Դեպի վեր

Հայ-ռուսական համալսարանում ներկայացվել է e-draft.am կայքը

11/04/2017

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի մասնակցությամբ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողներին այսօր ներկայացվել է ՀՀ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը՝ www.e-draft.am: Արդարադատության նախարարի տեղակալն անդրադարձել է կայքի առավելություններին, նշել, որ Էլեկտրոնային ժողովրդավարության այս նոր գործիքի ներդրմամբ օրենքները և Կառավարության որոշումները, մինչև ընդունվելը, պարտադիր կներկայացվեն հանրային քննարկման՝ դրանով իսկ բարձրացնելով հանրային վստահությունը:

Սուրեն Քրմոյանը կոչ է արել ապագա իրավաբաններին ակտիվություն ցուցաբերել իրավաստեղծ պետության ձևավորման հարցում:Հանդիպման ընթացքում ներկայացվել է կայքը ստեղծելու գաղափարը, դրա  անհրաժեշտությունն ու  այն գործնականում կիրառելու հնարավորությունները: Մասնավորապես, ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Աննա Հարությունյանը նշել է, որ կայքի օգտատերերը հնարավորություն ունեն ծանոթանալու հանրային քննարկմանը ներկայացված նախագծերին, իսկ կայքում գրանցվելու դեպքում՝ ներկայացնել նաև իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք պարտադիր կընդգրկվեն նախագծերի վերաբերյալ առաջարկությունների և դիտողությունների ամփոփաթերթում՝ ապահովելով թափանցիկությունն ու հրապարակայնությունը:                  

E-draft.am-ի միջոցով հնարավորություն է ընձեռվում նաև հանրության լայն շերտերի համար առավել հետաքրքրություն առաջացնող հարցերի հանրային քննարկում կազմակերպել՝ «Կողմ» կամ «Դեմ» քվեարկելու միջոցով, ինչպես նաև գրանցվելիս բաժանորդագրվել ըստ ոլորտների և, էլ.փոստին հաղորդագրություն ստանալով, ծանուցվել համապատասխան գերատեսչության կողմից հրապարկված իրավական ակտերի նախագծերի մասին:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն