքի, խոհանցում ունեցած հմտությունների մասին, լսել արդարադատության ոլորտում կատարված աշխատանքի վերաբերյալ նրա գնահատականն ու կարծիքը:

Արտակ Զեյնալյանը՝ արդարադատության նախարար

– Պարոն Զեյնալյան, ինչպե՞ս կգնահատեք 2018 թվականը Հայաստանի համար: Իրավական ոլորտում ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք:

– 2018 թվականը պատմական տարի կարելի է բնութագրել, այն շրջադարձային էր Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության մեջ: 2018 թվականին տեղի ունեցավ իշխանափոխություն, որը երկար տարիներ, տասնամյակներ ակնկալում էինք, երազում էինք և չէր ստացվում ընտրությունների միջոցով իրականացնել: Դա տեղի ունեցավ հեղափոխության միջոցով: Սա, հիրավի, կարելի է ասել, դարակազմիկ իրադարձություն էր Հայաստանի ժողովրդի կյանքում:

Իրավական առումով ինչպիսի ձեռքբերումներ ունեցանք: 2018 թ-ի ընթացքում ՀՀ-ում տեղի է ունեցել երկու խոշոր ընտրություններ, սրանք միաժամանակ և՛ իրավական, և՛ քաղաքական իրադարձություններ են. Երևան քաղաքի ավագանու ընտրությունները նախ տեղի ունեցան, այնուհետև խորհրդարանի արտահերթ ընտրությունները, և այս ընտրությունների արդյունքների նկատմամբ կա համընդհանուր հավատ և վստահություն, որ դրանք արտահայտում են ժողովրդի իրական կամքն ու պատկերը: Սա կարող եմ համարել ամենամեծ իրավական ձեռքբերումը 2018թ-ին:

-Հեղափոխությունից հետո Դուք նշանակվեցիք արդարադատության նախարարի պաշտոնում, ի՞նչ տվեց Ձեզ այս պաշտոնը:

– Պաշտոնը ինձ ոչինչ տալ չի կարող: Պետք է ես կարողանամ տալ այն պաշտոնին, որը ես զբաղեցնում եմ: Սա ծառայություն է, որին ես անցել եմ և պիտի ձգտեմ և ձգտում եմ առավելագույնս նվիրումով ծառայել պետությանը և ժողովրդին:

– Այս տարի «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարվեց: Ունեի՞ք մտավախություններ այս կարևոր ակտի ընդունումից առաջ:

– Բնականաբար, ցանկացած նմանատիպ մասշտաբային իրադարձություն նաև ծնում է բնական կանխատեսումներ՝ բացասական դրսևորումների ձևով: Երկար քննարկվեց այս նախագիծը: Արդարադատության նախարարությունում այն պատրաստ է եղել իմ նշանակումից երեք շաբաթ անց, սակայն ընդունվեց աշնանը: Շատ քննարկումներ եղան սրա շուրջ. այն նաև գաղտնազերծվեց կարգի խախտմամբ, գաղտնազերծումից հետո հանրային երկարատև ու բուռն քննարկումներ տեղի ունեցան: Պիտի ասեմ, որ մենք դեռևս համաներումով ազատ արձակված անձանցից մեկին ունենք, որ ձերբակալվել է, կամ երկու հոգի՝ ոչ ավել: Ցուցանիշները, աշխարհում տեղի ունեցած համաներումների ստատիստիկան շատ ավելի դժգույն է, քան այն, ինչ այս պահին մենք ունենք: Համաներումով ազատ են արձակվել նրանք, ովքեր առաջին անգամ են եղել դատապարտված, կրկնահանցագործների վրա համաներումը չի տարածվել, օրենքով այդպիսի բացառություն նախատեսված եղել է, ուստի հանցավորության մակարդակի բարձրացումն ուղղակիորեն պայմանավորել համաներմամբ ազատ արձակվածներով, կարծում եմ, ուղղակի կապ չկա դրանց միջև: Չի բացառվում, բայց միևնույն ժամանկ պնդել, որ դա հետևանք է համաներման, չենք կարող:

-Քննարկումները շատ էին նաև ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանվողներին համաներում շնորհելու վերաբերյալ: Ի՞նչ կարծիք ունեք այս մասին, արդյո՞ք պետք էր նրանց ևս համաներում շնորհել:

-Դրա վերաբերյալ բազմիցս հանդես եմ եկել հրապարակային բացատրություններով, և՛ ես, և՛ քաղաքային իշխանությունը: Պիտի ասեմ, որ համաներումն ընդունվել է Ազգային ժողովի բոլոր ներկա պատգամավորների կողմից միաձայն քվերաությամբ: Սա քաղաքական փաստաթուղթ է և  կառավարության ու օրենսդիր մարմնի կամքն է արտահայտում, լեգիտիմ իշխանության կամքն է արտահայտում: Սա բետոնյա գնահատական է այդ համաներման ակտին:

– Պարոն Զեյնալյան, վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը ինչ հաջողություններկամ ինչ հետընթաց գրանցեց այս տարիԱրդյո՞ք չպետք է աշխատել այս ինստիտուտի զարգացման ուղղությամբ, այլ ոչ թե ընդհանուր համաներում կիրառել, անհատապես՝ անձ առա անձ անդրադառնալ կալանավորին կամ դատապարտյալին:

 

– Իրավացի եք, համաներման ակտը լավագույն միջոցը չէ, այս ոլորտում խնդիրները լուծելու: Հեղափոխությունից հետո երբ կիրառվեց համաներման ակտը, ընդ որում, ոչ միայն քրեական, այլև վարչական ոլորտում, սրանք անցումային արդարադատության էլեմենտներ էին, որոնք մենք իրագործեցինք: Պայմանական վաղաժամետ ազատման ինստիտուտը բավականին ինտենսիվ և շատ արդյունավետ է կիրառվել: Արդարադատության նախարարությունը, նոր կառավարությունը փոխել է իր քաղաքականությունն այս ոլորտում, և այն պատժողական, մերժողական վարքագիծն այլևս չկա, բավական հաճախ են ներկայացվում դրական եզրակացություններ՝ պայմանական վաղաժամետ ազատման համար: Մարդիկ, ովքեր դրսևորել են պատշաճ վարքագիծ, չեն դրսևորել բացասական վարքագիծ, չունեն արհամարհական վերաբերմունք հասարակության, պետության, իրավակարգի նկատմամբ, նրանց համար ներկայացվում են պայմանական վաղաժամկետ ազատ արձակման միջնորդություն, և դատարանը նրանց 1/3-ին ազատ է արձակել: Ավելին, կան քրեակատարողական հիմնարկներ, դիցուք «Աբովյան» կանանց ՔԿՀ-ն, որոնց դատապարտյալների համար ներկայացված միջնորդությունների 2/3-րդը բավարարվել է: Երևի մենք հիմա ամենաքիչ կին դատապարտյալներն ունենք:

Մենք նաև նախատեսում ենք այս ոլորտում լուրջ բարեփոխումներ իրականացնել և աստիճանաբար մեղմացնել դատապարտյալների պատիժը կրելու ռեժիմը ու դրա համար նաև չափանիշներ սահմանել, թե ինչպիսի վարքագիծ դրսևորելու պայմաններում նրանք կկարողանան աստիճանաբար իրենց ռեժիմները փոխել, ընդհուպ՝ բաց ռեժիմ: Եվ դա տարածվելու է ինչպես ցմահ դատապարտյալների նատմամբ, այնպես էլ ծանր ու առանձնապես ծանր հանցագործություն կատարածների նկատմամբ: Մինչև այժմ եղել է արգելք. նրանք, բացի խիստ ռեժիմից, այլ ռեժիմում չէին արող կրել իրենց պատիժը: Մենք հանդես ենք եկել օրենսդրական նախաձեռնությամբ, առաջիկայում Ազգային ժողովն այն կքննարկի, և, հուսով եմ, կընդունի, ու մենք կկարողնանք այս գործիքն օգտագործել՝ նրանց վարքագիծը համապատասխանեցնելու իրավաչափ քաղաքացու վարքագծին:

-Դուք նշեցիք անցումային արդարադատության մասին և այժմ էլ քննարկվում է անցումային արդարադատություն իրականացնելու հարցը: Հետաքրքրական են անցումային արդարադատության հատկապես այն մեխանիզմները, որոնք վերաբերում են պաշտոնյաների զտմանը կամ վեթթինգին, ինչպես նաև լյուստարացիային: Ի՞նչ կարծիք ունեք դրանց մասին, ինչպե՞ս պետք է  իրականացվեն: 

-Դեռևս անցումային արդարադատությունը կոնցեպցիայի մշակման փուլում է գտնվում, և այս փուլում ես կարող եմ միայն հայտարարել հետևյալը, որ այն լինելու  է Սահամանդրությանը համապատասխան, պահպանելու է մարդու բնական իրավունքները և չի հակասելու Հայաստանի միջազգայնորեն ստանձնած կոնվենցիոն պարտավորություններին: Լինելու է բացառապես այս համատեքստում, և չեն լինելու օրենքներ, որոնք հակասեն կոնվենցիաներին, Սահմանադրությանը և բնական իրավունքներին: Եթե, այնուամենայնիվ, պարունակեն այդպիսի դրույթներ, ապա Հայաստանում գործում է նաև սահմանադրական վերահսողության ինստիտուտը, և անձիք կարող են դնել և վիճարկել դրանց սահմանադրականությունը՝ միջազգային իրավունքների սկզբունքներին հակասելու հիմքով, և մենք խրախուսում ենք, որպեսզի մարդիկ շատ ակտիվ լինեն սահմանադրական դատարան դիմելու հարցում. և՛ ուղղակի քաղաքացիները, և՛ կողմերը, և՛ դատարանները: Ի վերջո, ճշմարտությունը բացահայտվում է բանավեճի մեջ, իսկ սահմանադրական դատարանում տեղի է ունենում ակադեմիական, գիտական և գործնական բանավեճ, ինչը չափազանց կարևոր է Հայաստանի իրավական համակարգի համար:

-Ձևակերպումս միգուցե իրավական չլինի, բայց պաշտոնյաներն արդյո՞ք որևէ վախենալու բան ունեն անցումային արդարադատությունից: Ի՞նչ կսպառնա նրանց այս դեպքում:

-Կարծում եմ վախենալու բան ունեն անցումային արդարադատությունից բոլոր նրանք, ովքեր անօրինականություններ են թույլ տվել, եթե կա անօրինականություն, ապա այն պետք է լուծվի:

Անցումային արդարադատության մեխանիզմներից մեկն էլ դեկապիտալիզացիան է: Ինչպե՞ս եք պատկերացնում, արդյո՞ք հնարավոր է այս փուլում Հայստանում կիրառել այս մեխանիզմը, եթե այո՝ ինչպե՞ս:

-Եթե կլինի օրենք կամ օրենքներում կլինեն փոփոխություններ, ապա դրանք կարող են դարձյալ կիրառվել Սահմանադրության, կոնվենցիաներիի դրույթների պահպանմամբ: Անմեղության կանխավարկածը գործելու է, արդար դատաքննության իրավունքի բոլոր ատրիբուտները գործելու են, և այս ամենի պահպանմամբ կարող է դա իրականացվել: Անցումային արդարադատության նպատակը լինելու է շղթայի փակումը, ավարտումն այս դարաշրջանի, որպեսզի հաջորդ իշխանությունները խնդիր չունենան նոր օղակ ավելացնելու այս շղթային: Սա հասարակությունում հաշտության նպատակ է հետապնդելու: Այն, ինչ տեղի է ունեցել և եթե ապօրինի հարստացած անձինք, ապա այդ գումարները, ապօրինի ձեռք բերված հարստությունները օրենքով սահմանված կարգով կարող են, հնարավոր է վերադարձվեն ժողովրդին, պետական բյուջե:

-Պարոն Զեյնալյան, Դուք, որպես արդարադատության նախարար, այս ժամանակահատվածում հասցրե՞լ եք կատարել այն բարեփոխումները, որոնք  պլանավորել էիք:

-Բարեփոխումներ իրականացրել եմ, անշուշտ, սակայն ժամանակը կարճ է, որպիսի իմ պլանավորած բոլոր բարեփոխումները հասցնեմ իրականացնել, և, ի վերջո, ես երբեք չեմ հասցնելու իրականացնել այն ողջ բարեփոխումները, որոնք մտածում եմ և երևակայում եմ, որովհետև դրանք շատ ու շատ առաջ են, քան իրականության մեջ կարողանում ենք դրանք ներդնել: Մշատպես մենք ունենք նոր գաղափարներ և պետք է կարողանանք հասնել դրանց, բայց դրանք անհասանելի են լինելու, որովհետև դրանք մշտապես գեներացվում են, ծնվում են: Այնպիսի բարեփոխումներից կարող եմ նշել հետևյալը, որ arlis.am իրավական, տեղեկատվական, փնտրողական համակարգում ողջ իրավական փաստաթղթերի հետ մասին հրապարակվում Եվրոպական դատարանի բոլոր վճիռները, որոնք կայացվել են Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ և դրանք փնտրման համակարգում արդեն ընդգրկված են, և որևէ իրավական բառակապացություն կամ խնդրի լուծում փնտրելուց պետական պաշտոնատար անձը, իրավակիրառողը կամ ցանկացած մեկը նաև գտնում է այդ դատական ակտերում տրված իրավական դիրքորոշումները. և, բնականաբար, կաշկանդված է այդ դիրքորոշումներով, այդ իրավունքի աղբյուրով, որպես անմիջականորեն գործող իրավունք:

Քրեակատարողական հիմնարկները բեռնաթափվել են: Չկա այլևս նախկին ծանրաբեռնվածությունը: Յուրաքանչյուր մահճակալ ունի իր բնակիչը, իր տերը և ստիպված չեն նույն մահճակալի վրա հերթով քնել: Սննդի հարցն է լուծվել: Խտրականության շատ կոպիտ դրսևորումներ են վերցավել, և այդ հիերարխիան համակարգում փլուզվում է. նպաստել ենք, միջոցներ են ձեռնարկել դա թուլացնելու ուղղությամբ: Ներսում գումարների հավաքագրումը, շրջանառությունը վերացվել է: Ես հանդես եմ եկել ամփոփիչ հաշվետվությամբ, որի տպագիր տարբերակը 55 էջ էր:

Սկզբնաղբյուրը՝https://iravaban.net/209980.html?fbclid=IwAR1ZQVEIjh8_ZvT-MnSyf28QeMO6O7aSCgV1-eFtdA7T6fe2Zec2_g4vurQ

Տեսանյութ՝https://www.youtube.com/watch?v=c4CGhpP5aNU

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն