Ի՞նչ է տեղեկատվության ազատությունը
ՀՀ սահմանադրության 51-րդ հոդվածը ամրագրում է յուրաքանչյուրի տեղեկություններ ստանալու իրավունքը:
Տեղեկատվության ազատությունը տեղեկությունն օրենսդրությամբ սահմանված կարգով փնտրելու և դա տեղեկատվություն տնօրինողից ստանալու իրավունքի իրականացումն է:
Ի՞նչ տեղեկատվություն է տնօրինում ՀՀ արդարադատության նախարարությունը
ՀՀ արդարադատության նախարարությունը տնօրինում է.
• նախարարության ընդհանուր գործունեությանը վերաբերվող տեղեկությունները, որոնք մասնավորապես վերաբերվում են իրավական ակտերի նախագծերին, համապատասխան ոլորտի վերաբերյալ քաղաքականության մշակմանը, ֆինանսական գործունեությանը, ինչպես նաև կատարողական վարույթի արդյունքում ձեռք բերված տեղեկություններին, դատապարտյալներին և կալանավորվածների վերաբերյալ տեղեկություններին և այլն.
• գերատեսչական նորմատիվ-իրավական ակտերի գրանցամատյանում պահվող տեղեկությունները.
• իրավաբանական անձանց պետական ռեգիստրի միասնական գրանցամատյաններում պահվող տեղեկությունները.
• քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումների վերաբերյալ տեղեկությունները:
Որո՞նք են տեղեկատվության ազատության իրավունքի սկզբունքները
Տեղեկատվության ազատության ապահովման հիմնական սկզբունքներն են՝
1. տեղեկությունները գրանցելու, դասակարգելու և պահպանելու միասնական կարգի սահմանումը, ինչի կատարումը վերապահված է տեղեկատվություն տնօրինողին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
2. տեղեկություններ փնտրելու և ստանալու ազատության պաշտպանությունը: Այս սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը: Ընդ որում, օտարերկրյա անձինք տեղեկատվության ազատության իրավունքից կարող են օգտվել միայն օրենքով և (կամ) միջազգային պայմանագրով սահմանված դեպքերում.
3. տեղեկություններ տրամադրելու մատչելիության ապահովումը: Տեղեկատվություն տնօրինողն օրենսդրությամբ սահմանված կարգով մշակում և հրապարակում է իր կողմից տեղեկություն տալու կարգը, որը հրապարակվում է վերջինիս պաշտոնական կայքում, իսկ նման հնարավրության բացակայության դեպքում՝ դրանք փակցնում է իր գտնվելու վայրում՝ բոլորի համար տեսանելի տեղում։
4. հրապարակայնությունը։ Տեղեկատվություն տնօրինողը տարին առնվազն մեկ անգամ հրապարակում է իր գործունեությանն առնչվող հետևյալ տեղեկությունները և դրանցում կատարված փոփոխությունները.
• հանրության համար իրականացվող (իրականացման ենթակա) աշխատանքները և ծառայությունները. • բյուջեն.
• գրավոր հարցումների ձևերը և դրանք լրացնելու վերաբերյալ խորհրդատվական ցուցումները.
• հաստիքացուցակները, ինչպես նաև պաշտոնատար անձանց անունները, ազգանունները, կրթությունը, մասնագիտությունը, պաշտոնը, աշխատանքի վայրի հեռախոսային համարները, էլեկտրոնային փոստի հասցեները.
• աշխատանքի ընդունման կարգը և թափուր աշխատատեղերը.
• շրջակա միջավայրի վրա ներգործությունը.
• հասարակական միջոցառումների ծրագրերը.
• քաղաքացիների ընդունելության կարգը, օրը, ժամը և վայրը.
• աշխատանքների և ծառայությունների բնագավառում գնագոյացման կարգը, գները (սակագները).
• տնօրինվող տեղեկությունների ցանկը և դրանց տնօրինման կարգը.
• ստացված հարցումների վերաբերյալ վիճակագրական և ամփոփ տվյալները, այդ թվում՝ մերժման հիմքերը.
• տեղեկությունների մշակման կամ ստացման աղբյուրները.
• տեղեկությունները պարզաբանելու իրավասություն ունեցող անձի տվյալները:
Ո՞րն է սահմանափակ տեղեկությունը
Սահմանափակ է համարվում այն տեղեկությունը, որը ստանալու համար կարող է դիմել միայն այն անձը (կամ սահմանված կարգով լիազորված անձը), որին վերաբերելի է տվյալ տեղեկությունը: Օրինակ՝ որպես սահմանափակ տեղեկատվություն է համարվում ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ մարմինների կողմից քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումների վերաբերյալ տեղեկությունները:
Մյուս բոլոր դեպքերում տեղեկություները համարվում են հանրամատչելի և կարող են տրվել յուրաքանչյուր հայցողի՝ սահմանված կարգով դիմելու դեպքում:
Ի՞նչ կարգով է իրականացվում տեղեկատվության տրամադրումը
Տեղեկությունները տրամադրվում են հարցման միջոցով՝ տեղեկատվություն տնօրինողին ուղղված գրավոր կամ բանավոր դիմումի հիման վրա: Տեղեկատվության ստանալու հարցում կարող են ներկայացնել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք:
Բանավոր հարցմամբ դիմողը պարտավոր է նախապես հայտնել իր անունը և ազգանունը։ Բանավոր հարցման պատասխանը տրվում է, եթե՝
- պահանջվող տեղեկության տրամադրումը կարող է կանխել պետական, հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանն սպառնացող վտանգը.
- անհրաժեշտ է ճշտել տվյալ տեղեկատվությունը տնօրինողի մոտ համապատասխան տեղեկության առկայության փաստը.
- անհրաժեշտ է պարզաբանել տվյալ տեղեկատվությունը տնօրինողի կողմից գրավոր հարցումների քննարկման կարգը։
Գրավոր հարցման մեջ նշվում է դիմողի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության գտնվելու վայրը: Գրավոր հարցումը պետք է ստորագրված լինի (իրավաբանական անձի դեպքում՝ դրա անվանումը, գտնվելու վայրը)։ Գրավոր հարցմանը պատասխան չի տրվում, եթե՝
- դա չի պարունակում դիմողի վերաբերյալ պահանջվող տվյալները.
- պարզվում է, որ դրա հեղինակի ինքնությանը վերաբերող տվյալները կեղծ են.
- դա նույն անձի կողմից նույն տեղեկությունն ստանալու պահանջով վերջին 6 ամսվա ընթացքում ներկայացված երկրորդ դիմումն է, բացառությամբ այն դեպքի, երբ տրամադրվել է ոչ հավաստի կամ ոչ լրիվ տվյալներ պարունակող տեղեկություն։
Ընդ որում, գրավոր հարցումը կարող է կատարվել առցանց՝ ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնականկայքէջում, կամ հարցման ձևաթղթից օգտվելու միջոցով: Տեղեկատվության հարցման օրինակելի ձև:
Կատարվո՞ւմ է արդյոք գանձում տեղեկատվության տրամադրման համար
Տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Տեղեկության տրամադրման համար գանձում չի կատարվում հետևյալ դեպքերում.
• բանավոր հարցումներին պատասխանելիս.
• մինչև 10 էջ տպագրված կամ պատճենահանված տեղեկություն տրամադրելիս.
• տեղեկությունն էլեկտրոնային փոստով (ինտերնետային ցանցով) տրամադրելիս.
• տեղեկությունների տրամադրման մասին գրավոր հարցումներին պատասխանելիս, որոնց հրապարակումը կարող է կանխել պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանը սպառնացող վտանգը.
• եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը.
• եթե տեղեկատվություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությունը, կամ դրա տրամադրումն իր լիազորությունների շրջանակից դուրս է, ապա նա տվյալ գրավոր հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել դիմողին, իսկ հնարավորության դեպքում նրան տրամադրել նաև այդ տեղեկատվությունը տնօրինողի (այդ թվում՝ արխիվի) գտնվելու վայրը, որն ունի փնտրվող տեղեկությունը:
• տեղեկության տրամադրումը մերժելիս։
Ընդ որում, իրավաբանական անձանց պետական միասնական և պետական գրանցամատյաններից մեկ սուբյեկտի վերաբերյալ պետական ռեգիստրում պահվող և ինտերնետային կայքում տեղադրված ամբողջական տեղեկությունների տրամադրման համար գանձվում է պետական տուրք՝ 3000 (երեք հազար) ՀՀ դրամ գումարի չափով:
ՀՀ արդարադատության նախարարության կայքում հրապարակված տեղեկությունների պարզաբանման համար կարող եք դիմել Նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-մամուլի քարտուղար Մարիամ Մելքումյանին /տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու պաշտոնատար անձ/:
Հեռ.`(010) 59 40 60, Էլ. փոստ` info@mօյ.am
ՏԱ մասին ՀՀ օրենք, 7-ՐԴ հոդված՝ տեղեկությունների մատչելիության և հրապարակայնության ապահովումը
1.<<Տեղեկատվության ազատության մասին>> ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին մասի (հանրության համար իրականացվող (իրականացման ենթակա) աշխատանքները և ծառայությունները) պահանջի վերաբերյալ
2.<<Տեղեկատվության ազատության մասին>> ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի ( բյուջե ) պահանջի վերաբերյալ
3.<<Տեղեկատվության ազատության մասին>> ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի (գրավոր հարցումների ձևերը և դրանք լրացնելու վերաբերյալ խորհրդատվական ցուցումները) պահանջի վերաբերյալ
5.<<Տեղեկատվության ազատության մասին>> ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի (աշխատանքի ընդունման կարգը և թափուր աշխատատեղերը) պահանջի վերաբերյալ
6.<<Տեղեկատվության ազատության մասին>> ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետի (շրջակա միջավայրի վրա ներգործությունը) պահանջի վերաբերյալ
7.<<Տեղեկատվության ազատության մասին>> ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետի (հասարակական միջոցառումների ծրագրերը) պահանջի վերաբերյալ
9.<<Տեղեկատվության ազատության մասին>> ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 9-րդ կետի (աշխատանքների և ծառայությունների բնագավառում գնագոյացման կարգը, գները (սակագները)) պահանջի վերաբերյալ
10.<<Տեղեկատվության ազատության մասին>> ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 10-րդ կետի (տնօրինվող տեղեկությունների ցանկը և դրանց տնօրինման կարգը) պահանջի վերաբերյալ
11.<<Տեղեկատվության ազատության մասին>> ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 11-րդ կետի (ստացված հարցումների վերաբերյալ վիճակագրական և ամփոփ տվյալները, այդ թվում՝ մերժման հիմքերը.) պահանջի վերաբերյալ
12.<<Տեղեկատվության ազատության մասին>> ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 11-րդ կետի (սույն մասում սահմանված տեղեկությունները պարզաբանելու իրավասություն ունեցող անձի տվյալները) պահանջի վերաբերյալ