ՔԿԱԳ ծառայություններ

Ո՞րն է ամուսնալուծության պետական գրանցման հիմքը

  1. Ամուսնալուծության պետական գրանցման հիմքերն են՝

1) ամուսինների համատեղ դիմումը՝ փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծության պետական գրանցում կատարելու համար.

2) ամուսիններից մեկի դիմումը, եթե մյուսին դատարանը ճանաչել է անհայտ բացակայող կամ անգործունակ, կամ մյուսը դատարանի դատավճռով դատապարտվել է ազատազրկման.

3) ամուսիններից մեկի դիմումը և դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը՝ դատական կարգով ամուսնալուծություն կատարելու դեպքում:

  1. Ամուսնալուծության պետական գրանցման դիմում կարող են ներկայացնել, եթե՝

1) ամուսնությունը, որը լուծվում է, գրանցվել է Հայաստանի Հանրապետության ՔԿԱԳ մարմիններում կամ Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներում.

2) ամուսնությունը, որը լուծվում է, գրանցել է օտարերկրյա պետությունը, և Հայաստանի Հանրապետությունն իրավասու է լուծելու այդ ամուսնությունը երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագրի հիման վրա:

 Ի՞նչ փաստաթղթեր են ներկայացվում  ամուսնալուծության պետական գրանցման համար

  1. Ամուսնալուծության պետական գրանցման համար ներկայացվում են՝

1) ամուսնալուծվողի (ամուսնալուծվողների) անձը հաստատող փաստաթղթերը կամ դրանց պատճենը.

2) ամուսնության պետական գրանցման վկայականը՝ առկայության դեպքում, կամ ամուսնության պետական գրանցման մասին տվյալներ՝ գրանցող մարմինը, վայրը և ժամանակը.

3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը կամ դրա քաղվածքը՝ ամուսիններից մեկին անհայտ բացակայող ճանաչելու մասին.

4) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը կամ դրա քաղվածքը՝ ամուսիններից մեկին անգործունակ ճանաչելու մասին.

5) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի պատճենը կամ դրա քաղվածքը՝ ամուսիններից մեկին ազատազրկման դատապարտելու վերաբերյալ.

6) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը՝ դատական կարգով ամուսնալուծությունը գրանցելու մասին.

7) անգործունակ անձի նկատմամբ օրինական ներկայացուցիչ նշանակվելու մասին իրավասու մարմնի որոշման պատճենը:

  1. Ամուսնալուծության պետական գրանցման դիմումը լիազորված անձի միջոցով ներկայացվելու դեպքում նաև ներկայացվում է անձի լրացրած, սույն հոդվածով սահմանված տեղեկությունները պարունակող դիմումը՝ հաստատված նոտարական կարգով:
  2. Ամուսնալուծության մասին դիմումի մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները.

1) ամուսնալուծվողներից յուրաքանչյուրի ազգանունը (մինչև ամուսնալուծությունը և ամուսնալուծվելուց հետո), անունը, հայրանունը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, իսկ ազգությունը, կրթությունը, աշխատանքի վայրը՝ դիմողի ցանկությամբ.

2) ամուսնալուծվողների անձնագրային տվյալները.

3) ամուսնության ակտային գրանցման տվյալները.

4) ամուսնալուծության պետական գրանցման ընտրված օրը.

5) ամուսնալուծության պետական գրանցման ժամկետի կրճատման ցանկության մասին:

  1. Ամուսնության պետական գրանցման ժամանակ իր ազգանունը փոխած ամուսինն իրավասու է ամուսնալուծությունից հետո պահպանելու այդ ազգանունը կամ իր ցանկությամբ ամուսնալուծության պետական գրանցումից հետո ստանալու իր մինչամուսնական ազգանունը:

 Ի՞նչ կարգով է իրականացվում ամուսնալուծության պետական գրանցումը

  1. Ամուսնալուծության պետական գրանցումը կատարվում է ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից մեկ ամիս անցնելուց հետո:
  2. Ամուսնալուծության պետական գրանցման համար ներկայացված դիմումը ուժի մեջ է վեց ամսվա ընթացքում:
  3. Ամուսինների կողմից ամուսնալուծության առանձին դիմումներ ներկայացվելու դեպքում մեկամսյա ժամկետի հաշվարկն սկսվում է ամուսնալուծության մասին երկրորդ դիմումը մուտքագրելու օրվանից:
  4. Ամուսնալուծության պետական գրանցման օրը նշանակվում է ամուսնալուծվողի (ամուսնալուծվողների համատեղ) ցանկությամբ: Ամուսնալուծության պետական գրանցման դիմումում նշված օրվա փոփոխությունը կատարվում է ամուսնալուծվողներից մեկի դիմումի հիման վրա:
  5. Ամուսնալուծության պետական գրանցում կատարելու ընթացքում ամուսնալուծվողների ներկայությունը պարտադիր չէ:
  6. Ամուսնալուծության պետական գրանցումը կատարում է գործակալությունը ամուսնալուծվող անձանց դիմումում նշված օրը, առանց դիմումի լրացուցիչ հաստատման, եթե մինչ այդ ժամկետը ամուսնացողներից մեկը գրավոր չի դիմել ամուսնալուծության պետական գրանցման օրը փոխելու կամ դիմումը վերադարձնելու պահանջով:
  7. Դիմումով ընտրված՝ ամուսնալուծության պետական գրանցման օրվա փոփոխության կամ ամուսնալուծության պետական գրանցման դիմումը վերադարձնելու պահանջը ներկայացվում է մինչև ամուսնալուծության պետական գրանցման համար նշանակված օրվան նախորդող աշխատանքային օրը՝ գործակալության պաշտոնական կայքի միջոցով կամ սպասարկման կենտրոն, կամ դիվանագիտական ծառայության մարմին:
  8. Ամուսնալուծության պետական գրանցում կատարելուց հետո էլեկտրոնային կառավարման համակարգում լուծված ամուսնության մասին պետական վկայականները չեղյալ են հայտարարվում:
  9. Օտարերկրյա պետություններում գրանցված ամուսնության լուծումը կատարվում է երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագրով սահմանված ընթացակարգով:

Ո՞ր մարմինն է կատարում ամուսնալուծության պետական գրանցումը.

Ամուսնալուծության պետական գրանցում կատարում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը։

Ո՞վ է տրամադրում ամուսնալուծության վկայականը

Ամուսնալուծության վկայականը թղթային կրիչի վրա տրամադրվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման սպասարկման կենտրոնները:

  Որքա՞ն է կազմում պետական տուրքի դրույքաչափը

  • ամուսնալուծության գրանցման համար, ներառյալ` վկայական տալու համար գանձվում է պետական տուրք՝ բազային տուրքի տասնապատիկի ՝ 10 000․00 ՀՀ դրամի չափով։

Լրացուցիչ ծառայության դիմաց գանձվող վճարի չափը՝

  • Ամուսնալուծության պետական գրանցման ժամկետի կրճատում՝ ամուսնալուծվողների ցանկությամբ նշանակված օրը՝ լրացուցիչ վճար 100.000 ՀՀ դրամ