Հ.Թովմասյան. Նոտարական գրասենյակներում կոռուպցիոն ռիսկերը նվազել են.ՊԱՆՈՐԱՄԱ

20/10/2012

Մեր հոգեբանության մեջ դեռևս նստած է, որ այս կամ այն ազգի մարդիկ լավ նոտարներ են ու հենց նրանց մոտ է պետք գնալ: Բացի այս կա նաև այլ ավանդույթ` հիմնական հերթերը գոյանում են 1 նոտարական գրասենյակում, ինչն էլ պայմանավորված է մի քանի օբյեկտիվ գործոններով: Նախ, բազմաթիվ թարգմանչական կենտրոններ տեղակայված են այդ նոտարականի հարևանությամբ և ավանդաբար մի ժամանակահատված հենց այս նոտարական գրասենյակում են կատարվել ժառանգության հետ կապված բոլոր գործարքները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` նոտարական քննությունների մեկնարկի ժամանակ.

«Թեև մի քանի տարի է ամեն ինչ փոխվել է, բայց մարդկանց մոտ դեռ այն տպավորությունն է, որ միայն այդ նոտարիատում են կոնկրետ գործարքներ կատարվում: Նույնիսկ կան դեպքեր, երբ մարդիկ հաճախում են այլ գրասենյակներ ու նախևառաջ հետաքրքրվում` իրենք և՞ս պետական նոտարիատ են, թե ոչ և արդյոք իրենց մոտ ևս կարող են գործարքներ կատարել»,- նշեց նա:

Այդ իրավիճակը նախարարը կապում է քաղաքացիների իրազեկվածության պակասի հետ և դա նախարարության խնդիրների շարքին է դասում: Խոստացավ, որ խնդիրը աստիճանաբար կլուծվի, բայց այն, շարունակեց նա, որ ունենալու ենք նաև այնպիսի գրասենյակներ, որոնք քիչ գործարքներ են կատարելու, ասենք, հեռավոր սահմանամերձ համայնքներում ևս փաստ է.

«Այս դեպքում պետք է մտածենք, թե ինչպես ենք անելու, որպեսզի նոտարական ֆոնդերից սուբսիդավորվի նրանց աշխատանքը , որովհետև հակառակ պարագայում այդ տարածքներում ուղղակի չենք ունենա գրասենյակ: Անկախ գործարքների թվաքանակից` մենք պարտավոր ենք ամենու ունենալ գրասենյակներ»,- ընդգծեց նախարար Թովմասյանը:

Ինչ վերաբերում է համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերին, Արդարադատության նախարարը մի քանի խնդիրներ նշեց, ինչպիսիք օրինակ սակագներն են, որոնք նախկինում փակցված չէին , իսկ հիմա բոլոր գրասենյակներում այդ բացը լրացված է: Գործում է նաև թեժ գիծը և, նախարարի հավաստմամբ, անցած վեց ամիսների ընթացքում որևէ բողոք, որ ավել գումար է գանձվել կամ որ գումարը գանձել են, բայց ՀԴՄ չեն տրամադրել չի ստացվել: