Դեպի վեր

Միասնական պրակտիկայի ձևավորման դասընթացներ՝ նոտարների համար. ՓԱՍՏԻՆՖՈ

15/10/2012

«Աջակցություն արդարադատության մատչելիությանը» ծրագրի շրջանակներում, որը  ֆինանսավորվում է ԵՄ-ի և ԵԽ-ի կողմից, և իրականացվում է ԵԽ-ի կողմից, հոկտեմբերի 6-ից իրականացվում են նոտարների վերապատրաստման դասընթացներ:

Յուրաքանչյուր շաբաթ օր Նոտարական պալատում և Արդարադատության նախարարությունում անցկացվող դասընթացներին մասնակցում են ՀՀ բոլոր նոտարները: Դասընթացների նպատակը նոտարների պրակտիկան տեսության հետ համատեղելն ու միասնական պրակտիկա ձևավորելն է:

Այդ առումով դասընթացների կազմակերպումն արդյունավետ մոտեցում է համարում Երևանի «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Հասմիկ Հարությունյանը: Դասընթացներին մասնակցելով՝ յուրաքանչյուր նոտար հնարավորություն է ունենում վեր հանել իր գործունեության ընթացքում առաջացած դժվարությունները, դրանք քննարկել գործընկերների հետ վերջնական եզրահանգման գալ:

Ըստ Հ. Հարությունյանի՝ դասընթացի թեմաներն ընտրվում են գործնականում առաջացած հարցերը վեր հանելու, խոչընդոտները վերացնելու և միասնական պրակտիկա կիրառելու որոշումներ կայացնելու նկատառումներով: Ուստի, տեսական հարցերն ամփոփելով անդրադարձ է կատարվում այն հարցերին, որոնք ավելի շատ են հուզում նոտարներին և խոչընդոտում նրանց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս:

«Աջափնյակ» նոտարական տարածքի նոտար Ռոզա Առաքելյանի կարծիքով՝ դասընթացների անհրաժեշտությունն իրականում մեծ է: Ըստ նրա՝ օրենքը միասնական կիրառելու, միասնական աշխատելու պրակտիկա ստեղծելու խնդիր կա:

«Աշխատանքի ընթացքում օրենքը կիրառելիս երբեմն լինում են հակասություններ և օրենսդրական դաշտի, և կիրառման հետ կապված: Ընդհանուր քննարկման արդյունքում հասկանում ենք, որ պետք է ունենանք օրենքի մեկնաբանման, դրա կիրառման մեկ ձև»:

Հոկտեմբերի 13-ին Նոտարական պալատում անցկացվում էր «Ժառանգման հասկացությունը, Ժառանգման իրավահարաբերություններ» թեմայով դասընթաց:
«Աջափնյակ» տարածքի նոտար Ռոզա Առաքելյանի խոսքով՝ Ժառանգությունը Երևան քաղաքում տարիներ ի վեր ձևակերպվել է միայն «Կենտրոն» նոտարական տարածքի /ք. Երևան, Բաղրամյան 1 /մեկ/ փակուղի/ նոտարների կողմից: Երևան քաղաքի մյուս նոտարական տարածքների նոտարները տեխնիկապես հնարավորություն չեն ունեցել ժառանգության վկայագիր տրամադրել:

«2008-ից այդ հնարավորությունը տրվեց նաև տարածքների նոտարներին: Ժառանգության ձևակերպում չիրականացնող նոտարների համար մի փոքր բարդություններ առաջացան: Տարիների փորձ ունեցող նոտարներն արդեն աշխատել են և հին օրենքով, և 1998-ից գործող օրենքով: Փորձի փոխանակումը օգտակար կլինի այն նոտարների համար, ովքեր նոր են սկսել աշխատել այս ոլորտում»,- նշեց Ռ. Առաքելյանը:

Երևանի «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Հասմիկ Հարությունյանի խոսքով՝ դասընթացների ժամանակ քննարկվում են նաև որոշակի հարցեր՝ կապված էլեկտրոնային նոտարական համակարգի ներդրման հետ:

Հ. Հարությունյանի խոսքով՝ «Ներկայումս ստեղծված է էլեկտրոնային բազա ժառանգման գործերի առումով և Երևան քաղաքի նոտարները էլեկտրոնային կապի միջոցով իրականացնում են ժառանգների դիմումների մուտքագրումը: Արդեն աշխատանքներ են տարվում կտակների միասնական բազայի ստեղծման կապակցությամբ»:

Այս դասընթացները նախատեսված է անցկացնել մինչև հունվար: Հետագայում դասընթացներ կկազմակերպի նաև ՀՀ նոտարական պալատը:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն