ՔԿԱԳ ծառայություններ
Ծննդի պետական գրանցման հիմքերը․
- Ծննդի պետական գրանցման հիմք են՝
1) Հայաստանի Հանրապետության տարածքի բժշկական կազմակերպությունում տեղի ունեցած կամ բժշկական կազմակերպության կամ բժշկի օգնությամբ, սակայն բժշկական կազմակերպությունից դուրս տեղի ունեցած ծննդի դեպքում` ծննդի մասին սահմանված ձևի բժշկական փաստաթուղթը.
2) օտարերկրյա պետության տարածքի բժշկական կազմակերպությունում տեղի ունեցած կամ բժշկական կազմակերպության կամ բժշկի օգնությամբ, սակայն բժշկական կազմակերպությունից դուրս տեղի ունեցած ծննդի դեպքում` ծննդի մասին բժշկական փաստաթուղթը.
3) երեխայի ծննդյան փաստը հաստատող՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը.
4) «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտը.
5) օտարերկրյա պետությունում ծնված անձի՝ Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայականը և ծնունդը հիմնավորող այլ փաստաթղթեր:
Ծննդի պետական գրանցման համար դիմումը և կից ներկայացվող փաստաթղթերը․
- Դիմումները գործակալություն են ներկայացվում տարածքային սպասարկման կենտրոնների և բժշկական հաստատությունների միջոցով:
- Հայաստանի Հանրապետության տարածքում բժշկական կազմակերպությունում տեղի ունեցած, բժշկական կազմակերպության կամ բժշկի օգնությամբ՝ բժշկական կազմակերպությունից դուրս տեղի ունեցած ծննդի դեպքում դիմողը ներկայացնում է՝
1) ծննդի մասին բժշկական փաստաթղթի քաղվածքը.
2) եթե երեխայի ծնողները ամուսնության մեջ են, ապա ծնողների ամուսնության պետական գրանցումը հավաստող փաստաթուղթը կամ ամուսնության ակտային գրանցման տվյալները.
3) երեխայի ծնողի մահվան դեպքում՝ մահվան պետական գրանցումը հավաստող փաստաթուղթը կամ մահվան ակտային գրանցման տվյալները.
4) երեխայի ծնողների ամուսնալուծության դեպքում՝ ամուսնալուծությունը հավաստող փաստաթուղթը կամ ամուսնալուծության ակտային գրանցման տվյալները.
5) երեխայի ծնողների անձը հաստատող փաստաթղթերը:
- Բժշկական հաստատությունից դուրս և առանց բժշկական օգնության տեղի ունեցած ծննդի դեպքում դիմողը ներկայացնում է նաև՝
1) երեխայի մոր անձը հաստատող փաստաթուղթը.
2) երեխայի կենսաբանական մայր հանդիսանալու ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշումը.
3) երեխայի տարիքն ու սեռը հաստատող փաստաթուղթը՝ տրված բժշկական կազմակերպության կողմից կամ երեխայի գտնվելու (բնակվելու) վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից:
- Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների միջոցով տեղի ունեցած ծննդի դեպքում ներկայացվում են նաև փոխնակ մոր հետ կնքված պայմանագիրը և ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշումը:
- Ընկեցիկ կամ լքված երեխայի ծննդի պետական գրանցման համար դիմողը նաև ներկայացնում է՝
1) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը.
2) երեխայի հայտնաբերման, ծնողի կողմից լքված լինելու վայրի, ժամանակի և հանգամանքների մասին, ընկեցիկ կամ լքված երեխայի կարգավիճակը հաստատող սոցիալական աշխատակցի տված գրությունը.
3) երեխայի տարիքն ու սեռը հաստատող փաստաթուղթը՝ տրված բժշկական կազմակերպության կողմից կամ երեխայի գտնվելու (բնակվելու) վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից:
Ծննդի պետական գրանցման կարգը․
- Ծննդի պետական գրանցումը կատարվում է դիմումը և սույն օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու նույն աշխատանքային օրը: Ծննդի մասին պետական վկայականը ուղարկվում է դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին:
- Միաժամանակ երկու կամ ավելի երեխաների ծննդյան դեպքում ծննդի պետական գրանցումը կատարվում է յուրաքանչյուր երեխայի համար առանձին:
- Ամուսնություն չգրանցած կինը (միայնակ մայր) կարող է ծննդի պետական գրանցման դիմում ներկայացնել էլեկտրոնային եղանակով e-services.moj.am հարթակում՝ նույնականացման քարտի և քարտն ընթերցող սարքի միջոցով։
Մահացած ծնված երեխայի ծննդի պետական գրանցումը․
- Մահացած ծնված երեխայի ծննդի պետական գրանցման համար հիմք է բժշկական կազմակերպության կամ բժշկի տված՝ մինչև ծնունդը (պերինատալ) մահվան մասին սահմանված ձևի փաստաթուղթը:
- Մահացած ծնված երեխայի ծննդի մասին դիմումը ներկայացնելու պարտականությունը կրում է (են)՝
1) մահացած ծնված երեխայի ծնողը (ծնողները).
2) եթե մահացած ծնված երեխայի ծնողը (ծնողները) մահվան պահից 7-օրյա ժամկետում չի (չեն) դիմում բժշկական կազմակերպություն՝ երեխայի պերինատալ մահվան մասին սահմանված ձևի փաստաթուղթն ստանալու համար, ապա այն կատարում է բժշկական կազմակերպության վարչական աշխատակազմի ներկայացուցիչը, որտեղ ընդունվել է ծնունդը, կամ որտեղ երեխան մահացել է: Նշված դեպքում մահացած ծնված երեխայի ծննդի պետական գրանցման դիմումը բժշկական կազմակերպության վարչական աշխատակազմի ներկայացուցիչը ներկայացնում է ոչ ուշ, քան երեխայի պերինատալ մահվան մասին սահմանված ձևի փաստաթուղթը հաստատելուց հետո՝ 10-րդ աշխատանքային օրը:
- Մահացած ծնված երեխայի ծննդի պետական գրանցման դիմումը ներկայացվում է ոչ ուշ, քան երեխայի պերինատալ մահվան մասին սահմանված ձևի փաստաթուղթն ստանալուց հետո՝ 14 օրվա ընթացքում: դեպքում
- Մահացած ծնված երեխայի վերաբերյալ կատարվում է ծննդի պետական գրանցում: Ծննդի մասին պետական վկայական չի գեներացվում:
- Երեխայի պերինատալ մահվան մասին սահմանված ձևի փաստաթղթում նշված երեխայի մայր հանդիսացող անձի` www.e-citizen.am պաշտոնական կայքի, ինչպես նաև դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին ուղարկվում է մահացած ծնված երեխայի ծննդի պետական գրանցման մասին տեղեկանք:
- Մահացած ծնված երեխայի մահվան պետական գրանցում չի կատարվում, ծննդի մասին պետական գրանցման մեջ նշվում է՝ «Ծնվել է մահացած»:
Ծննդի պետական գրանցում կատարում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը:
Ծննդյան վկայականը դիմումատուին տրվում է էլեկտրոնային եղանակով՝ դիմումատուի կողմից նշված էլեկտրոնային փոստի միջոցով կամ թղթային կրիչի վրա:
Պետական տուրքի դրույքաչափը
- Ծննդյան ակտային գրանցման համար պետական տուրք նախատեսված չէ: