Պատժողական քաղաքականությունից անցումը դեպի վերականգնողական արդարադատությանը Կառավարության առաջնահերթություններից է
14/09/2023
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը բացման խոսքով է հանդես եկել Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի ու Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպված ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2023-2026թթ․ ռազմավարությանը նվիրված քննարկմանը:
Լևոն Բալյանը նշել է, որ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում ռազմավարական միջոցառումները նոր չեն Հայաստանի համար, և այս ոլորտների զարգացումը մշտապես եղել է Կառավարության ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, Կառավարության ծրագրում ամրագրված քրեակատարողական ոլորտի քաղաքականության առաջնահերթությունները, ի թիվս այլնի, ներառում են՝ պատժողական քաղաքականությունից անցում դեպի վերասոցիալականացման և վերականգնողական արդարադատության, համաձայն որի՝ առանձնահատուկ նշանակություն է տրվել պատիժ կրող անձանց իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանությանը։
Լևոն Բալյանը նշել է, որ ռազմավարությամբ նախատեսված են մի շարք բարեփոխումներ, մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկներում պահպանության և անվտանգության բնագավառում ծառայության կազմակերպման նոր մոդելի պիլոտավորումը և դրան ներկայացվող պահանջները, ներդրման ընթացքը և ծառայողների թեկնածուների ընտրությունն ու դասընթացի կազմակերպումը: