«Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961 թվականի հոկտեմբերի 5-ի Հաագայի կոնվենցիա
Փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու համար դիմում ներկայացնելու եղանակներ
Դիմումներն ընդունվում են առձեռն (փաստաթղթային) և առցանց տարբերակով:
-
Փաստաթղթային դիմումներն ընդունվում են Արդարադատության նախարարության ընդունարանում՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8 հասցեով: Դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել
- դիմողի անձը հաստատող փաստաթուղթը,
- ապոստիլով վավերացման ենթակա պաշտոնական փաստաթղթի բնօրինակը,
- պետական տուրքի վճարման անդորրագիրը:
Այլ անձի պատկանող պաշտոնական փաստաթուղթը երրորդ անձանց կողմից ապոստիլով վավերացնելու նպատակով դիմում ներկայացնելիս լիազորագիր չի պահանջվում:
-
Առցանց դիմումները ներկայացվում են e-services.moj.am հարթակի միջոցով:
Արդարադատության նախարարության (info@moj.am, secretariat@justice.am և այլն) կամ դրա որևէ ստորաբաժանման կամ պաշտոնատար անձի էլեկտրոնային փոստի հասցեներով, e-request.am և այլ կայքերի միջոցով ուղարկված պաշտոնական փաստաթղթերն ապոստիլով վավերացման ենթակա չեն (դիմումներ չեն ընդունվում):
Ներկա պահին առցանց դիմելու հնարավորությունն ընձեռնված է միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցումների էլեկտրոնային վկայականներն ապոստիլով վավերացնելու համար: Ապոստիլով վավերացման ենթակա բոլոր այլ տեսակի փաստաթղթերն ապոստիլով վավերացնելու դիմումներն ընդունվում են դիմողից՝ առձեռն:
Քաղաքացիական կացության ակտերի վկայականները, որոնք հաստատված են թանաքային կնիքով, հաստատված են ձեռագիր ստորագրությամբ, չունեն հսկիչ համար և QR կոդ, այդ թվում՝ խորհրդային նմուշի վկայականները, ապոստիլով վավերացնելու համար դիմումների առցանց ընդունումը հնարավոր չէ:
Առցանց դիմելու դեպքում դիմողի անձը հաստատող փաստաթուղթը վերջինիս կողմից կցվում է դիմումին, պետական տուրքի վճարումը կատարվում է առցանց, իսկ ապոստիլով վավերացվող էլեկտրոնային վկայականն ինքնաշխատ կերպով ներբեռնվում է էլեկտրոնային համակարգ դիմողի կողմից փաստաթղթի համապատասխան 16 նիշանոց հսկիչ համարը մուտքագրելու դեպքում:
Առցանց դիմում լրացնելիս անհրաժեշտ է հավաստիանալ, որ ներբեռնվել է այն փաստաթուղթը, որը դիմողը ցանկացել է ապոստիլով վավերացնել:
Դիմողի կողմից էլեկտրոնային փաստաթղթի հսկիչ համարի սխալ լրացման հետևանքով, որի արդյունքում վավերացվում է մեկ այլ փաստաթուղթ, Արդարադատության նախարարությունը պատասխանատվություն չի կրում: Նման պարագայում ծառայությունը համարվում է մատուցված և վճարված գումարը վերադարձման ենթակա չէ, իսկ պաշտոնական այն փաստաթղթի ապոստիլով վավերացումը, որը չի իրականացվել դիմողի կողմից հսկիչ համարը սխալ լրացված լինելու պատճառով, ապահովվում է դիմողի կողմից ներկայացված նոր դիմումի հիման վրա՝ պետական տուրքի նոր վճարմամբ:
-
Պաշտոնական փաստաթղթերն ապոստիլով վավերացնելու դիմումներն ընդունվում են և պատասխանները փոխանցվում են «Հայ փոստ» ՓԲԸ օպերատորի միջոցով: Օպերատորի միջոցով դիմում ներկայացնելիս վերջինիս տրամադրվում են դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, ապոստիլով վավերացման ենթակա փաստաթղթի բնօրինանկը, պետական տուրքի վճարման անդորրագիրը:
Ընդհանուր տեղեկություն
Ապոստիլ՝ «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961 թվականի հոկտեմբերի 5-ի Հաագայի կոնվենցիա (այսուհետ՝ Կոնվենցիա) 3-րդ հոդվածով նախատեսված թղթային կամ էլեկտրոնային հավաստագիր, որը հավաստում է պաշտոնական փաստաթուղթն ստորագրող անձի պաշտոնեական դիրքի, նրա ստորագրության, փաստաթղթի վրա դրված կնիքի կամ դրոշմակնիքի իսկությունը։
Ապոստիլով վավերացվում են պաշտոնական այն փաստաթղթեը, որոնք ուղարկվում են Կոնվենցիայի անդամ երկրներ (ցանկը հասանելի է այստեղ):
Օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից կազմած և տված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետությունում ապոստիլով վավերացման ենթակա չեն:
Կոնվենցիայի անդամ պետությունների իրավասու մարմինների՝ տվյալ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով և իրենց լիազորությունների շրջանակներում տրված փաստաթղթերը, որոնք վավերացված են ապոստիլով, Հայաստանի Հանրապետության տարածքում համարվում են վավեր առանց հյուպատոսական վավերացման կամ այլ լրացուցիչ օրինականացման:
Վերը նշված փաստաթղթերի ապոստիլով վավերացված լինելը պարտադիր է, եթե Հայաստանի Հանրապետության օրենքով այլ բան նախատեսված չէ, կամ Հայաստանի Հանրապետության միջազգային այլ պայմանագրերով վերացվել, պարզեցվել է օրինականացման ընթացակարգը, կամ փաստաթուղթն ազատվել է օրինականացումից:
Ապոստիլով չեն վավերացվում պաշտոնական այն փաստաթղթերը, որոնք ուղարկվում են «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993 թվականի հունվարի 22-ի Մինսկի կոնվենցիային միացած՝ ԱՊՀ անդամ երկրներ, ինչպես նաև Բուլղարիա, Լիտվայի և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված մի շարք այլ երկրներ:
Եթե պետությունը, որտեղ ներկայացվելու է փաստաթուղթը չի անդամակցում Հաագայի կոնվենցիային, ապա փաստաթղթերի օրինականացումը (լեգալիզացիա) կատարվում է հյուպատոսական վավերացման եղանակով:
Էլեկտրոնային ապոստիլ
2021 թվականի ապրիլի 26-ին Արդարադատության նախարարությունը մեկնարկել է երկլեզու (հայերեն-անգլերեն) էլեկտրոնային ապոստիլի շրջանառությունը: Հայաստանի Հանրապետությունում ապոստիլը ֆրանսերեն, գերմաներեն, ուսերեն կամ այլ լեզուներով չի տրամադրվում:
2021 թվականի ապրիլի 26-ից ՀՀ պաշտոնական փաստաթղթերն Արդարադատության նախարարության կողմից վավերացվում են բացառապես էլեկտրոնային ապոստիլով:
Մինչև 2021 թվականի ապրիլի 26-ը ՀՀ պաշտոնական փաստաթղթերն Արդարադատության նախարարության կողմից հաստատվում էին թղթային ապոստիլով, որն ամրացվում էր փաստաթղթի բնօրինակին, հաստատվում էր Արդարադատության նախարարության կնիքով և ստորագրվում Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետի կողմից:
Էլեկտրոնային ապոստիլի շրջանառության փաստով չի սահմանափակվում մինչև 2021 թվականի ապրիլի 26-ը ՀՀ պաշտոնական փաստաթղթերը թղթային ձևանմուշով վավերացված Ապոստիլի ապացուցողական ուժը:
Էլեկտրոնային ապոստիլը չի ամրացվում վավերացվող բնօրինակ պաշտոնական փաստաթղթին: Այն ուղարկվում է քաղաքացու էլեկտրոնային փոստի հասցեին, որը հնարավոր է տպագրել ցանկացած տեսակի տպիչ սարքի միջոցով, այդ թվում՝ գունավոր կամ սև-սպիտակ, օգտագործելու ցանկացած տեսակի թղթային կրիչ, և ներկայացնել՝ ըստ պահանջի: Դիմողի ցանկությամբ տպագրված էլեկտրոնային ապոստիլը տրամադրվում է նաև Արդարադատության նախարարության կողմից:
Ի գիտություն: Քաղաքացիները, որոնք պաշտոնական փաստաթղթերն ապոստիլով վավերացնելու համար ՀՀ արդարադատության նախարարություն դիմելու փոխարեն դիմում են թարգմանչական և այլ գրասենյակներ (միջնորդավարված), պետք է վերջիններիս տրամադրեն էլեկտրոնային փոստի հասցե՝ այդ հասցեին ապոստիլը ստանալու նպատակով:
Էլեկտրոնային ապոստիլի 9-րդ բաժնում զետեղվում է Արդարադատության նախարարության՝ պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու գործառույթի ապահովման համար պատասխանատու ստորաբաժանման՝ ՔԿԱԳ գործակալության (PDF ֆորմատ) կնիքը, իսկ 10-րդ բաժնում՝ ՔԿԱԳ գործակալության ղեկավարի կամ պատասխանատու աշխատակցի նույն ձևաչափի ստորագրությունը:
Էլեկտրոնային ապոստիլի իսկությունը հնարավոր է ստուգել այցելելով www.e-verify.am կայք և մուտքագրել ապոստիլի վրա նշված հսկիչ համարը կամ արագ արձագանքման ծածկագիրը՝ QR կոդը:
Ապոստիլի իսկության ստուգման ժամանակ արտացոլվում է ապոստիլով վավերացված պաշտոնական փաստաթղթի ՓիԴիԷֆ ֆորմատը և էլեկտրոնային ապոստիլը:
Էլեկտրոնային ապոստիլի ձևաթղթի ստորին հատվածում նշվում է ապոստիլով վավերացվող պաշտոնական փաստաթղթի էջերի ամբողջական քանակը: Ծավալուն պաշտոնական փաստաթղթերի իսկությունը ստուգելիս արտացոլվում է փաստաթղթի մինչև 6 էջը:
Ապոստիլով վավերացման ժամկետները
Պաշտոնական փաստաթուղթն ապոստիլով վավերացվում է դիմումը Արդարադատության նախարարություն մուտքագրվելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում:
Ապոստիլով վավերացնելու համար առձեռն տրամադրված պաշտոնական փաստաթղթերի բնօրինակներն ապոստիլի վավերացմամբ նույն եղանակով վերադարձվում են դիմողին դիմումը տալու հաջորդ աշխատանքային օրը ժամը 16.00-18.00-ը: «Հայփոստ» ՓԲԸ օպերատորի կողմից փոխանցված փաստաթղթի բնօրինակը և ապոստիլը վերադարձվում են նշված օպերատորի կողմից մատուցվող փոստային ծառայության միջոցով:
Ապոստիլով վավերացնելու ժամկետը կարող է երկարաձգվել, եթե Արդարադատության նախարարությունը (էլեկտրոնային միասնական շտեմարան) չի տիրապետում համապատասխան պաշտոնատար անձի, նրա պաշտոնեական դիրքի, պաշտոնավարման ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկություններին, ինպես նաև ստորագրության, կնիքի նմուշներին: Փաստաթուղթն ապոստիլով վավերացվում է անհրաժեշտ տեղեկությունները հավաքագրելուց հետո:
«Հայփոստ» ՓԲԸ օպերատորի կողմից դիմումի ներկայացման կամ վերջինիս պատասխանն ուղարկելու ժամկետը չի հաշվարկվում պաշտոնական փաստաթղթերն ապոստիլով վավերացնելու ժամկետում:
Վերը նշված ժամկետների հաշվարկմամբ և եղանակներով տրամադրվում են նաև պաշտոնական փաստաթղթի վավերացումը մերժելու վերաբերյալ պատասխանները:
Պետական տուրք
Պաշտոնական փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու համար նախատեսված է պետական տուրք 7 հազար ՀՀ դրամ չափով (բազային տուրքի յոթնապատիկի չափով), որը վճարվում է ՀՀ պետբյուջեի 900005163523 հաշվեհամարին՝ ցանկացած բանկի կամ Արդարադատության նախարարությունում տեղադրված վճարային տերմինալների, Pos-տերմինալների միջոցով։
Ապոստիլով վավերացման ենթակա չեն՝
1) դիվանագիտական կամ հյուպատոսական գործակալների տված փաստաթղթերը.
2) առևտրային կամ մաքսային գործունեության հետ ուղղակիորեն կապված վարչական փաստաթղթերը:
Ապոստիլով վավերացման ենթակա փաստաթղթերի ցանկը սպառիչ է: Այն փաստաթղթերը, որոնք ներառված չեն սահմանված ցանկում ապոստիլով վավերացման ենթակա չեն:
Ապոստիլով վավերացման ենթակա փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ
Ապոստիլով վավերացնելու դիմումը մերժելու հիմքեր
Պաշտոնական փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու դիմումը մերժվում է, եթե`
1) փաստաթուղթը պատրաստել կամ հաստատել կամ կնքել է դրա լիազորությունը չունեցող անձը կամ մարմինը.
2) փաստաթուղթը չի համապատասխանում տվյալ փաստաթղթի համար սահմանված ձևաչափին.
3) փաստաթուղթն ապոստիլով վավերացման ենթակա չէ.
4) փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու մասին դիմումը ներկայացվել է սույն օրենքի և փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու գործընթացը կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված ընթացակարգի խախտմամբ.
5) անընթեռնելի են փաստաթուղթն ստորագրող անձի պաշտոնեական դիրքի մասին տվյալները, վերջինիս ստորագրությունը, փաստաթուղթը հաստատող կնիքը կամ դրոշմակնիքը.
6) փաստաթուղթը վնասված է, պահպանված չէ փաստաթղթի ամբողջականությունը, փաստաթղթի վրա առկա են անթույլատրելի գրառումներ.
7) չեն ներկայացվել փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու համար օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը, սույն օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված պետական տուրքի վճարման հավաստումը.
8) փաստաթուղթը ներկայացվելու է Կոնվենցիային չանդամակցող երկիր.
9) փաստաթուղթն ակնհայտ կեղծ է:
Ապոստիլով վավերացնելու համար ներկայացված իսկությանը չհամապատասխանող, կեղծ փաստաթղթեր հայտնաբերելու մասին տեղեկացվում է ՆԳՆ Ոստիկանությունը: Այդպիսի փաստաթղթերը դիմողին չեն վերադարձվում՝ նշելով պատճառների մասին:
Հաճախ տրվող հարցեր
Ո՞ր ժամերին են ընդունվում դիմումները
Դիմումները ընդունվում են աշխատանքային ժամերին և աշխատանքային օրվա ընթացքում: Դիմողները սպասարկվում են ըստ հերթականության՝ Արդարադատության նախարարության ընդունարանում տեղադրված հերթագրման սարքավորման միջոցով հերթագրման համարի: Առաջարկվում է մոտենալ մինչև ժամը 17:30: Աշխատանքաին ժամի ավարտին՝ 18:00-ին սպասարկումը դադարեցվում է անկախ ընդունարանում հերթագրված դիմողների առկայության: Ընդմիջման ժամերին (13:00-14:00) սպասարկումն ապահովվում է աշխատակիցների կողմից հերթափոխով:
Ապահովում է արդյո՞ք Արդարադատության նախարության կողմից փաստաթղթերի թարգմանություն
Արդարադատության նախարարության կողմից թարգմանչական գործունեություն չի իրականացվում: Փաստաթղթի թարգմանությունը ապոստիլով վավերացնելու անհրաժեշտության դեպքում դիմողի կողմից Արդարադատության նախարարություն է ներկայացվում նոտարական հաստատումով նախապես թարգմանված փաստաթուղթ բնօրինակը: Թարգմանությունը կարող է հաստատվել ՀՀ տարածքում գործող ցանկացած նոտարի կողմից: Առանց նոտարական հաստատման թարգմանություններն ապոստիլով վավերացման ենթակա չեն:
Վավերացվում են արդյո՞ք Արցախի իրավասու մարմինների կողմից տրված փաստաթղթերը
Արդարադատության նախարարության կողմից ապոստիլով վավերացվում են միայն ՀՀ տարածքում ստեղծված և տրամադրված պաշտոնական փաստաթղթերը:
Առկա են արդյո՞ք պետական տուրքի վճարման արտոնություններ
Ապոստիլով վավերացման պետական տուրքի վճարման արտոնություններ նախատեսված չեն: Համապատասխան 7 000 ՀՀ դրամ գումարը ենթակա է պարտադիր վճարման:
Որքա՞ն է ապոստիլի վավերականության ժամկետը
Ապոստիլն անժամկետ է: Այն ուժի մեջ է այնքան, որքան վավերական է ապոստիլով վավերացված պաշտոնական փաստաթուղթը: Նշվածը չի նշանակում, որ օտարերկրյա պետության իրավասու մարմինները, որոնց պետք է տրամադրվի ապոստիլով վավերացված փաստաթուղթը, իրավասու չեն պահանջելու ներկայացնել նոր թվագրված ամսաթվով փաստաթուղթ:
Վավերացվում են արդյո՞ք խորհրդային ժամանակաշրջանում տրված փաստաթղթերը
Արդարադատության նախարարության կողմից վավերացվում են միայն Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության իրավասու մարմինների կողմից տրված պաշտոնական փաստաթղթերը: Խորհրդային 14 այլ Հանրապետությունների կողմից տրամադրված փաստաթղթերը ապոստիլով վավերացման ենթակա չեն:
Հնարավոր է արդյո՞ք ապոստիլով վավերացնել փաստաթղթի պատճենը (սքանը, լուսանկարը)
Ապոստիլով վավերացվում են միայն պաշտոնական փաստաթղթերի բնօրինակները: Հետևաբար Արդարադատության նախարարություն դիմելիս պետք է ներկայացվի փաստաթղթի բնօրինակը: Փաստաթղթերի պատճենները, սքանավորված, լուսանկարված կամ այլ տարբերակով արտատպված փաստաթղթերն ապոստիլով վավերացման ենթակա չեն:
Հաստատվում է արդյո՞ք էլեկտրոնային ապոստիլը թանաքային կնիքով կամ ձեռագիր ստորագրությամբ
Էլեկտրոնային ապոստիլը չի հաստատվում թանաքային կնիքով և/կամ ձեռագիր ստորագրությամբ: Այդ թվում՝ էլեկտրոնային ապոստիլը նաև կրկնակի չի հաստատվում որևէ կնիքով կամ ստորագրությամբ:
Հնարավոր է արդյո՞ք նախկինում ապոստիլով վավերացված փաստաթուղթը վավերացնել էլեկտրոնային ապոստիլով
Նախկինում թղթային ապոստիլով վավերացված պաշտոնական փաստաթուղթը հնարավոր է վավերացնել էլեկտրոնային ապոստիլով, եթե բացակայում են ապոստիլով վավերացումը մերժելու հիմքերը:
Պաշտոնական փաստաթուղթը նախկինում ապոստիլով վավերացված լինելու փաստը դեռևս չի երաշխավորում, որ այն կվավերացվի էլեկտրոնային ապոստիլով:
Պարունակում է արդյո՞ք ապոստիլը դիմողի անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություններ
Ապոստիլի ձևաթղթում չեն նշվում դիմողի անձնական տվյալները: