Ինչո՞ւ է 2 տարի անց միայն եղբայրը մանկատան տնօրենին մեղադրում քրոջը վաճառելու համար

29/08/2012

Մի քանի օր է Վանաձորի մանկատան նախկին սան, 14-ամյա Հայարփին (որդեգրած ընտանիքում նա արդեն այլ անուն է կրում) լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է: Պատճառը ոչ թե այն է, որ ընտանիքում խնդիրներ կան կամ երեխան վատառողջ է, այլ եղբոր պնդումները, թե երեխային ոչ օրինական ճանապարհով են որդեգրել, մանկատունը նրան վաճառել է իրանցի ընտանիքի և նմանատիպ մեղադրանքներ: Պատմությունը վրդովված հարցեր առաջ քաշեց նաև սոցիալական ցանցերում` ինչպե՞ս է վաճառել, ինչո՞ւ են նրան որդեգրել, եթե երեխան ուներ խնամակալ (եղբայրը) և այլն:


Սակայն աղջնակի վերջին տարիների կյանքի պատմությանը ծանոթանալիս ի հայտ եկան մի շարք փաստեր (որոնք, եթե գործը հասնի որոշ ատյանների բնական է կքննվեն նաև պատկան մարմինների կողմից), որոնք վկայում են, որ պատմությունն այնպիսին չէ, ինչպես ներկայացնում է աղջնակի եղբայրը:

Panorama.am-ը զրուցեց Վանաձորի մանկատան տնօրեն Արշալույս Հարությունյանի հետ, ով նախևառաջ հիշեցրեց, որ մանկատունը որդեգրության հետ որևէ կապ չունի, դա իր գործառույթը չէ և դրանով զբաղվում է հատուկ հանրապետական հանձնաժողովը, իսկ վերջնական որոշումն էլ կայացնում է ՀՀ կառավարությունը: Մանկատունն էլ զբաղվում է միայն երեխաների խնամքով.

«Երեխան մանկատուն է ընդունվել մոր մահվան վկայականով 2008թ-ին (հայր չի ունեցել, մայրն էլ միայնակ մայր է եղել), այսինքն երեխան անմիջապես որդեգրման համար կենտրոնական հաշվառման է վերցվել: Իսկ եղբայրը, որ այս ամենի հեղինակն է և այսօր ինչ-ր հայտարարություններ է անում, նույնիսկ նրա կենսաբանական եղբայրն էլ չի` մեկ մորից են, բայց տարբեր հայրերից : Եվ նա չի եղել մանկատան սան, անգամ երեխային` Հայարփին, երբևէ այցի չի եկել»,- մեզ հետ զրույցում տեղեկացրեց տնօրենը:

Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ Հայարփին որդեգրվել է դեռևս 2 տարի առաջ, 2010թ-ին և դրանից առաջ զանգահարել է խորթ եղբորը, խոսել նրա հետ ու ասել, որ գնում է ընտանիք, սակայն մանկատան աշխատակիցների պնդմամբ` եղբայրը իրեն շատ կոպիտ է պատասխանել: Այսինքն` քրոջ որդեգրումը նորություն չէ և առավել ևս նորություն չէ հենց եղբոր համար, ով քաջատեղյակ է եղել, որ Հայարփիին որդեգրում են, աղջնակը ինքն էլ համաձայնություն է տվել, բայց չգիտես ինչու` երկու տարի անց նոր այդ պատմությունը ջրի երես է հանել.

«Ես չգիտեմ, ինչու է այս աղմուկը հիմա բարձրացել, եղբորը երևի թե հարցնենք… բայց աղջիկը իրեն լավ է զգում այդ ընտանիքում, նորմալ ապրում է և դա հաղորդումում էլ լավ երևաց: Ի վերջո, բոլոր մեղադրանքները, թե չի ուսումնասիրվել և այլն սին են` եթե կառավարությունը իր համաձայնությունը տվել է, ուրեմն բոլոր անհրաժեշտ ուսումնասիրությունները ու մնացած մեխանիզմները տեղ գտել են»:

Տնօրենի հավաստմամբ, աղջիկը մոտ տասն օր առաջ այցի է եկել իր ընկերներին մանկատուն (ընտանիքի հետ Հայաստան են ժամանել), իսկ ծնողներն էլ անգամ մտորում են Հայաստան տեղափոխվելու և այստեղ ապրելու շուրջ»,- պատմեց մեր զրուցակիցն ու ավելացրեց, որ երեխան որդեգրվել է ոչ թե պարսիկների կողմից, ինչպես պնդում է եղբայրը, այլ պարսկահայերի ընտանիք, իսկ Թեհրանում էլ նա հայկական դպրոց է հաճախում:

«Ինձ զարմացնում է այն, որ այդ տղան երկու տարի, ինչ երեխան մեզ մոտ էր, նույնիսկ չի էլ հիշել նրան, այդ ինչո՞ւ հիմա հիշեց»,- ընդգծեց նա: Այս ողջ պատմությունը, ըստ Ա.Հարությունյանի, բնականաբար իր բացասական ազդեցությունը կունենա երեխայի և այդ ընտանիքի վրա, քանի որ առանց որևէ խնդրի իրենց անունը հայտնվեց նմանատիպ աղմկահարույց պատմության էպիկենտրոնում: Բայց սեպտեմբերին իրենք նորից կժամանեն Հայաստան, կհանդիպեն եղբոր հետ, որպեսզի քննարկեն, թե երեխան հետագայում ում մոտ պետք է մնա:

Հարց է առաջանում` այդ դեպքում ինչո՞ւ է նա այդ քայլին գնացել.

«Իհարկե այդ հարցին միայն նա կարող է պատասխանել, բայց ես մի քանի կասկած ունեմ. Գուցե նա ուզում է քրոջը վերադարձնել Հայաստան ու այդպիսով գումար աշխատել ինչ-ինչ միջոցներով և դա չի բացառվում: Եվ կամ ուզում է այդ ընտանիքը դնել իրենից կախման մեջ…ամեն բան էլ սպասելի է: Թե չէ այդ ինչպես եղավ, որ երկու տարվա մեջ մի անգամ չհիշեց, չեկավ, քույրը քանի անգամ զանգել է տեղյակ է պահել իր մասին, բայց այդ տղան բացարձակ ոչ մի ռեակցիա չի տվել: Ու հանկարծ մեկ էլ հիշեց, հա՞»,- նշեց Ա.Հարությունյանը ու տեղեկացրեց նաև, որ երեխային էլ մանկատուն բերել է մորաքույրը և իրենք այն ժամանակ նույնիսկ չեն իմացել, որ գոյություն ունի խորթ եղբայր:

«Հետո եթե այդքան լավ եղբայր էր, ինչպես հիմա ցանկանում է երևալ, նա պետք է քրոջ հետ միասին հացը կիսեր, չէ՞»:

Այս պատմությունը քննարկման առարկա է դարձել նաև սոցիալական ցանցերում, որտեղ հիշատակվում է, թե Վանաձորի մանկատունը ու հատկապես նրա տնօրենը առաջին անգամ չէ, որ մեղադրվում է նմանատիպ «մութ» պատմությունների հետ առնչություն ունենալու պատճառով, բայց նրան միշտ հաջողվել է ջրից չոր դուրս գալ, քանի որ բարձրաստիճան պաշտոնյա հովանավորներ ունի: Մեր այս հարցադրմանը, թե էլ ի՞նչ պատմության մասին է խոսքը, Ա.Հարությունյանը, նախ, շտապեց հավաստիացնել.

«Ո՞նց կարող է այդպիսի բան լինել…. եթե այդպիսի բան կա խնդրեմ` թող ապացուցեն: Մանկատունը չի կարող նման բան անել, որովհետև մանկատունը որդեգրման առումով ոչ մի որոշում չի կայացնում, էնպես որ վաճառք-մաճառք…»,- անդրադառնալով կոնկրետ իր անձի հետ կապված մեղադրանքներին, թե մանկատան տնօրենը վաճառել է երեխային պարսիկներին` ասաց նա: Իսկ ինչ վերաբերում է մյուս պատմություններին էլ ավելացրեց.

«Չի եղել նման դեպք, այդ գործը ուսումնասիրվել ու կարճվել ա (2009թ-ին), որովհետև ոչ մի փաստ չի եղել: Կասկածածանք է եղել, իբր մենք` մանկատունը, վաճառքի և այլնին մասնակցել է, բայց էս նորից կրկնում եմ` նման բան չի կարող լինել, որովհետև դա մանկատան գործառույթի մեջ չի մտնում… Դե ժողովուրդ են, ամեն մեկը մի բան կարող է ասի, ենթադրի, բայց որ օրենքին տիրապետեին, կհասկանային, որ նման բան ուղղակի լինել էլ չի կարող»,- հավելեց Panorama.am-ի զրուցակիցը:

Ավարտելով նշենք, որ այսօրվա դրությամբ Վանաձորի մանկատանը խնամվում է 87 սան, որից 16-ը որդեգրման ենթակա են:

Աղբյուր` Panorama.am