Գրիգոր Մանուկյան. «Առաջին անգամ աշխատող դատապարտյալների թիվը հատեց 300-ի շեմը».ՓԱՍՏԻՆՖՈ

20/10/2012

Կալանավայրերում պահվող անձանց աշխատանքով ապահովելու, նրանց ուսուցումը կազմակերպելու նպատակով 2001թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ կառավարության թիվ 888 որոշմամբ ստեղծվեց «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը: Հիմնադրամի գործունեության վերաբերյալ Pastinfo.am-ի թղթակիցը զրուցեց ՀՀ արդարադատության նախարարության «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի գլխավոր տնօրեն Գրիգոր Մանուկյանի հետ:

-Պարոն Մանուկյան, ինչպե՞ս է կազմակերպվում դատապարտյալների աշխատանքը:

-Դատապարտյալները ներգրավված են արտադրական, գյուղատնտեսական, հացաթխման աշխատանքներում: Դատապարտյալների միջոցով ենք մենք այսօր արտադրում և ամբողջ քրեակատարողական հիմնարկներին մատակարարում հաց, մակարոն, թզի ջեմ, մասամբ նաև ձավարեղեն: Դատապարտյալներին թարմ կաթնեղեն և միս մատակարարելու համար ձեռք են բերվել խոշոր եղջերավոր անասուններ: Հույս ունենք՝ հաջորդ տարի կկարողանանք նրանց ապահովել նաև պահանջվող քանակությամբ պանրով:

Այս տարի առաջին անգամ աշխատող դատապարտյալների թիվն հատեց 300-ի շեմը: 300 դատապարտյալ այսօր մեր հիմնադրամի կողմից ստանում են աշխատավարձ:

-Ինչո՞վ եք բացատրում աճը:

-Դա բացատրվում է նրանով, որ այս տարի ավելի շատ քրեակատարողական հիմնարկներ են մեզ պատվերներ ներկայացրել: «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը բյուջեից չի «սնվում»: Եկամուտները գոյանում են արտադրվող ու վաճառվող ապրանքներից: Այս տարի համեմատաբար ավելի շատ խնայողություն ենք արել, այդ պատճառով ավելի շատ աշխատատեղեր ենք ստեղծել: Դատապարտյալների զբաղվածության խնդրի լուծման ամենակարևորն նախապայմանն այն է, որ նրանք Հոգաբարձուների խորհրդի նախագահի` Արդարադատության նախարարի ուշադրության կենտրոնում են:

-Ինչպե՞ս է կազմակերպվում դատապարտյալների աշխատանքը:

-Դատապարտյալները հիմնականում աշխատում են կամավոր: Կան դատապարտյալներ, ովքեր աշխատելու ցանկություն չեն ունենում, կան և այնպիսիք, որոնց դատվածության հոդվածը թույլ չի տալիս, որպեսզի նրանց ընդգրկենք համապատասխան աշխատանքներում:

Աշխատելու ցանկություն ունեցողների հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր: Աշխատավարձի չափը սահմանվում է՝ ըստ մասնագիտական անհրաժեշտության և ծանրության: Օրինակ՝ տրիկոտաժի արտադրության մեջ աշխատողներն ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան գյուղատնտեսության կամ անասնապահության մեջ աշխատողները: Կամ՝ գորգագործ դատապարտյալների աշխատավարձն ավելի բարձր է, քան ասենք անկողնային պարագաներ կարողներինը:

Փորձում ենք դատապարտյալների աշխատավարձը հնարավորին մոտեցնել հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձին: Միաժամանակ չունենք դատապարտյալներ, ովքեր ավելի ցածր աշխատավարձ են ստանում, քան նվազագույն ամսական աշխատավարձն է: Ի դեպ, մինչև դատապարտյալն իր աշխատավարձը չի ստանում, հիմնադրամի տնօրինությունն աշխատավարձ չի ստանում:

-Ի՞նչ չափորոշիչներով և սկզբունքներով եք ընտրում, թե ո՞ր դատապարտյալը որտեղ պետք է աշխատի:

-Աշխատանքի մեջ ընդգրկելիս անպայման հաշվի ենք առնում դատապարտյալի հմտությունները: Հետաքրքրվում ենք, թե քաղաքացիական կյանքում նա ինչ աշխատանքով է զբաղվել, ըստ այդմ էլ որոշում ենք, թե որտեղ և ինչ աշխատանք կարող է անել:

-Ինչպե՞ս են ապահովվում դատապարտյալների աշխատանքային իրավունքները:

-Դատապարտյալների աշխատանքային իրավունքներն ապահովվում են քրեակատարողական հիմնարկի համապատասխան ղեկավարության, ինչպես նաև հիմնադրամի իրավաբանի և համապատասխան մասնաճյուղերի տնօրենների միջոցով: Հիմնադրամը որևէ դատապարտյալի ստիպողաբար չի աշխատեցնում: Նրանք բոլորն աշխատում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով: Դատապարտյալը նախապես ծանոթանում է աշխատանքի պայմաններին, հետո միայն ցանկության դեպքում ստորագրում պայմանագիրը և անցնում աշխատանքային պարտականությունները կատարելուն: Կան «բաց տիպի» դատապարտյալներ, որոնց աշխատավարձը կարողանում ենք տալ անձամբ իրենց, իսկ ուղղիչ-աշխատանքային գաղութում գտնվողների աշխատավարձը փոխանցվում է նրանց բանկային հաշվին:

- Քանի՞ մասնաճյուղ ունի հիմնադրամը և ի՞նչ գործունեություն են ծավալում դրանք:

-Հիմնադրամն ունի ութ մասնաճյուղ:

Ախուրյանում դատապարտյալները հիմնականում զբաղվում են հողագործությամբ: Քանի որ ՔԿՀ-ների հացի ամբողջական մատակարարումը կատարում է հիմնադրամը, այս տարի Ախուրյանի մասնաճյուղում ցանել ենք շուրջ 25 հա ցորեն: Այն ինչ-որ չափով կթեթևացնի ալյուրի ձեռքբերման խնդիրը: Հացի մատակարարումն էլ ավելի էժան կլինի:

Վանաձոր քրեակատարողական հիմնարկում, դատապարտյալների զբաղվածությունն ապահովելու համար, հենց հիմնարկի ներսում մակարոնի արտադրամաս է հիմնվել: Այնտեղ ճիշտ է, ընդամենը երեք դատապարտյալ է աշխատում, սակայն նրանք կարողանում են մակարոնով ապահովել բոլոր ՔԿՀ-ներին:

Արթիկի մասնաճյուղում դատապարտյալները զբաղվում են հացաթխմամբ:

Էրեբունիում վերանորոգվեց և վերաբացվեց բետոնե սալիկների արտադրամասը, որտեղ 5-6 դատապարտյալ է աշխատում:

Մեղրիի մասնաճյուղում եթե ամեն տարի աշխատում էր 9-10 դատապարտյալ, ապա այս տարի այգիների խնամքը բարելավելու համար նրանց թիվն ավելացրինք ևս 10-ով: Այս դատապարտյալների աշխատանքի շնորհիվ արտադրվեց շուրջ 7 տոննա թզի ջեմ, որը հանձնվեց քրեակատարողական վարչություն:

Սևանի մասնաճյուղում ևս զբաղվում են անասնապահությամբ:

«Աբովյանի» մասնաճյուղում աշխատում են 63 դատապարտյալներ, ովքեր ընդգրկված են գորգագործության, տրիկոտաժի արտադրության, գյուղատնտեսության և անասնապահության աշխատանքներում:
Դատապարտյալներն զբաղվում են նաև ստեղծագործական աշխատանքներով: Առիթից օգտվելով՝ մեր քաղաքացիներին կխնդրեի սատար կանգնել ստեղծագործող դատապարտյալներին: «Վերնիսաժում» ունենք տաղավար, որտեղ վաճառվում է դատապարտյալների ձեռքի աշխատանքը: Տաղավարի վրա այդպես էլ գրված է՝ «Դատապարտյալների ձեռքի աշխատանք»: Կոչ եմ անում մեր քաղաքացիներին գնել այդ աշխատանքները, նրանք իրենց գնած յուրաքանչյուր ապրանքով կնպաստեն դատապարտյալի համար ևս մեկ աշխատատեղի բացմանը:

-Կենսաթաշակի անցնելու գործընթացն ինչպե՞ս է կարգավորվում:

- Եթե մարդը նույնիսկ 40 հազար դրամ աշխատավարձ է ստանում՝ հիմնադրամի կողմից սոցվճար է կատարվում, որպեսզի նա հետագայում կարողանա համարվել աշխատող:

-Դատապարտյալներին աշխատանքով ապահովելու համար հիմնադրամը տեղում պատրաստո՞ւմ է կադրեր:

 -Քրեակատարողական վարչության հետ համաձայնեցն հիմնարկությունների և ուսումնական հաստատությունների միջև կնքվել են պայմանագրեր: Կան դատապարտյալներ, ովքեր ցանկանում են որևէ մասնագիտություն ձեռք բերել և իրենց պատիժը կրելուց հետո քաղաքացիական կյանքում աշխատել այդ մասնագիտությամբ: Հիմնադրամը գումարներ է տրամադրել ուսումնական հաստատություններին, որպեսզի համապատասխան մասնագետի ղեկավարությամբ դատապարտյալները ձեռք բերեն որևէ մասնագիտություն: Շուրջ 67-68 ուսանող դատապարտյալներ ունենք, ովքեր կստանան մասնագիտական կրթություն, հետագայում կկարողանան իրենց մասնագիտությամբ աշխատել նաև քաղաքացիական կյանքում:

- Աշխատանքից ազատումներ լինո՞ւմ են:

- Աշխատանքից ազատում լինում է հիվանդությունների պատճառով, երբեմն նաև արտադրամասի աշխատանքների կրճատման պատճառով կամ՝ եթե արդեն կրել են իրենց պատիժը և դուրս եկել բանտից:

- Հետաքրքիր է, երբ դատապարտյալն ազատության մեջ է հայտնվում, կապ պահպանու՞մ է ձեզ հետ:

- Լինում եմ դեպքեր, կան դատապարտյալներ, ովքեր ստանալով համապատասխան մասնագիտություն, պատիժը կրելուց հետո ցանկություն են հայտնում մնալ և աշխատել որևէ արտադրամասում:

- Հիմնադրամի արդյունավետությունն ինչպե՞ս եք գնահատում:

- Ընդհանուր գնահատմամբ հիմնադրամն այսօր իսկապես անհրաժեշտություն է դատապարտյալի, նրա հոգսերն ու կարիքները թեթևացնելու համար: Բայց հիմնադրամի գործունեությունը լիարժեք արդյունավետ կգնահատեմ այն ժամանակ, երբ կարողանանք դատապարտյալների գոնե 50 տոկոսին, 2000-2500 մարդու բավարարել աշխատանքով: Այդ ժամանակ կմտածեմ, որ կառույցում իսկապես լավ գործ է արվում:

-Հիմնադրամն առաջիկա ի՞նչ ծրագրեր ունի:

-Աշխատատեղերն ու արտադրության ծավալները հետզհետե նախատեսվում է մեծացնել: Այս պահին Արդարադատության նախարարությունը նախատեսում է Հայաստանի մասշտաբով այլ քրեակատարողական հիմնարկներում ևս, ելնելով իրենց դատապարտյալների թվից, զարգացնել մի շարք արտադրություններ: