Սնանկություն

Սնանկության մասին օրենսդրությունը իրավական նորմերի բարդ համակարգ է՝ կոչված կարգավորելու պարտապանի և պարտատիրոջ միջև ծագող հարաբերությունները, իսկ սնանկությունը պարտապանի անվճարունակության փաստի իրավական ամրագրումն է: Սնանկության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են 2006 թվականի դեկտեմբերի 25-ին ընդունված «Սնանկության մասին» օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով: Սնանկության գործընթացը սկսվում է ինչպես սեփական նախաձեռնությամբ՝ կամավոր սնանկության դիմումի հիման վրա, այնպես էլ պարտատիրոջ պահանջով՝ հարկադրված սնանկության դիմումի հիման վրա:  Սնանկության ոլորտի շարունակական բարեփոխումների անհրաժեշտությունը բխում է 2019 թվականի հոկտեմբերի 10-ին Կառավարության կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» թիվ 1441-Լ որոշումից: Որոշման երրորդ հավելվածի տասնչորսերորդ կետով որպես առանձին ռազմավարական նպատակ առանձնացվել է «Սնանկության համակարգի արդյունավետության բարձրացումը», իսկ դրա շրջանակում՝ մի շարք կարևորագույն ռազմավարական գործողություններ և ուղղություններ ոլորտի հետագա բարեփոխումների և կատարելագործման համար: