Քննարկում՝ նվիրված սնանկության ոլորտի բարեփոխմանը
06/07/2018
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը հուլիսի 5-6-ին մասնակցել է Ծաղկաձորում տեղի ունեցած քննարկմանը՝ ««Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների լրամշակված նախագծերի վերաբերյալ:
ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կազմակերպած հանդիպմանը մասնակցել են Բարձրագույն դատական խորհրդի անդամներ, ՀՀ վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների դատավորներ, Ֆինանսների նախարարության, ՀՀ կենտրոնական բանկի, Պետական եկամուտների կոմիտեի, Բանկերի միության ներկայացուցիչներ, սնանկության գործով կառավարիչներ, այլք:
Նախարարի առաջին տեղակալը շնորհակալություն է հայտնել բոլորին մասնակցության համար և նշել, որ ներկայում դատաիրավական համակարգի այս կարևոր ոլորտում բարեփոխումներ կատարելու լուրջ հնարավորություններ կան: «Մենք պետք է անենք առավելագույնը, որպեսզի բարձրացնենք ժողովրդի վստահությունը դատական համակարգի նկատմամբ»,- նշել է Արթուր Հովհաննիսյանը և հավելել, որ սնանկության ոլորտի բարեփոխումներն ուղղված են լինելու նաև «Doing Business»-ում սնանկության վարույթներով պայմանավորված վարկանիշի բարձրացմանը: Եվս մեկ անգամ կարևորելով նման ձևաչափով հանդիպման կազմակերպումը՝ փոխնախարար Հովհաննիսյանը վստահություն է հայտնել, որ շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ քննարկումը կլինի արդյունավետ:
Հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանը ևս ողջունել է բոլորին և արդյունավետ քննարկում մաղթել հանդիպման մասնակիցներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նախագծի մի շարք դրույթներ, որոնք, մասնավորապես, վերաբերել են սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելուն, կառավարչի նշանակմանը, որակավորմանը, վերապատրաստմանը, կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության վերահսկողությանը, կարգապահական պատասխանատվությանը, գործունեության կասեցմանը, վարձատրությանը, պարտապանի ֆինանսական առողջացմանը և այլ հարցերի: