Դեպի վեր

Կայցելեն «Նուբարաշեն» և «Վանաձոր» ՔԿՀ-ներ. Փաստինֆո

30/10/2012

Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման և Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների անդամները`  Հայաստանի ազատազրկման վայրերում կալանավորների պահման պայմանների վերաբերյալ նոյեմբերի 20-ին համատեղ կազմակերպվելիք լսումներին ընդառաջ, նախատեսում են առաջիկա շաբաթավերջին այցելել «Նուբարաշեն» և «Վանաձոր» ՔԿՀ-ներ:

Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ նրա, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ երկրորդ անգամ այցելելու առիթն այն է, որ առաջին այցից հետո եղան միջադեպեր. «մի քանի կալանավորներ հացադուլ հայտարարեցին, նաև մեկն իր մատը կտրել, խմբագրություն էր ուղարկել»: «Նաև Վանաձորից ահազանգ ստացանք, որ մեծ թվով կալանավորներ ինչ-ինչ դժգոհություններ ունեն և պատրաստվում են հացադուլի»,-ասաց նա:

Ն.Զոհրաբյանն ընդգծեց, որ չկա որևէ կալանավոր, որը չբողոքի իր հանդեպ կայացրած վճռի անարդարությունից: «Բայց մեր խնդիրն եղել է նրանց պահման պայմանների ուսումնասիրությունը և թե ինչ է հնարավոր օրենքում շտկել, որպեսզի այդ պայմանները համապատասխանեն եվրոպական ընդունված չափանիշներին և մարդու իրավունքների չափորոշիչներին»,-ասաց հանձնաժողովի նախագահը:

Լսումներին ընդառաջ պատգամավորներն ընտրել են ազատազրկման այն վայրերը, որոնք թե’ հայաստանյան տարբեր կազմակերպությունների, թե’ մարդու իրավունքների պաշտպանության հիմնահարցերով զբաղվող տարբեր կառույցների զեկույցներում նշված են որպես խնդիրներ ունեցող: Մասնավորապես, Խոշտանգումների և արժանապատվությունը նվաստացնող այլ վերաբերմունքի եվրոպական հանձնաժողովը, որը անդրադարձ էր կատարել թե «Նուբարաշեն»-ի, հատկապես նախնական կալանքի վայրում, գերբնակեցման, լուսավորության խնդիրներին, որոշակի դեպքերում`  սանիտարահիգիենիկ պայմանններին, թե` «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ին:

Սրանով պայմանավորված հոկտեմբերի կեսերին երկու հանձնաժողովների ամդամներն այցելել էին «Նուբարաշեն», իսկ նախորդ շաբաթավերջին`  «Երևան-Կենտրոն»: Վերջինում պատգամավորներն այցելել են հատկապես այն խցերը, որոնց մատնացույց էր արել եվրոպական հանձնաժողովը: «Իհարկե, շենքը բավականաչափ հին է, և ընդհանրապես պետք է դիտարկել նպատակահարմարությունը, թե արդյոք այլևս իմաստ ունի այն որպես  մեկուսարան օգտագործելը: Ցանկացած վերանորոգում կարող է ուղղակի անարդյունավետ լինել»,-նշեց նա` հավելելով, որ վերանորոգման փորձ արվել է, սակայն ինքը չի կարծում, որ դա երկարաժամկետ էֆեկտ կունենա:

«Մենք հանդիպեցինք տարբեր խցերում կալանավորված անձանց: Ես չէի ցանկանա այնտեղ որևէ մեկին առանձնացնել: Մամուլում շրջանառվեցին Վազգեն Խաչիկյանի, Քրեակատարողական վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի անունները: Իմ որոշ գործընկերներ կիսաբաց դռնից նայեցին Նաիրի Հունանյանի խուցը: Ես ինքս հրաժարվեցի, որովհետև, անկեղծ ասած, բացարձակապես ցանկություն չկար ևս մեկ անգամ այդ հրեշի դեմքը տեսնելու, այդ իսկ պատճառով անգամ հարկ չհամարեցի մոտենալ այդ խցին»,-ասաց Ն.Զոհրաբյանը:

Նա նշեց, որ ՔՀԿ-ներ այցերը մեկ նպատակ են հետապնդում. լսումներից առաջ ունենալ ամփոփ պատկերը, թե ինչն է, որ կարող է օրենսդրական փոփոխությունների առարկա դառնալ, ինչ խնդիրներ են, որ հնարավոր է լուծել` օրենքում փոփոխություն կատարելու միջոցով: «Դրա համար մենք պետք է գույքագրենք բոլոր խնդիրները, որոնք վերաբերում են բացառապես օրենսդրական դաշտին, որովհետև այնտեղ խնդիրներ կան, որոնք շատ հեշտ կարելի է լուծել օրենքով, և դա շատ պարզ խնդիր է: Օրինակ` կալանավորին օրենքով սահմանված ժամկետում հասնում է կարճաժամկետ և երկարաժամկետ տեսակցություն: Կալանավորներ կան, որոնց հարազատները գտնվում են Հայաստանի Հանրապետությունից դուրս, և ես չեմ կարծում, որ խնդիր կլինի, եթե մենք օրենքով ամրագրենք, որ հատուկ սենյակ լինի, որտեղ կալանավորը, իրեն հասանելիք կարճաժամկետ տեսակցության ժամանակահատվածում, կարողանա գոնե «սկայպ»-ով շփվել Հայաստանից դուրս բնակվող իր ընտանիքի անդամների հետ»,-ասաց հանձնաժողովի նախագահը:

Ն.Զոհրաբյանի մատուցմամբ, կան նաև ցմահ ազատազրկվածների հետ կապված խնդիրներ, և իրենք, ուսումնասիրելով արևմտաեվրոպական փորձը, կարծում են, որ այստեղ ևս պետք է որոշակի տարբերակված մոտեցում լինի: Այսինքն` մեկ բան է, երբ ցմահ ազատազրկված է մեկը, որն անմիջապես սպանություն կատարող չի եղել, և այլ բան է 8-9 մարդ սպանածը: «Սա ևս, կարծում եմ, պիտի քննարկվի: Օրինակ` ներման դիմում ներկայացնելու համար սահմանված ժամկետների հարցում տարբերակված մոտեցում ցուցաբերելը, կամ թույլ տալ որոշակի ժամանակահատվածում օգտվել համակարգչային սենյակից և ալն: Մենք կփորձենք այս խնդիրներն ևս կարգավորել օրենքով»,-վստահեցրեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն